առավելագույն հարգը պատկանում է Նոր կտակարանին՝ իբրև Հին կտակարանի լրումի։ Նոր կտակարանից մանավանդ կարևոր են նախ՝ չորս Ավետարանները, ապա՝ մյուսները։ Իսկ Հին կտակարանի ամենագերադասելի գիրքը Սաղմոսարանն է։ Նոր կտակարանի, մանավանդ Ավետարանների և սաղմոսների քաջ իմացությունն ու անգիր իմանալը պարտադիր են եղել միջնադարյան վանքերում։
Ըստ մատչելիության՝ հին եկեղեցում պատանիներին խորհուրդ է տրվել ընթերցել Սիրաքի գիրքը (նման որոշում է ընդունել նաև 768-ի Պարտավի ժողովը), իսկ ըստ Գրիգոր Տաթևացու՝ Առակացը պատանիների համար է, Ժողովողը՝ երիտասարդների, Երգ երգոցը՝ ծերերի։ Իսրայելում մինչև 30 տարեկան բոլորելը արգելված է եղել ընթերցել Ա-ի սկիզբը, Եզեկիելի գրքի սկիզբն ու վերջը և Երգ երգոցը։
Ա-ի մեկնությունը։ Քրիստոսի եկեղեցին քրիստոնեության մեջ հաստատված այն իշխանությունն է, որին վերապահված է ոչ միայն Ս․ Գիրքն անաղարտ պահելու, Աստծո խոսքը քարոզելու և ընթերցանությունը քաջալերելու, այլև այն մեկնելու առաքելությունը։ Ս․ Գիրքը իբրև գերբնական հայտնություն և երկնային ճշմարտությունների ժողովածու մեծավ մասամբ մատչելի՝ դյուրահասկանալի է, սակայն նրա մեջ առկա են նաև դժվարըմբըռնելի ու անըմբռնելի շերտեր (Բ Պետ․ 1․20–21)։ Ուստի եկեղեցու հայրերն ու վարդապետները, հավատացյալներին քմահաճ բացատրություններից և ըստ այդմ հերետիկոսությունից զերծ պահելու նպատակով, մեկնել են Ս․ Գրքի յուրաքանչյուր տողն ու բառը։ Քրիստ․ աշխարհում առավել հայտնի էին Ալեքսանդրիայի և Անտիոքի մեկնության դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իրեն հատուկ ուղղությունը։ Ալեքսանդրիայի դպրոցին բնորոշ էր Ա-ի մեկնության այլաբանական, իսկ Անտիոքի դպրոցին՝ տառացի մեթոդը (տես Մեկնողական գրականություն)։ Ա․ և նրա առանձին գրքերը մեկնել են Ընդհանրական եկեղեցու բոլոր հայրերը՝ Որոգինեսը, Աթանաս Ալեքսանդրացին, Հովհան Ոսկեբերանը, Կյուրեղ Ալեքսանդրացին, Եփրեմ Ասորին, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ։ Սուրբգրային արժեքավոր մեկնություններ են գրել Հայ եկեղեցու հայրերն ու վարդապետները՝ Եղիշեն, Հովհաննես Գ Օձնեցին, Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, Վարդան Արևելցին, Ներսես Լաբրոնացին, Եսայի Նչեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։
Ա-ի թարգմանությունները։ Ա․ թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։ Ա-ի թարգմանությունը հոգևոր, պատմամշակութային նշանակալից իրադարձություն էր ժողովուրդների կյանքում և որպես թարգման․ արվեստի գլուխգործոց, ձևավորել է նրանցից շատերի գրական լեզուն, իսկ որոշ դեպքերում էլ՝ պայմանավորել գրերի գյուտը և դպրությունը։ Սակայն թարգմանությունների միջոցով Աստծո խոսքի տարածումն աշխարհով մեկ այլ՝ հոգևոր խորհուրդ ունի։ Հին կտակարանը բազմիցս մարգարեացել է հեթանոսների՝ լույսը տեսնելու, իսկ Փրկիչը հստակ մարգարեացել է այդ մասին․ Այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում (Մատթ․ 24․14)։
Կարևորագույն և դասական են համարվում առաջին թարգմանությունները՝ հունարեն Յոթանասնիցը (Ք․ ծ․ ա․ III դ․), ասորերեն Պեշիտտան (II դ․), ղպտերենը (III դ․), լատիներեն Վուլգատան (IV դ․), գոթականը (IV դ․), հայերենը (V դ․), եթովպերենն ու վրացերենը (V դ․)։ Հին թարգմանությունների շարքը եզրափակում է սլավոներենը (IX դ․)։ Դրանց հարգն ու հեղինակությունը պայմանավորված է բացառապես հոգևոր-գործնական նկատառումներով և բարձրարժեք թարգմանություններով, հնությամբ և եկեղեցու հայրերի ու վարդապետների ճանաչմամբ ու վկայություններով։ Հին թարգմանությունները չափազանց կարևոր են քննական բնագրերի և մեկնությունների համար։
Այս թարգմանությունների շարքում հնագույնն ու ամենահեղինակավորը Հին կտակարանի Յոթանասնից հունարեն թարգմանությունն է, որը հետագայում դարձել է բազմաթիվ այլ թարգմանությունների աղբյուրն ու բնագիրը։ Այս թարգմանության մասին մեզ հասած հնագույն աղբյուրը Արիստեոսյան նամակն է, ըստ որի՝ այն կատարվել է Պտղոմեոս Երկրորդի (Ք․ծ․ա․ 285–246) օրոք։ Եգիպտոսի արքան, իր իսկ հիմնած Ալեքսանդրիայի գրադարանը հրեաների սրբազան գրքով համալրելու նպատակով, խնդրում է Երուսաղեմի Եղիազար քահանայապետին Օրենքի գրքի մի օրինակ և 72 թարգմանիչներ՝ յուրաքանչյուր ցեղից 6-ական հոգի։ Թարգմանիչներին տանում