Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/10

Այս էջը սրբագրված չէ

 բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց>> (Մովսես Խորենացի, <<Հայոց պատմություն>>, գիրք 2-րդ, գլ․ ԼԴ)։ Անանունը մարդ է ուղարկում Ա-ի մոտ, որ նա <<իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես անում էր իր հոր համար>>։ Ա․ պատասխանում է․ <<Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն>> (նույն տեղում), ինչի համար էլ թագավորի զինվորը սրով կտրում է Ա-ի սրունքները, և նա մահանում է։

  Հայ եկեղեցին ս․ Ա-ի հիշատակը սկզբնապես տոնել է ս․ Աբգար թագավորի հետ։ Հետագայում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը բաժանել է այս տոները․ ներկայումս ս․ Ա-ի հիշատակը տոնվում է Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը (Հիսնակը Աստվածահայտնությանը նախորդող հիսուն օրերի տոնն է)։
 Գրկ․ Լաբուբնայ կամ Ղեբուբնայ, Եդեսացւոյ թուղթ Աբգարու եւ քարոզութիւն սրբոյն Թադէի, Երուսաղեմ, 1868։
                                                           Լևոն Սարգսյան


ԱԴԻԱԲԵՆԵ, Հին Հայաստանին սահմանակից քրիստոնյա երկիր Տիգրիս և Փոքր Զավ գետերի միջև։ Դեպի արլ․ տարածվել է մինչև Զագրոսի լ-շղթան։ Հս-ից սահմանակից էր Մեծ Հայքի Կորճայք և Պարսկահայք նահանգներին։ Ըստ Ստրաբոնի, Ա-ում մեծաթիվ ժողովուրդներն էին մարերը, հայերը և բաբելացիները։ Գլխ․ քաղաքներն էին Արբելան և Նինվեն։ Ք․ ծ․ ա․ IV–II դդ․ Սելևկյանների թագավորության 72 սատրապություններից մեկն էր։ Ք․ ծ․ ա․ II դ․ սկզբին (Սելևկյանների անկումից հետո) դարձել է առանձին թագավորություն։ Ք․ ծ․ ա․ 80-ական թթ․ միավորվել է Հայաստանին, նրա զորքերը մասնակցել են Տիգրան Բ Մեծի վարած բոլոր մարտերին։ Ք․ ծ․ ա․ 66-ի Արտաշատի հաշտության պայմանագրով միացվել է Պարթևաստանին։ Ք․ ծ․ հ․ I դ․ սկզբին այնտեղ հիմնվել է Մոնոբազյանների ժառանգական թագավորությունը (հիմնադիր Մոնոբազ Ա-ի անունով)։ Երկրորդ գահակալ Իզատեսի օրոք (35–59) թագավորությունն զգալիորեն ընդարձակվել է և հզորացել։ Ա-ի կիսանկախ թագավորությունը մոտ հինգ դար (ընդհատումներով)՝ մինչև Սասանյանների իշխանության գլուխ անցնելը (226) պահպանել է իր գոյությունը։ VI դ․ Ա․ հիշվում է որպես Սասանյան Պարսկաստանին ենթակա վարչ․ առանձին միավոր՝ Հեդայաբ անունով։

  Ասոր․ Եդեսիայի թագավորության նման Ա․ Արևելքում քրիստոնեության տարածման առաջին կենտրոններից է։ Եկեղեց․ ավանդությունը և պատմ․ աղբյուրները վկայում են, որ այստեղ դեռևս I դ․ կեսին տարածվել է քրիստոնեության նախն․ մի ձև։ Դա տեղի է ունեցել Մոնոբազ Ա-ի և նրա քույր Հեղինեի օրոք, երբ քրիստ․ վարդապետությունը պարարտ հող է գտել Ա-ի հրեա քաղաքային բնակչության շրջանում և անգամ թափանցել թագավոր․ ընտանիք։ Հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսի վկայությամբ, Հեղինեն գալիլեացի Եղիազար քարոզչի շնորհիվ ընդունել է <<հրեական դավանանք>> (մովսեսականություն)։ Մովսես Խորենացին Հեղինեին համարել է Եդեսիայի թագավոր Աբգարի այրին, որին Հայոց Սանատրուկ թագավորն իբր աքսորել էր Խառան (<<Հայոց պատմություն>>, գիրք 2-րդ, գլ․ ԼԵ)։ Ա-ի Մոնոբազյանների տան անդամները դարձել են Հայոց Տրդատ Ա թագավորի հենարանը։
  Հռոմեա-պարթևա-հայկ․ պատերազմների ավարտից հետո երկարատև խաղաղություն է հաստատվել, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել Արևելքում քրիստ․ գաղափարների հետագա զարգացման ու տարածման համար։ Ենթադրվում է, որ այս տարածաշրջանում են հիմնադրվել Արևելքի անդրանիկ եկեղեցիները, որոնցից ամենաառաջինները Եդեսիայի, Մծբինի և Ա-ի եպիսկոպոսություններն էին։ Նրանց կազմավորման մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում ավանդազրույցների բնույթի են։ Դրանցից հնագույնը <<Ադդայի վարդապետությունն>> է, ըստ որի՝ ամբողջ Արևելքի, այդ թվում Ա-ի եկեղեցու հիմնադիրները Հիսուսի 72 աշակերտներից Ադդան և նրա հաջորդ Ագգան են եղել։ Երկուսն էլ քարոզել են Արևելքի հրեա քաղաքային բնակչության շրջանում։ Սակայն, սկսած I դ․ 2-րդ կեսից, քրիստ․ վարդապետությունն ընդգրկել է նաև ոչ հրեական տեղական տարրերը, որոնք էլ I դ․ վերջին – II դ․ սկզբին սկսել են գերակշռող դեր խաղալ քրիստ․ համայնքներում։ Ասորի ժամանակագիր Մշիխա Չեխան վկայում է, որ Ա-ի եպիսկոպոսության հիմնադիրը եղել է ոչ թե անձամբ Ադդան, այլ նրա հաջորդի՝ Ագգայի աշակերտ Պկիդան։ Այս անհամաձայնությունը բացատրվում է նրանով, որ արլ․ յուրաքանչյուր եկեղեցի ձգտել