Այս էջը սրբագրված չէ

դռդռաց, տերևները միմյանց զարկվեցան, իբր թե անտառների այդ անքուն հսկողը, մի ծառից թռչում էր մյուսի վրա։

— Տեսնում եք, կտցահարն է, — ասաց գզիրը և շարունակեց իր ընդհատված խոսքը․

— Դուք զբաղված էիք կռվի մեջ, չէիք նկատում, մելիք, Թորոսի ընկնելուց հետո, մինչև երեկոյան մութը պատելը, Ստեփաննոս Շահումյանը իր մարդիկներով պաշտպանվում էր։ Ես տեսա՝ պատերազմի ամենաջերմ ժամանակը, նրա ձին հրացանի գնդակից վերք ստացավ, ցած գլորվեցավ և իշխանին տակով արեց։ Այդ միջոցին մերոնք վրա հասան և գերեցին նրան։ Նրա երկու թիկնապահները՝ Ջումշուդը և Աղասին երկար կռվում էին, որ ազատեն իրանց իշխանին, բայց չկարողացան։

— Այդ բոլորը ես իմանում եմ, — ասաց մելիքը, — նրան հայոց մյուս գերիների հետ բերեցին մինչև խանի տունը, այնտեղ կալանավորեցին, բայց նրանից հետո ո՞ւր կորավ։

— Ո՞ւր պիտի կորչեր, շատ հասկանալի է, կամ ինքը հնար գտավ փախչելու, կամ ուրիշնրը փախցրին նրան։

— Վերջին կարծիքը ավելի հավանական է․․․ և ես մեկի վրա կասկած ունեմ․․․ անպատճառ նրա գործն է․․․ նա կաշառած կլինի պահապաններին և փախցրած․․․ թյուրք պահապանը մի սև փողի համար հոգի կտա․․ Իսկ ամրոցի մեջ բոլորը զբաղված են խանի վերքով․․․ այդ խառնակության մեջ, եթե գերիների կեսն էլ փախցնելու լինեն, ոչ ոք չի նկատի[1]։ Թող, աստված տա, խանը առողջանա, այն ժամանակ ես անպատճառ պատժել կտամ այն անզգամին, որ մի այսպիսի պատվական որսը մեր ձեռքից դուսր հանեց․․․

Մելիքի կասկածը, իշխանին փախցնելու վերաբերությամբ, տիկին Սյուրիի և ներքինապետ Ահմեդի մասին էր, որոնց գաղտնի հարաբերությունները իշխանի հետ նրան վաղուց արդեն հայտնի էին։

Մելիքը և իր ուղեկիցները բավական հեռացել էին խանի

  1. Եւ զոմանս ի նոցանէ (ի հայ գերելոց) կենդանի կալեալ, մեծաւ տանջանօք ի Բարգիւշատ ածին, ընդ որս էր եւ Ստեփանոս Շահումեան։ Եւ սուգ Էառ Դավիթ (բէկ) ի վերայ քաջին Ստեփաննոսի, եւ այնքան զօրացն ի զուր տարապարտուց կորուսելոյ։ Իսկ Ստեփաննոս իբրեւ ածեալ եղեւ ի Բարգիւշատ, հանդիպեցաւ անդ ի տան Խանին բարեսէր ոմն թուրք, որ գթացեալ ի նա փախոյց եւ իբրեւ ազդ եղեւ Դաւթի զերծումն նորին, մխիթարեցաւ ի սգոյն։
    Պատմ․ Դաւիթ-բէկի, եր․ 40-41։