(մինչև Ջոտտոյի Հուդայի համբույրը հռչակավոր որմնանկարը) թեմայի հորինվածքային կառուցվածքը համաշխ․ արվեստում գրեթե նույնն է մնացել։ Կենտր․ կերպարը այս պատկերում Հիսուսն է, որին ըստ արևելաքրիստ․ պատկերագր․ ավանդույթի՝ աջից, ըստ արևմտաքրիստ․ ավանդույթի՝ ձախից մոտեցել է Հուդան՝ համբույրով մատնելու Ուսուցչին։ Հիսուսին և Հուդային ջահերով, մահակներով, տեգերով, նիզակներով զինված շրջապատել են զինվորները և Երուսաղեմի սինագոգի քահանայապետը։ Սրա ծառան՝ Մաղքոսը, բռնել է Հիսուսի թևը, իսկ Պետրոս առաքյալը բարձրացրել է սուրը՝ ծառայի ականջը կտրելու համար։ Մալաթիայի Ավետարան-ում (1057, Մատենադարան, ձեռ․ դ 3784) ամբողջ հորինվածքը կառուցված է հորիզոն․ ուղիղ գծի վրա, և Հուդան, ըստ հելլենիստ․ պատկերագրության ավանդույթի, մոտեցել է ձախ կողմից։ Հորիզոն․ գծի ավանդ․ կառուցվածքը խախտված է «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ում և Գրիգոր Ծաղկողի համապատասխան լուսանցազարդի պատկերում, որտեղ մանրանկարիչը հասել է գեղ․ մեծ ընդհանրացման։ «Մատնության» թեմայի ուշագրավ մեկնաբանություններ կան Վասպուրականի ձեռագրերում, հատկապես Ծերունի, Ռստակեսի, Հովհաննես Խիզանեցու մանրանկարներում։ Տարածված կանոնից շեղվել և ինքնատիպ գեղ․ արդյունքի են հասել «Մատնության» տեսարանը պատկերող նկարիչները «Վեհափառի Ավետարան»-ում։ Հայ մանրանկարիչները հաճախ միևնույն էջի վրա այս հորինվածքի հետ պատկերել են նաև Պետրոս առաքյալի ուրացման պահը։
«Խորհրդավոր ընթրիքի» պատկերագրությունը սովորաբար ներկայացնում է վերնատունը (հաճախ՝ եկեղեցու, երբեմն՝ սյունազարդ սրահի տեսքով), որտեղ սեղանի շուրջը նստած են Հիսուսը և տասներկու (երբեմն ավելի պակաս թվով) առաքյալները։ Հիսուսից աջ նստած է լինում Պետրոս առաքյալը, ձախ կողմում՝ Հովհաննես առաքյալը։ Հուդան ներկայացվում է կիսադեմով, մնացած բոլորը՝ լրիվ դեմքերով։ Սեղանի վրա պատկերվում են հաց, գինի, ձուկ, պնակներ, գավաթներ ևն։ Սեղանը լինում է կլոր, ձվաձև, ուղղանկյուն, սիգմայաձև, սեղանի սփռոցը՝ տարբեր գույների։ «Խորհրդավոր ընթրիքի» պատկերումները հայ արվեստում հայտնի են XI դարից և գեղ․ բարձր արդյունքի են հասել հատկապես XIII դ․ մանրանկարներում։ «Թարգմանչաց Ավետարան»-ի համապատասխան մանրանկարը համաքրիստ․ արվեստի գլուխգործոցներից է։
«Ոտնլվայի» արարողությունը ներկայացնող առաջին պատկերները հայտնի են դեռևս IV–V դդ․ տապանաքարերից։ Հայկ․ արվեստում այն տեղ է գրավել X դ․, Աղթամարի վանքի Ս․ Խաչ եկեղեցու որմնանկարներում։ «Վեհափառի Ավետարան»-ի տերունական համապատասխան պատկերը հայկ․ մանրանկարչության հնագույն նմուշներից է։ Տեսարանում պատկերված է Վերջին ընթրիքի սեղանից վեր կացած Հիսուսը՝ Պետրոսի ոտքերը լվանալիս։ Մյուս առաքյալները սպասում են, նախապատրաստվում խոնարհությամբ ենթարկվելու Ուսուցչի արարողակարգին։ Պետրոսի ոտքերը դրված են լինում կոնքի մեջ։ Հիսուսն ավելի հաճախ պատկերվում է կանգնած կամ կանգնած և առաջ թեքված, երբեմն՝ նստած։ Վասպուրականի մանրանկարիչները երբեմն Հիսուսին պատկերել են կռացած, ծնրադիր։ Ուշագրավ են Ոտնլվայի տեսարանը ներկայացնող Սարգիս Պիծակի պատկերումները։
«Խաչելության» տեսարանը ամենատարածված թեմաներից է։ Հնագույն պատկերները պահպանվել են պաղեստինյան սրվակների վրա, Կապադովկիայի որմնանկարներում, Հռոմում, Հայաստանի IV–V դդ․ եկեղեցիների պատերին։ Հետաքրքրական են Աղթամարի Ս․ Խաչ եկեղեցու որմնանկարի համապատասխան հատվածը (921), «Վեհափառի Ավետարան»-ի «Խաչելության» դրվագը պատկերող մանրանկարը։ Ըստ քրիստ․ պատկերագրության, Հիսուսը պատկերվում է խաչի վրա գամված, գլուխը թեքած, աչքերը փակ (երբեմն՝ բաց), գլխի շուրջը՝ պսակ։ Խաչը կանգնած է Գողգոթան խորհրդանշող վեմի և Ադամի գանգի վրա, որը պատկերվում է վեմի ներսում՝ խորհըրդանշական ոճով։ XII–XIII դդ․ եվրոպացի նկարիչները Հիսուսին պատկերել են փշեպսակով խաչված։ Այս շրջանում եվրոպ․ (նաև Կիլիկիայում) արվեստում խաչի աջ և ձախ մասերում պատկերվում են թագակիր և թագը գլխից ընկնող երկու կերպարներ, որոնք խորհըրդանշում են քրիստ․ եկեղեցին և հրեական սինագոգը։ Ավելի հաճախ խաչի աջ կողմում կանգնած են լինում Տիրամայրը և սուրբ կանայք, ձախում՝ Հովհաննես ավետարանիչը։ Իսկ տեգ և սպունգ կրող զինվորները երբեմն