առնում է դուրս գնում։ Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրէն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն։ Ծառի վրայ կուչ է գալիս ու Նազարն ո՞վ կը տայ — հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտէր վագրն էլ գալիս է հէնց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնու՜մ՝ լեղին ջուր է կտրում, աչքերը սեւանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու թրը՛մփ, ծառից ընկնում է գազանի վրայ։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մէջքին: Էսպէս զարհուրած Նազարը մէջքին կպած էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քալ ու քօլ չի հարցնում։
Մարդիկ մին էլ տեսնում են, վա՜յ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։
— Հա՛յ-հարա՛յ, եկէ՜ք հա, եկէ՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել․․․ տուէ՛ք հա, տուէ՛ք․․․ Սրտաւորւում են, ամէնքը մի կողմից հարայ-հրոցով, հրհըռոցով յարձակւում են՝ խանչալով, թրով, թուանքով, քարով, փէտով տալիս են սպանում։
Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացւում է՝ ափսո՛ս ասում է, ընչի՞ սպանեցիք, զօռով մի ձի էի շինել նստել․․․ էնքան պէտք է քշէի ո՜ր․․․
Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրէն երգ են կապում ու երգում։
Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգելով գովեցին թագաւորին ու թագուհուն։
Դու մի՛ ասի էս աղջկանը ուզած է լինում հարեւան երկրի թագաւորը։ Որ իմանում է իրեն չեն տուել՝ ուրիշի հետ են ամուսնացրել՝ զօրք է կապում պատերազմով գալիս է օխտն ախպօր վրայ։
Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մօտ, պատերազմի