համար։ Այստեղից ինքըստինքյան ծագում է մի հարց, արդյոք ի՞նչ հարկ կար այս աստիճան խիստ գաղտնիք պահել, եթե խանի և մելիքի հարաբերությունները բարեկամական լինեին։
— Մեզ խաբելու համար, — պատասխանեց իշխան Շահումյանը։ — Մելիք Ֆրանգյուլին լավ հայտնի է, որ մենք այն միամիտներից չենք, որ իսկույն նրա խոստմունքները զուտ ճշմարտության տեղ ընդունենք։ Նա գիտե, որ մենք կքննենք գործը իր ամենամանրամասն պարագաներով։ Եվ դրա համար բոլոր պարագաները հարմարացրել է իր խաբեությունը քողարկելու համար։
— Բայց ինձ զարմացնում է մի բան, — ավելացրեց իշխան Շահումյանը․ — մելիքը մեզ գրում է, որ փոխանակ նամակ ուղարկելու, շատ կցանկանար ինքը անձամբ իր մարդիկների հետ դիմել մեր բանակը, բայց այդ չարեց նա այն պատճառով, որ նախ մեզանից հաճություն չէր ստացած, երկրորդ, չկամեցավ խանի վրեժխնդրությունը հրավիրել իր զինվորների ընտանիքների վրա։ Ընդունենք, որ այդ պատճառաբնությունները հավանական են։ Բայց այժմ, երբ նրա անհավատարմությունը հայտնվեցավ խանին, և խանը կամեցավ կալանավորել նրան, և նա միջոց գտավ փախչելու, — այդ բոլորից հետո այլևս ի՞նչն էր արգելում նրան անձամբ դիմելու մեր բանակը։
— Այդ բացատրում է մելիքի գզիրը նրանով, — պատասխանեց Մելիք-Փարսադանյանը․ — որ եթե նա փախչելուց հետո գալու լիներ մեր բանակը, դրանով ժամանակ կկորցներ և իր մարդիկը հավաքելու, գունդ կազմելու միջոց չէր ունենա։
— Որքան մեզ մոտ ուղարկված քահանան պարզ և միամիտ մարդ է, այնքան այդ գզիրը անպիտան և նենգավոր է երևում, — պատասխանեց իշխան Շահումյանը։
Վիճաբանությունները հետզհետե ավելի տաքանում էին։ Թորոս իշխանը խնդիրը բավական պարզված նկատելով, խոսեց․
— Այդ բոլոր հակաճառություններից ծագում է երկու հարց․ առաջին, կարո՞ղ ենք արդյոք կատարելապես հավատալ այդ մարդու խոստմունքներին, երկրորդ, եթե չենք կարող, ի՞նչ փաստեր ունենք մերժելու նրան։ Կատարելապես հավատալ չենք կարող, որովհետև շոշափելի ապացույցներ չունենք նրա անկեղծության մասին։ Մերժել ևս չենք կարող, որովհետև գուցե նա չէ խաբում մեզ։ Այդ երկու միմյանց հակառակ հարցերը հաշտեցնելու համար, իմ կարծիքով, պետք է ընտրել միջին ճանապարհ, այսինքն՝ ոչ բոլորովին հավատալ և ոչ իսպառ մերժել նրան։