Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/106

Այս էջը սրբագրված չէ

ուստի դասվում են կապանքների նամակների շարքը։ Գըրվածքի առաջին՝ վարդապետական մասում արծարծված է գլխ․ թեման։ Դա Աստծո փրկագործության իրականացումն է աշխարհում՝ եկեղեցու հիմնադրմամբ։ Երբեմնի երկու թշնամիները՝ հեթանոսներն ու հրեաները, եկեղեցում միավորվում են։ Քրիստոսը սպանեց այդ թշնամությունը, որպեսզի ․․․ խաղաղություն հաստատի ու իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծո հետ (2․16)։ Իսկ Սուրբ Հոգին առաջնորդում է եկեղեցուն, որը Քրիստոսի մարմինն է։ Երկրորդ՝ գործնական մասում, որը հենվում է արծարծված վարդապետության վրա, խոսվում է ամուսինների, զավակների և այլնի մասին։ Առաքյալը հորդորում է հավատացյալներին հագնել Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին (6․11)։

Թուղթ փիլիպեցիներին

Նամակի գրության առիթը հեղինակի երախտագիտության արտահայտությունն է Փիլիպե քաղաքի (Մակեդոնիայում) բնակիչներին՝ Եվրոպայում առաքյալի հաստատած առաջին համայնքի անդամներին՝ բանտարկության տարիներին իրեն ցուցաբերած նյութ․ օգնության համար։ Օգտվելով առիթից՝ քաջալերում է նրանց հավատի մեջ անսասան մնալ, միասնություն պահել և քրիստոսավայել խոնարհության մեջ հարատևել՝ ընդդեմ եսասիրության ու հպարտության, և լինել աշխարհի լույսերը։ Այս թուղթը կոչվում է ուրախության թուղթ, ուրախություն, որն արդյունք է Քրիստոսին հավատարիմ լինելու գիտակցումից։

Թուղթ կողոսացիներին

Թուղթը գրվել է փոքրասիական Կողոսիա քաղաքի համայնքում կեղծ ուսմունքներ տարածվելու առիթով։ Առաքյալը հիշեցնում է, որ փրկությունն ի Քրիստոս է, և ցույց տալիս նրա բացարձակ իշխանությունը, որի միջոցով Աստված արարեց աշխարհը և իրեն է վերադարձնում մարդկությանը։ Մատնանշվում է նրա մարմնի՝ եկեղեցու անդամների նոր կյանքն ու ապրելակերպը։ Թուղթը զգուշացում է բոլոր ժամանակների աղանդավորների համար, ովքեր ուրանում են Քրիստոսի աստվածությունը և հետևում պատիր ուսմունքների։

Ա և Բ թղթերը թեսաղոնիկեցիներին

Նորկտակարանային հնագույն գրվածք նկատվող (50-ական թթ․) Ա նամակի (ուղղված է Մակեդոնիայի Թեսաղոնիկե քաղաքի քրիստ․ համայնքին) կենտրոնական թեման Քրիստոսի երկրորդ գալստյան և մեռելների հարության մասին է։ Առաքյալը, սակայն, ցանկանում է աշխարհի վախճանով մտահոգվելու փոխարեն սիրո և հավատի զրահներ հագնել ու իբրև լուսո որդիներ պատրաստ լինել այդ գալուստին։

Բ նամակը առաջինի շարունակությունն ու լրացումն է։ Թեսաղոնիկեցիներից ոմանք Տիրոջ վերահաս գալուստի մասին առաքյալի խոսքը սխալ էին հասկացել՝ կարծելով, որ այդ իրադարձության մոտալուտ լինելու պատճառով նույնիսկ աշխատելու կարիք չկա։ Տիրոջ օրն այդքան շուտ չի լինի և կհաջորդի Նեռի հայտնվելուն։ Իսկ այդ սպասման ընթացքում քրիստոնյաները չպիտի փոխեն իրենց սովորական կենսակերպը, քրտինքով պիտի վաստակեն ապրուստը, խույս տան ծուլությունից և հարատևեն աղոթքի ու բարի գործերի մեջ։

Ա և Բ թղթերը Տիմոթեոսին

Այս երկու, ինչպես նաև հաջորդ նամակը կոչվում են հովվական թղթեր, քանի որ պարունակում են հովիվներին՝ եկեղեցու պատասխանատուներին ուղղված ցուցումներ։

Տիմոթեոսը՝ առաքյալի մերձավոր գործակիցը և Եփեսոսի եպիսկոպոսը, քրիստոնյա հրեուհու և հեթանոսի զավակ էր, մանկուց քաջատեղյակ Ս․ Գրքին։ Նրան ուղղված նամակում բացահայտվում են հովվական ծառայության խորհուրդները, հովվի անձնական հատկությունները, արժանիքները ևն։ Առաքյալը զգուշացնում է հրեական և հեթանոս․ խառնուրդ այն կեղծ վարդապետությունից, ըստ որի՝ նյութ․ աշխարհը չար է և փրկության կարելի է հասնել գաղտնի գիտությամբ։ Պողոս առաքյալը արծաթասիրությունը բնորոշում է իբրև բոլոր չարիքների արմատ։

Երկրորդ թուղթը, որ առաքյալի կտակն է իր սիրեցյալ որդուն, ամփոփում է Ավետարանը քարոզողին ուղղված հորդորներն ու խրատները։ Առաքյալը կոչ է անում քաջությամբ մարտնչել որպես հավատարիմ զինվոր Հիսուսի Քրիստոսի՝ իր պես մղելով բարի պատերազմը։

Թուղթ Տիտոսին

Նամակը հասցեագրված է առաքյալի մերձավոր գործակիցներից մեկին, ում հանձնված էր Կրետեի եկեղեցիների հովվությունը։ Պարունակում է հովվական տեսական և գործնական ցուցումներ առաջնորդներին և հիշեցնում քրիստոնյաների պարտականությունները։