Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/107

Այս էջը սրբագրված չէ

Թուղթ Փիլիմոնին

Պողոս առաքյալի անձնական բնույթի այս միակ թուղթն ուղղված է Փիլիմոնին՝ Կողոսիայի եկեղեցու անդամներից և իր գործակիցներից մեկին։ Փիլիմոնն ուներ Օնեսիմոս անունով մի ստրուկ, որը փախել էր իր մոտից, այնուհետև բանտում Պողոս առաքյալի միջոցով դարձել քրիստոնյա։ Առաքյալը Փիլիմոնին խնդրում է, որ Օնեսիմոսին ընդունի որպես հավատակից եղբայր։ Առաքյալը չի պարտադրում իր կամքը, այլ մատնանշում է, թե ինչպես Քրիստոսի սերը և հավատը խորապես վերափոխում են մարդկային հարաբերությունները։

Թուղթ եբրայեցիներին

Այս թուղթն ուղղված է այն հրեա քրիստոնյաներին, ովքեր, ընկրկելով համերկրացիների հարուցած դժվարություններից, ցանկանում էին հեռանալ նոր հավատից։ Հինկտակարանային հղումներով հարուստ այս գրվածքում հեղինակը ցույց է տալիս, որ բոլոր մարգարեական խոստումները կատարվել են ի Քրիստոս։ Հիսուսը, որ լույսն է Նրա փառքի և բուն պատկերը Նրա էության, բարձր է հինկտակարանային մարգարեներից, հրեշտակներից, նաև Մովսեսից։ Նա Աստծո կարգած հավիտենական քահանայապետն է՝ գերիվեր հին ուխտի բոլոր քահանայապետներից։ Քրիստոսի պատարագը քավության այն զոհն է, որի նախօրինակներն էին հինկտակարանային բոլոր կենդանական զոհերը։ Եվ նրա միջոցով է, որ հավատացյալները փրկվում են մեղքից ու մահից։ Առաքյալի այս կարևորագույն թուղթը Հին կտակարանի գրքերի բանալին է։

Հակոբոս առաքյալի ընդհանրական

թուղթը

Հակոբոս Տյառնեղբոր այս թուղթը գրվել է մինչև 62-ը։ Իր կառուցվածքով ասույթների և կարճ խրատների մի ժողովածու է՝ ուղղված աշխարհով մեկ սփռված համայն իսրայելացի ժողովրդին։ Կենդանի խոսքով բացահայտում է քրիստ․ ճշմարիտ վարքի խորհուրդը, արծարծում մի շարք հարցեր՝ հարստություն, աղքատություն, փորձություն, լեզվի չափավորություն, իմաստություն ևն։ Նամակում առանձնակի շեշտվում է հավատը գործով արտահայտելու կարևորությունը։

Պետրոս առաքյալի Ա և Բ ընդհանրական

թղթերը

Առաքյալի առաջին նամակը գրվել է 64–67-ին և ուղղված է Փոքր Ասիայի քրիստոնյաներին։ Նպատակն է՝ քաջալերել Աստծո ընտրյալներին հալածանքների ու նեղությունների մեջ։ Քրիստոնյաների չարչարանքներն անվարձ չեն մնա, եթե ընդունեն ու դիմանան դրանց՝ հիշելով Հիսուսի օրինակը։ Պետք է ապրել սուրբ կյանքով՝ իբրև կենդանի տաճարներ, հնազանդվել երկրային իշխանություններին ու սեր տածել բոլորի նկատմամբ և չարին բարի գործերով պատասխանել։

Երկրորդ նամակը առաքյալի կտակն է հավատացյալներին, որտեղ խնդրում է անսասան լինել հավատի մեջ, խուսափել սուտ վարդապետություններից։ Նամակի խնդրո առարկան Քրիստոսի երկրորդ գալուստն է, որը, ըստ սուտ վարդապետների, չի կայանա։ Առաքյալը բացատրում է, որ այս ուշացումը դիտավորյալ հապաղում է, քանզի Աստված կամենում է, որ բոլորն ապաշխարեն։

Հովհաննես առաքյալի ընդհանրական

Ա, Բ, Գ թղթերը

Առաքյալի երեք թղթերն էլ գրվել են Եփեսոսում, I դ․ վերջին։ Ա թղթում հեղինակը երկու նպատակ է հետապնդում․ նախ՝ քաջալերում է քրիստոնյաներին՝ հարատևելու Աստծո և նրա Որդու հաղորդության մեջ, որը հատկորոշվում է միմյանց նկատմամբ եղբայրական սիրով, և երկրորդ՝ զգուշացնում է չհետևել կեղծ վարդապետություններին։ Ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ (4․3)։ Պետք է սիրել միմյանց, քանի որ ով սիրում է, Աստծուց է ծնված (4․7)։

Բ նամակը ընտրյալ տիկնոջը և նրա որդուն գրված կարճ գրություն է, որտեղ ամփոփված են առաջին թղթի երկու հիմն․ թեմաները՝ հարատևություն սիրո մեջ, զգուշացում կեղծ ուսմունքներից։

Գ նամակում, ինչպես և նախորդում, առաքյալն իրեն անվանում է երեց։ Հասցեագրված է Գայոսին՝ եկեղեցու առաջնորդներից մեկին։ Հեղինակը գովում է նրան՝ հավատարմության և հավատացյալներին մատուցած ծառայությունների համար։ Նամակն անուղղակի ձևով ներբող է հյուրընկալության, որը սիրո և հավատի արտահայտությունն է։

Հուդա առաքյալի ընդհանրական թուղթը

Հավանաբար գրվել է 70-ին։ Իր հակիրճ ուղերձում առաքյալը ձաղկում է ամբարիշտ մարդկանց՝ հերետիկոսներին, որոնք իրենց