Այս էջը սրբագրված չէ

խնդրել։ Խանից նա մերժվեցավ։ Այժմ ո՞վ կարող էր ազդել, ներգործել խանի վրա։ Ո՞վ կարող էր միջնորդ և բարեխոս լինել նրա և խանի մեջ։ Նա մտաբերեց ցեղի իմամին, մի մարդու, որին բոլորը պաշտում էին, թե՜ խանը և թե՜ նրա մահմեդական ժողովուրդը։ Եվ առանց իրան հաշիվ տալու, նա սկսեց անգիտակցաբար իր անվճռական քայլերը ուղղել դեպի նրա վրանը։ Նա միայնակ էր, իր հետ ուներ ծառաներից մեկը միայն։ Իմամի վրանը գտնվում էր բավական հեռու, Չալաբիանների չադրների մոտ։ Պետք էր անցնել մի քանի բլուրներ, մի քանի ձորեր։ Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր, որ այդ ճանապարհը ավելի ևս երկար լիներ, մինչև աշխարհիս ծայրը, որ գնար, գնար և չհասներ։ Մի՞թե ակամա էր գնում նա, թե ցանկանում էր` ճանապարհի երկարության ընթացքում ավելի լավ խորհել, ավելի լավ քննադատել այն ձեռնարկությունը, որին դիմում էր․․․ Առայժմ դատարկ հույսը նրան ավելի էր մխիթարում, քան կատարված իրողությունը, որ թանկ գնով պիտի ստանար․․․ Գիշերային խավարը ծածկում էր նրան ուշացած հովիվների տեսությունից, որ անցնում էին լեռների միջով։ Ի՛նչ լավ կլիներ, որ միշտ գիշեր լիներ և նրան ոչ ոք չտեսներ։ Նա նմանում էր մի գողի, որ մթություն է սիրում։ Նա նմանում էր մի եղեռնագործի, որ փախչում է մարդկային հասարակությունից, անապատների խլության մեջ հանգստացնելու խղճի խայթը․․․

Կես ճանապարհի վրա նա կանգ առեց։ Մի քանի րոպե մնաց մեխված գետնի հետ։ Չգիտեր հետ դառնալ, թե առաջ գնալ։ Նրա սիրտը բաբախում էր և գլխի մեջ կատարվում էր խառն մտածությունների մի ամբողջ պատերազմ։ Վճռեց հետ դառնալ։ Բայց այժմ ոչ այն ճանապարհով, որով եկել էր, կարծես, ճանապարհի տարբերությունը կարող էր հանգստացնել նրան։ Հանկարծ հիշեց նա խանի խոսքը, որի հիման վրա մերժեց նրան Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը․ «Թորոս իշխանի հետ ունեցած մեր այժմյան բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս ինձ այդ երկու գավառների կառավարությունը հանձնել մի այնպիսի մարդու, որին իշխանը իրան թշնամի է համարում»։ Ուրեմն նա չկամեցավ վիրավորել իշխանի անձնասիրությունը, չկամեցավ նրա քրոջ որդու (Ստեփաննոսի) երկրները հանձնել մի մարդու, որը Թորոսի ընտանիքի հետ տոհմային թշնամություն ուներ։ Այդ հիմար պարսիկը, մտածում էր մելիքը, եթե խելք ունենար, պետք է օգուտ քաղեր այդ հանգամանքից, պետք է բռնությամբ գրաված