Այս էջը սրբագրված չէ


— Թորոսը հրամայեց գիշերով արշավանք գործել, որ մինչև լույսը բացվելը հասնենք կռվի դաշտը։ — Մնաք բարյավ, ես գնում եմ իմ խումբը պատրաստելու։ — Նա հեռացավ։

Իշխան Շահումյանը նույնպես դուրս եկավ իր վրանից և հրամայեց չվելու թմբուկը ածել։

ԼԲ

Եթե այսօր ճանապարհորդը «Կարմիր վանքի» (Երիցակա վանքի) բարձրավանդակից կցանկանա իջնել դեպի արևմտյան կողմի ձորը և չի վախենա պարսպի նման ուղղաձիգ ապառաժներից գլորվել դեպի իր առջև բացվող խորին անդունդը, այլ սարսափելի քարափների կուրծքը քերելով, և վայրենի մացառներից, թուփերից բռնելով, կամաց-կամաց ցած կիջնե, նա կգտնե քարափի սրտի մեջ մի նեղ, բնական քարանձավ, հովանավորված սաղարթախիտ ծառերով։ Այդ քարանձավի մուտքը այժմ փակված է հասարակ փայտյա դռնով․ նրա մեջ կա մի մոռացված գերեզման, որին խիստ սակավ անգամ ուխտավորները գալիս են այցելություն գործելու։

Եթե հարցնելու լինես Արծվանիկի գյուղացիներից, թե այդ ո՞ւմ գերեզմանն է, ինչու է այդ քարանձավը ուխտատեղի դարձել,-նրանք քեզ այսքանը միայն կարող են պատասխանել, թե այդ այրի մեջ մի ժամանակ մի ճգնավոր էր բնակվում, երբ նա մեռավ, թաղեցին հենց իր ճգնարանում․ նա շատ սուրբ մարդ էր, դրա համար էլ ժողովուրդը պաշտում է նրան։

Դավիթ բեկի ապստամբության օրերում այդ ճգնավորը դեռ կենդանի էր, բնակվում էր միևնույն այրում։ Այրը ուրիշ լուսամուտ չուներ․ դռան մեջ վերևի կողմից բացվում էր մի քառակուսի ծակ, որից լույսը ներս էլ թափանցում։ Այդ բնակարանը, որ բնությունը ստեղծել էր գազանների համար, այժմ ծառայում էր որպես ճգնարան մի մենակյացի, որի արտաքին տեսքը նույնքան սարսափ էր ազդում, որքան վայրենացած մարդու կերպարանքը։

Առավոտը լուսանալու մոտ էր, բայց նա դեռ քնած էր։ Նրա պարզ անկողինը կազմված էր չորացած, փափուկ խոտերից, որոնց վրա պառկել էր նա․ բարձի փոխարեն գլխի տակ դրել էր իր թևքը, իսկ վերմակի փոխարեն իր վրա ծածկած ուներ մի ահագին վագրի մորթի։ Ամեն առավոտ, այդ ժամանակը զարթած էր լինում նա, կատարելու իր վաղորդյան աղոթքը, իսկ այս առավոտ