են սանդուղքները և այլ վերելուկ մեքենաներ, սկսում են բարձրանալ։ Բայց օսմանցիներից և ոչ մեկը կարողանում է ներս մտնել, այլ զարկվելով, ցած են թափվում։
Թշնամին կրկնապատկում է իր զորությունը և վայրենի կատաղությամբ նոր հարձակում է գործում։
Հասնում է օրհասական րոպեն։
Այս սարսափելի տագնապի մեջ, երբ մի կողմից շողում էին սրեր, հոսում էր արյուն, որոտում էին թնդանոթներ, մյուս կողմից, բարեպաշտ միանձնուհիների դասը հնչեցնում էին զանգակներ և աղերսում էին վերին օգնականությունը։
Քաջազնական հոգին միանալով կրոնական զգացմունքների հետ հրաշքներ էր գործում։
Ամողջ ութ ժամ տևում է կռիվը։ Բերդը աննկարագրելի ամրությամբ պաշտպանվում էր։ Թշնամիներից և ոչ մինը դեռ չէր կարողացել ներս մտնել։ Պաշարվածները՝ քան թե անձնատուր լինել՝ ընտրել էին մահը, բայց ցանկանում էին ավելի փառավոր կերպով հանդիպել նրան։
Արևը մերձենում էր իր մուտքին։ Օրը տարաժամում էր։ Պաշարողները դեռ չէին կամենում ետ քաշվել։
Սույն միջոցին Մխիթար սպարապետը տեր Ավետիքի հետ թողնելով Դավթին փոքրաթիվ պահապանների հետ բերդի մեջ, իրանք ամրոցի գաղտնի դռնով դուրս են գալիս, իրանց հետ ունենալով մի քանի հարյուր սպառազեն տղամարդիկ։ Նրանք անակնկալ կերպով հարձակվում են թշնամու գլխավոր բաժնի վրա։ Որովհետև մութը պատած էր այն ժամուն, թշնամին շփոթվում է․ նրանք կարծում են, թե պաշարվածներին դրսից օգնություն հասավ։ Ամբողջ բանակի մեջ տիրում է խռովություն և իրարանցում։ Սկսվում է կոտորածը։ Նույն միջոցին թշնամու խառնիճաղանջ բազմությունը թողնում է բերդը․ նրանք սկսում են ցրվել։ Նույն ժամին բերդից դուրս է գալիս և Դավիթ Բեկը, միանում է իր ընկերների հետ։ Թշնամին փախչում էր, դրանք հետամուտ էին լինում։ Նրանցից ընկնում են մի քանի հազար հոգի, խլում են հարյուրից ավելի դրոշակներ և հարուստ պատերազմական մթերք։
Դավթի մի այսպիսի հաջողությունը լսելով վհատած հայերը, որ առաջ թողել էին նրանց, կրկին հավաքվում են նրա դրոշակի տակ։ Դավիթը կրկին հավաքում է իր զորությունները։ Այնուհետև նա տեր Ավետիքի և Մխիթար սպարապետի հետ գործեցին և մի