— Ինչպե՞ս կարելի է այդ, — հարցրեց իշխան Շահումյանը փոքր-ինչ վրդովվելով։
— Կարելի է, — պատասխանեց Թորոս իշխանը հանդարտությամբ։ — Մենք չենք հավատա նրան դրանով, որ թույլ չենք տա մտնելու մեր զորքերի մեջ։ Միևնույն ժամանակ չենք մերժի նրա ծառայությունը դրանով, որ չենք արգելի, երբ նա իր մարդիկներով կսկսե առանձին կերպով կռվել խանի հետ։
— Նա կարող է այդ ժամանակ իր զենքը մեր դեմ դարձնի։
— Շատ հավանական է։ Բայց մենք ոչինչ չենք կորցնի։ Նա հիմա էլ կարող է բացարձակ կերպով դուրս գալ խանի զորքերի հետ և կռվել մեր դեմ։
— Զանազանությունը մեծ է, — ասաց իշխան Շահումյանը։ — Նա այնքան վտանգավոր չի լինի, երբ սկզբից իբրև հայտնի թշնամի կդուրս գա մեր հանդեպ։ Բայց երբ նա սկզբից մեզ բարեկամ կձևանա, իսկ հետո կդավաճանե, այդ ժամանակ կարող է ավելի վնասել մեզ, քան թե հայտնի թշնամին։ — Իմ կարծիքով, պետք է բոլորովին մերժել նրա օգնությունը․ թող ինչ որ կամենում է, այն անե։
Իշխան Շահումյանը Թորոսի քրոջ որդին էր․ մանկությունից զրկված լինելով հորից, և մեծանալով իր քեռու խնամակալության ներքո, ստացել էր նրա մոտ ավելի համարձակություն։ Այդ էր պատճառը, որ այսպես սաստիկ հակառակում էր նրա կամքին։
— Ես ավելի կպարզեմ իմ միտքը, — ասաց Թորոս իշխանը։ — Իմ կարծիքի մեջ այն միակ առավելությունը կա, որ մենք չենք զրկվի մի նոր ուժից, որը ինքնակամ առաջարկում է մեզ իր օգնությունը։ Շատ կարելի է, որ նրա խոստմունքները անկեղծ լինեն։ Շատ կարելի է, որ նա խաբում է մեզ։ Բայց թե նրա խաբեությունը և թե անկեղծությունը մեզ համար դեռ բոլորովին մթության մեջ են։ Այդ մտքով ես ավելի նպատակահարմար եմ համարում, թույլ տալ նրան, որ գործով ապացուցանե իր անկեղծությունը։ Եվ այդ այլ կերպ չէ կարող լինել, բայց միայն բացարձակ կերպով հայտնել նրան, թե մենք ընդունում ենք քո ծառայությունը, բայց բոլորովին հավատալ քեզ չենք կարող։ Դու պետք է գործով արդարացնես քո խոստմունքները։ Երբ կտեսնենք՝ կռվի դաշտում դու էլ մի կողմից կջարդես խանի զորքերը, կամ կհաղթվես, կամ հաղթություն կտանես, այն ժամանակ մենք բարեկամության ձեռք կմեկնենք քեզ։ Բայց առայժմ ընդունել քեզ քո մարդիկների հետ մեր զորքերի