անում տեսնում գլխավերեւը քառասուն լդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրoշակի ետեւն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքուայ տերեւը կը դողայ։ Էս հսկաները որ տեսնում են սա գունատուեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացաւ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կը սպաննի, առաջին գետին են փռւում ու խնդրում են․
Անյաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար,
— Մենք լսել էինք քո ահաւոր անունը, տեսութեանդ էինք փափաքում․ այժմ բախտաւոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք, քո խոնարհ ծառաներդ՝ օխտն ախպէր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է՝ մէջը մեր գեղեցիկ քոյրը։ Աղաչում ենք շնորհ անես՝ գաս մեր հացը կտրես․․․
Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրօշակն առած՝ առաջ են ընկնում ու հանդիսաւոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են ամրոցում պահում, պտտւում թագաւորին վայել պատուով ու էնքան են խօսում նրա քաջագործութիւններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քոյրը սիրահարւում է վրէն։ Ինչ ասէլ կ’ուզի՝ յարգն ու պատիւն էլ հետն աւելանում է։
Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրայ։ Ո՞վ կը սպաննի վագրին, ո՞վ չի սպանել։ Ի հարկէ Քաջ Նազարը կը սպանի։ Էլ ո՞վ սիրտ կ’անի վագրի դէմ գնայ։ Ամէնքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերեւը մի Աստուած, ներքեւը մի Քաջ Նազար։
Վագրի անունը լսելուն պէս Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնայ իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թէ վազում էր, որ գնայ վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպէս առանց զէնքի, զէնք առ հետդ էնպէս գնա։ Զէնք է բերում տալիս իրեն, որ գնայ իր փառքի վրայ մի քաջութիւն էլ աւելացնի։ Նազարը զէնքն