Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/100

Այս էջը սրբագրված է

 (Հին կտակարան՝ 39, Նոր կտակարան՝ 27) հարցում համաձայնելով քույր եկեղեցիների հետ՝ հայոց կանոնը տարբերվում է երկրորդականոն գրքերի հարցում։ Հայոց ինը երկրորդականոն գրքերի (Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի մարգարեության և Եսթերի գրքի որոշ հավելումներ) վրա հունականը հավելում է մի գիրք, որը պարականոն է Հայ եկեղեցու համար։ Իսկ կաթոլիկ կանոնը պարականոն է համարում հայկ․ երկրորդականոններից Ա Եզրասի ու Գ Մակաբայեցիների գրքերը։ Բողոքական եկեղեցիներն ընդունում են եբրայական կանոնի բոլոր 39 գրքերը և պարականոն համարում երկրորդականոնները։

Աստվածաշնչական գրքերի գլուխների ժամանակակից բաժանումը 1240-ին ի մի է բերել ֆրանսիացի դոմինիկյան գիտնական Հուգոնը։ Հայկ․ ձեռագրերում լատ․ Վուլգատայի օրինակով գլխաբաժանումների նորամուծության երախտիքը պատկանում է Հայոց Հեթում Բ արքային։ Հին կտակարանի բաժանումը համարների կատարվել է XV դ․՝ Նաթան Եբրայեցու կողմից։ XVI դ․ Եվրոպայում առաջին անգամ Նոր կտակարանը (1551-ին), ապա և բովանդակ Աստվածաշունչը (1555) համարակալել է փարիզաբնակ գիտնական, տպագրիչ Ռոբերտ Սթիվենսը։ XVII դարից սկսած այս նորամուծությունը թափանցել է հայկ․ բնագրեր։

Ա-ի հիմնական բովանդակությունը։ Սուրբ Գիրքը բազմաժանր, տարաբնույթ և բազմաբովանդակ գրքերի ժողովածու է (օրենք, տարեգրություն, պատմություն, վարք, մարգարեություն, իմաստություն, առակ, հոգևոր երգ, սաղմոս, փիլիսոփայական խորհրդածություն, Ավետարան, քարոզ, նամակ և հայտնություն) և աչքի է ընկնում արծարծված թեմաների հարստությամբ։ Ա-ի հիմն․ բովանդակությունը, որը և իր շուրջն է համախմբում բոլոր թեմաներն ու գրքերը, ի մի բերում սուրբգրային առանձին փաստերը, պատմություններն ու իրողությունները, վերացնում դրանց տեղի ու ժամանակի մեջ սահմանափակվածությունը և տիեզերական, համամարդկային նշանակություն հաղորդում դրանց, Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունն է։

Ս․ Գիրքը բաժանվում է երկու անքակտելի մասերի՝ Հին և Նոր կտակարանների։ Այն գրքերը, որոնք մարգարեանում ու նախապատրաստում են Հիսուս Քրիստոսի ընդունելությունը, կոչվում են Հին կտակարան։ Իսկ այն գրքերը, որոնք խոստացյալ Փրկչի կյանքի ու նրա վարդապետության մասին են, մտնում են Նոր կտակարանի կազմի մեջ։

Նոր կտակարանում չկա Փրկչի կյանքի, առաքելության, չարչարանքների ու մահվան վերաբերյալ մի փաստ, անգամ մանրամասնություն, որը Հին կտակարանում նախանշված չլինի։ Աթանաս Ալեքսանդրացին գրում է, որ Հին կտակարանը շարադրված է միասնական Հոգով և Փրկչի մասին։ Ընդ որում մարգարեությունները ոչ միայն կանխասում, այլև հաճախ լրացնելով՝ լույս են սփռում նորկտակարանային այս կամ այն իրադարձության վրա, օր․՝ Եսայու մարգարեության 53-րդ գլուխը ոչ միայն պարզաբանում է Քրիստոսի չարչարանքների ու քավչարար մահվան խորհուրդը, այլև բացատրում է Հովհաննես Մկրտչի «Ահա՛ Գառն Աստծու» (Հովհ․ 1․29) խոսքը։ Իսկ մարգարեությունների շղթան սկսվում է Ադամով (այդ իսկ պատճառով կոչվում է Նախաավետարան) և հասնում մինչև Հովհաննես Մկրտչի հայրը՝ Զաքարիան։ Նույնն է նաև խորհրդանիշների, նախօրինակների պարագան։ Նախօրինակ են կոչվում այն անձինք, պատմ․ իրադարձություններն ու առարկաները, որոնք, բացի իրենց ժամանակներում իրողություն լինելուց, խորհըրդավորապես վերաբերում են ապագային և արտահայտում կամ կանխանշում մեսիական որևէ հատկանիշ։ Օր․, ինքը՝ Քրիստոսը, նշում է անապատում Մովսեսի հրամանով բարձրացրած պղնձե օձի (Հովհ․ 3․14), Հովնանի՝ կետի փորում երեք օր ու գիշեր գտնվելու (Մատթ․ 12․40)՝ իր նախօրինակ լինելը։ Քրիստոսի նախօրինակներն են Ադամը, Նոյը, Մելքիսեդեկը, Իսահակը, Մովսեսը, Ահարոնը, Հեսու Նավեն, Դավիթը, Սողոմոնը, ինչպես նաև քահանայապետները և այլք, հինկտակարանային զոհերը, Տաճարը ևն։ Պողոս առաքյալը գրում է, որ Հին կտակարանի բոլոր արարողություններն ու ողջ պաշտամունքը «գալիք բաների ստվերներն են․ բուն մարմինը Քրիստոսն է» (Կող․ 2․17), կամ՝ «արդարև, գալիք բարիքների ստվերն էր օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր․ 10․1) և, որ այս ամենը «որպես խրատ գրվեց մեզ համար» (Ա Կորնթ․ 10․11) ևն։ Մատթեոսի (1․1–16) և Ղուկասի (3․23–37) Ավետարանների Հիսուսի ազգաբանությունները ոչ այլ ինչ են, քան բովանդակ հինկտակարանային պատմության համառոտագրություն։