Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/103

Այս էջը սրբագրված չէ

և իր գլխավորությամբ երկրորդ խմբի վերադարձը, զոհասեղանի, Տաճարի վերաշինությունը և իր իսկ կողմից բարեփոխություններ անցկացնելը (խառն ամուսնությունների արգելքը)։

Նեեմի

Պարսից Արտաշես արքայի հրեա բարձրաստիճան պաշտոնյայի մասին է։ Նեեմին գլխավորել է Երուսաղեմ վերադարձող աքսորյալների երրորդ խումբը և 52 օրում կառուցել Երուսաղեմի պարիսպը։ Այս խիզախ, բարեպաշտ այրը Եզրասի հետ կրոն․ և քաղաքաց․ բարեփոխումներ է անցկացրել, որի արդյունքում հրեաների հոգևոր կյանքը վերականգնըվել է։

Եսթեր

Գիրքը կազմվել է մինչև Ք․ծ․ա․ 160-ը։ Բաբելոնյան իշխանության անկումից հետո շատ հրեաներ, որոնք չէին վերադարձել Ավետյաց երկիր, ընկել էին պարսից տիրապետության տակ։ Արտաշես արքայի կինը՝ գեղեցկուհի Եսթերը, իր խնամակալի և ազգականի՝ հրեա պաշտոնյա Մուրթքեի խորհրդով փրկում է հրեական համայնքը ոչնչացման սպառնալիքից, որը ձգտում էր իրականացնել Արտաշես արքայի առաջին նախարար Համանը։ Նախարարին կախում են, իսկ Եսթերն ու Մուրթքեն՝ առավել մեծարվում։ Այս իրադարձությունը ոգեկոչելու համար սահմանվում է Փուրիմ տոնը, որը հրեաներն առանձնահատուկ հանդիսավորությամբ նշում են ցայսօր։

Հուդիթ

Բարեպաշտ ու խիզախ մի այրի կնոջ՝ Հուդիթի մասին է, որի սխրանքի շնորհիվ Հրեաստանը փրկվեց Նաբուքոդոնոսորի զորքերի մահացու վտանգից։ Նոր կտակարանում այս գիրքը չի հիշատակվում։

Տոբիթ

Գիրքը կազմվել է Ք․ծ․ա․ 200-ին։ Ունի խրատական ուղղվածություն։ Պատմում է աստվածավախ մի ընտանիքի մասին, որը, հավատարիմ մնալով Աստծո պատվիրաններին, Ռափայել հրեշտակի օգնությամբ ազատվում է ծանր փորձություններից։

Ա Մակաբայեցիներ

Գիրքը կազմվել է Ք․ծ․ա․ 100-ին։ Հելլենիստ․ շրջանի հրեա ժողովրդի պատմության ավելի քան քառասուն տարվա մի ժամանակաշրջանի (Ք․ծ․ա․ 176–134) միակ աղբյուրն է։ Սելևկյանների՝ իրենց հեթանոս․ սովորությունն ու պաշտամունքը հրեաներին պարտադրելու բիրտ քաղաքականությունը պատճառ է դարձել Մակաբայեցիների ապստամբության, որը պսակվել է հաջողությամբ։

Բ Մակաբայեցիներ

Գիրքը կազմվել է Ք․ծ․ա․ մոտ 124-ին։ Առաջին գրքի շարունակությունը չէ։ Այն դիմում է Եգիպտոսի հրեաներին՝ ոգեկոչելու վերանվաճված և սրբագործված Երուսաղեմի տաճարի Նավակատիքի հիշատակը։ Պատմվում է նաև Տաճարի պղծման և հավատը չուրանալու համար հրեաներին դաժան հալածանքների ենթարկելու, ռազմ․ հաջողությունների և հրեական պաշտամունքը վերականգնելու մասին։

Գ Մակաբայեցիներ

Գիրքն ընդհանրության եզր չունի նախորդ երկու գրքերի հետ։ Պատմվում է Եգիպտոսում Ք․ծ․ա․ 200-ին հրեաների հալածանքի և հրաշքով փրկության մասին։

Իմաստության գրքեր։ Հին կտակարանի հաջորդ յոթ գրքերը դասվում են իմաստության գրականության շարքը, որի արժեքը նրա հայտնութենական բնույթն է։ Էապես տարբերվելով սոսկ մարդկային փորձառության և մտքի վրա խարսխված աշխարհիկ իմաստությունից՝ իմաստության գրականության մեջ կրոնաբարոյական ճշմարտությունները վերաճում են կենդանի համոզմունքի։ Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ, ահա իմաստության գրքերի նպատակը, որոնց հետ հաղորդակցվողի համար իրապես կատարելագործվում են գիտելիքն ու բարեպաշտությունը։ Այս գրքերը կազմված են հրեական անզուգական տաղաչափության կանոններով (համահնչունություն, զուգահեռականություն ևն) և հանգավոր արձակով։ Այդ իսկ պատճառով կոչվում են նաև բանաստեղծական։ Իմաստության գրքերի շարքն է դասվում նաև Սաղմոսարանը՝ հոգևոր երգերի ժողովածուն (տես Սաղմոս հոդվածում)։

Առակներ

Գիրքն իր ներկայիս տեսքով կազմվել է Եզեկիա թագավորի օրոք։ Իմաստալից ասույթների և ուսուցող․ խրատների ժողովածու է, որի մեծ մասը մակագրված է Սողոմոնի, իսկ մնացյալը՝ այլ իմաստունների անուններով։ Արծարծված են բազում արդիական թեմաներ՝ արդարություն, հիմարություն, ամբարշտություն, հարստություն, աղքատություն, ծուլություն, նենգություն, կաշառք ևն։ Առանձնակի գեղեցկությամբ