պատուհանից։ Ես քար ձգելու մեջ սխալ չեմ անում։ Ապակին կկոտրվի և տիկնոջ ուշադրությունը կդարձնե նամակի վրա։ Ես իմանում եմ, տիկնոջ սենյակի լուսամուտները դեպի ո՜ր կողմն են բացվում։
— Հետո դու պիտի սպասես պատասխանի։
— Կսպասեմ, եթե պատասխանը հարկավոր է։
— Հարկավոր է։ Բայց ի՞նչ միջոցով կստանաս։
— Եթե նամակը ներքինապետի ձեռքով ուղարկեցի, ինքը ներքինապետը պատասխանը կբերե, իսկ եթե լուսամուտից ներս ձգեցի, շատ հասկանալի է, որ նույն լուսամուտից պատասխան կստանամ։
— Բայց կարող են հանգամանքները փոխված լինել, այն ժամանակ մեր այդ նախամտածությունները բանի պետք չեն գա։
— Ես հանգամանքների համեմատ նոր հնարներ կմտածեմ նամակը տեղ հասցնելու համար։
— Դու ի՞նչ կերպարանքով կմոտենաս ամառանոցին, որ քեզ չճանաչեն։
— Մուրացկանի կերպարանքով, մուրացկանին ամեն տեղ թողնում են։
— Ուրեմն դու ստիպված կլինես ոտքով գնալ, որովհետև մուրացկանը ձի չէ նստում․ իսկ ոտքով մինչև առավոտ ամառանոցը հասնել չես կարող։
— Ես ձիով կգնամ․ գիշերային խավարի մեջ ձիու վրա նստած մուրացկանը շատ աչքի չի ընկնի։ Իսկ երբ լուսացավ, ձին պահ կտամ իմ ուղեկցին, որը անտառում կսպասե ինձ։
— Ուրեմն դու մի ուրիշին ևս պիտի վեր առնես քեզ հետ։ — Ո՞ւմին կտանես։
— Ումին որ դուք կհրամայեք։
Իշխանը փոքր-ինչ մտածելուց հետո ասաց․
— Լավ է, որ Աղասիին վեր առնես։
— Ես էլ այսպես եմ մտածում։
— Իսկ պատասխանը ո՞րտեղ կբերես ինձ։
— Որտեղ որ դուք կլինեք։
— Ուրեմն իսկույն ճանապարհ ընկեք, դու և Աղասին։
Խորամանկ Ջումշուդը առեց նամակը, գլուխ տվեց և հեռացավ։ Սպասավորները ոչ մի ծառայության մեջ այնքան արի, այնքան ճարպիկ չեն լինում, որքան իրանց տիրոջ սիրային ինտրիգաների մեջ․․․