Այս էջը սրբագրված չէ

եթե ձեր մի մազը փոխելու լինեմ հազար այն տեսակ մարդիկների հետ։

Հետո հրամայեց նա իր սանդուխտարին (գանձապահին) իշխանի և պատանի Ստեփաննոսի համար պատրաստեն ընծաներ։ Իշխանի համար դուրս բերեցին մի փառավոր վերարկու (ջուբա) որ կարված էր Քիշմիրի թանկագին շալից և զարդարած ոսկե թելերով։ Այդ վերարկուն խանի սեփական վերարկուն էր, որ մի անգամ միայն հագել էր նա, երբ ներկայացավ պարսից շահին․ այժմ ընծայելով իշխանին, պարսից մեծերի սովորությամբ մի առանձին պատիվ էր անում իշխանին, պարգևելով մի այնպիսի խալաթ[1], որ վեր էր առնված նորին գերազանցության` խանի սեփական թիկունքից։ Բացի դրանից, ըծայեց նրան մի գեղեցիկ ջոհվարդար[2] թուր, Խորասանի գործ, արծաթյա պատյանով և թանկագին ակներով զարդարած երախակալով։ Պատանի Ստեփաննոսի ընծաները ավելի հրապուրիչ էին․ նա ստացավ մի ալմաստ մատանի և զենքերի մի ամբողջ թախում` թուր, հրացան, ատրճանակներ, գնդակի և վառոդի ամաններ, բոլորը ոսկեզօծ, արծաթով զարդարած և սև սևադով մինտ արած։ Բացի դրանից, նա ստացավ մի գեղեցիկ նժույգ իր ամբողջ ասպազենքով։

Պատանի Ստեփաննոսին խիստ ծանր էր ընծաներ ընդունել այն գազանի ձեռքից, որ թաթախված էր իր հոր, իր մոր և իր ազգատոհմի արյունով։ Այնուամենայնիվ, նա զսպեց իր մեջ վրեժխնդրության զգացմունքը, և խոնարհվելով ընդունված քաղաքավարական ձևերին, հայտնեց իր շնորհակալությունը խանի առատաձեռնության և բարեսրտության մասին։

Թե՜ իշխանի և թե՜ պատանու նժույգները արդեն կանգնեցրած էին վրանի հանդեպ․ նրանք դուրս եկան, և խանը թափելով շողոքորթության և բարեկամական արտահայտությունների մի ամբողջ հեղեղ, ճանապարհ դրեց նրանց մինչև նժույգների մոտ։ Նա իր ձեռքով բռնեց իշխանի նժույգի ասպանդակը և հրավիրեց նստել։

— Այդ արդեն չափից դուրս է, — ասաց իշխանը հրաժարվելով։

  1. Խալաթ նշանակում է պարսից այն ընծաները, որ տրվում են հագուստով․ այստեղից է հայոց խլա բառը։
  2. Ջոհվարդար կոչվում են այն տեսակ սրերի շեղբերը, որոնք խառայի նման նկարներ ունեն և որոնց պատճառած վերքը անբժշկելի է դառնում։ Այս տեսակ սրերը այժմ Պարսկաստանում համարվում են հնություն, որովհետև նրանց արհեստը կորած է։