է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մրմռալ, երգել, իրեն իրեն խօսել, իշի վրայ բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձէնը բարձրանում է, սկսում է գորգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ միւս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մօտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․
Նազարը ձէնն աւելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը - թւում է՝ թէ ամէն մի ծառի տակից, ամէն մի թփի միջից, ամէն մի քարի ետեւից՝ որտեղ որ է՝ գազան է յարձակուելու կամ աւազակ. սարսափած սկսում է գորգոռալ, ո՜նց գորգոռալ՝ ականջդ ոչ լըսի։
Դու մի՛ ասիլ՝ հէնց էս ժամանակ մի գիւղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձէնը ականջն է ընկնում թէ չէ՝ կանգնում է.
— Վա՜յ, ասում է, ո՞նց թէ իմն էլ էստեղ էր հատե՜լ, կայ-չկայ էս աւազակներ են․․․
Ձին թողնում է, ընկնում է ճամբի տակի անտառն ու՝ երկու ոտն ունէր, երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում։
Բախտդ սիրեմ Քաջ Նազար․ գորգոռալով գալիս է տեսնում մի թամբած ձի ճամբի մէջտեղը կանգնած իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս, թամբած ձիուն նստում ու շարունակում իր ճամբէն։
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կ’իմանար, գնում է ընկնում մի գիւղ. ինքը գիւղին անծանօթ, գիւղն իրեն։ Ո՞ւր գնայ, ո՞ւր չգնայ։ Մի տանից զուռնի ձէն է լսում․ ձին քշում է էս ձէնի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։
— Բարի օր ձեզ։
— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։
Համե՛ցէք, հա, համե՛ցէք․ դէ ղոնախն Ասծունն է․ սրան տանում են իր դրօշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թէ ուտելիք, թէ խմելիք։