Դերվիշը, գալով պատերազմի դաշտը, խիստ վաղ հայտնեց Թորոսին մելիք Ֆրանգյուլի խաբեության մասին, բայց իշխանը չհավատաց նրա խոսքերին և պատասխանեց․
— Եթե նա կդավաճանե ինձ, ես դարձյալ մի մեծ կորուստ չեմ ունենա․ շատ-շատ այդքան միայն կարող է անել, որ իր երկու հազարով կանցնե թշնամու կողմը։
Թորոս իշխանը իր զենքի հաջողության արբեցության մեջն էր գտնվում։ Ոչինչ չէր վհատեցնում նրան, ոչինչից երկյուղ չուներ, երբ նկատում էր, որ մահմեդականների բազմությունը, հունձքի որաների նման, հազարներով տապալվում էին հայոց սրերի և գնդակների առջև։
Աղասի խանը, վերք ստանալով, սպանվեցավ։ Նրա զորախումբը, որ բաղկացած էր ավելի քան ութ հազար հոգուց[1], մեծ մասամբ ջարդվեցավ։ Ոչ սակավ ջարդվեցան և Ֆաթալի խանի զորքերը․ նրանք սկսեցին հետզհետե տեղի տալ կռվի դաշտից։
Իր երկու հազարով կռվում էր մահմեդականների հետ և մելիք Ֆրանգյուլը։ Նա բռնլ էր մի առանձին ամուր դիրք, որտեղից հարձակումներ էր գործում։ Նա բավական հեռու էր հայոց զորաբաժիններից, այդ պատճառով ոչ ոք չէր նկատում, որ նրա զինվորները առանց գնդակների, դատարկ հրացաններ էին արձակում թշնամու վրա։
Երեկոյան պահուն, երբ արեգակը մայր մտնելու մոտ էր, պարսիկները բոլորովին կոտորված, սկսեցին փախչել։ Հայոց զորքերը հետամուտ եղան և հալածում էին նրանց։ Այդ առիթ տվեց ուշադրություն չդարձնել այն հարմար դիրքերի վրա, որ սկզբից բռնել էին հայերը։ Նրանք բարձրություններից իջան նեղ դաշտի մեջ, որ երկու կողմից սեղմված էր լեռներում։ Այդ միջոցին դավաճանը կատարեց իր չար դիտավորությունը։
Երբ պարսիկները փախչում էին և հայերը հալածում էին նրանց, ետևից վրա հասավ մելիք Ֆրանգյուլը և սկսեց հայերին ջարդել։ Նույն ժամանակ հետ դարձան և փախչող պարսիկները, երկու կողմից հայերին մեջտեղ առեցին, սկսվեցավ սարսափելի կոտորածը։ Տեղի դիրքը նպաստեց նրանց, որովհետև դա մի նեղ դաշտ էր, ինչպես ասեցինք, երկու կողմից սեղմված լեռներով, իսկ առջևից և ետևից բռնված էր թշնամու զորքերով։ Հայերը
- ↑ Պատմությունը այդ ճակատամարտի մեջ թշնամու զորությունը 80 հազար հոգուց բաղկացած է ցույց տալիս․ չափազանցություն կա թվի մեջ։