Այս էջը սրբագրված չէ

քունը հաղթել էր նրան։ Գիշերը նա խիստ ուշ վերադարձավ իր այրը․ ո՞ւր էր նա, ո՞րտեղ էր թափառում, հայտնի չէր։

Վաղ առավոտյան նրա քունը խանգարեցին․ մի մարդ մոտեցավ այրի դռանը, սկսեց սաստիկ բախել։ Նա զարթնեց և իսկույն բաց արեց դուռը։ Եկվորը հայտնեց նրան, թե խանը կանչում է։

— Ի՞նձ, այսպես վա՞ղ․․․ ի՞նչ գործ ունի ինձ հետ խանը, — հարցրեց նա փոքր-ինչ շփոթված կերպով։

— Չգիտեմ, կանչում է։

— Լավ, դուք գնացեք, ես իսկույն կգամ։

Եկվորը հեռացավ։ Ճգնավորը նույնպես պատրաստվեցավ գնալու։ Նրա հագուստը բաղկացած էր մեկ կտորից միայն․ դա սպիտակ, կոշտ կտավից կարված շապիկ էր, որ իջնում էր մինչև նրա մերկ սրունքները և բոբիկ ոտները։ Բազուկների և պարանոցի վրա փաթաթած ուներ երկայն տերողորմյաներ սև հատիկներով։ Ուսից քարշ էր ընկած մի մախաղ, որ նման էր հովիվների մախաղին։ Այդ պարզ, նախնական զգեստը լրացնում էր ահագին վագրի մորթին, որ ձգեց ուսերի վրա։

Ընթերցողը իսկույն կմտաբերե, որ այդ տարօրինակ անձնավորության հետ, կարծես թե, ծանոթ լինի․ կարծես թե, մի քանե անգամ նրան հանդիպած լինի։ Այո, ընթերցողի հիշողությունը իրան չի խաբի, եթե այդպես մտածե։ Մեր պատմության ընթացքում մի անգամ այդ մարդուն տեսանք Չալաբիան կոչված խաշնարած ցեղի իմամի (հոգևոր գլխավորի) չադրում․ խոսում էր գերբնական գիտություններից և ծերունի իմամին մանկացնելու համար երկարակեցության մաջուններ էր պատրաստում։ Նույն ժամանակ տեսանք նրան Ֆաթալի խանի չադրում բժշկական հնարներ էր գործ դնում խանի մշտական առողջության համար։ Դա միևնույն անձնավորությունն է․ — դա միևնույն դերվիշն է։ Այն օրից անցել են շատ տարիներ․ այժմ բավական ծերացել է դերվիշը․ մորուքի և գլխի սև, և երբեք չսանրված, չլվացված, չկտրված մազերի մեջ այժմ հայտնվել են սպիտակ ալիքներ․ մույգ-ղահվեի գույն ունեցող դեմքը այժմ բավական գունատվել է, թառամել է։

Իմամի մեռնելուց հետո խանը թույլ չտվեց նրան գնալ իր հայրենիքը․ պահում էր իր մոտ և շատ անգամ ախորժանոք լսում էր նրա պատմությունները, թե ինչ են գրել, ինչ են խոսացել իմաստուն մարդիկ։ Երբեմն կատարում էր նրա բարի խորհուրդները։ Երբ խանը, քանդելով «Կարմիր վանքը», նույն լեռան բարձրավանդակի վրա իր համար ամառանոց շինեց, դերվիշը ընտրեց իր բնակության