Վարդանանց պատերազմի ժամանակ, երբ պարսից զորքը Հայաստան է մտել, հայ հոգևորականներից ոմանք, ըստ Եղիշեի՝ «զԱւետարանն ի ձեռն առեալ» աղոթել են առ Աստված, իսկ մարզպան Վասակ Սյունեցու գործունեության շրջանում հայ եպիսկոպոսները «զԱւետարանն ի ձեռն առեալ» շտապել են սպարապետ Վարդան Մամիկոնյանի մոտ, «սուրբ Աւետարանաւս» աղաչել մարզպանի և պարսից մոգերի կատարած չարագործությունների առաջն առնել։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկն իր տառապանքների ժամանակ փոքրիկ Ա․ է ունեցել, որը պատկանել է Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևին, «․․․եւ Նովաւ ի ծածուկ զԱստուած աղաչէր» («Սոփերք հայկականք», հ․ 9, էջ 27)։ Հայոց թագավորներն իրենց երդումը Ա-ի վրա են տվել։
Գրիգոր Տաթևացին և Վարդան Վարդապետը վկայում են, որ հայերը «բանս յԱւետարանէն գրելով» տվել են հանգուցյալ քահանայի ձեռքը։ Ա-ները որպես պաշտպանիչ զորություն պատերազմի դաշտ են տարել։ Երբ Վասպուրականի իշխան, զորավար Գուրգեն Արծրունին (Ապուպելճ) կռվում էր արաբ զորապետ Բուղայի դեմ, հայ քահանաները «բարձեալ ի վեր զԱւետարանն սուրբ» աղոթք են արել, և Արծրունյաց իշխանը շահել է 851-ի ճակատամարտը։ Ինչպես վկայում են Հովհան Ոսկեբերանը և ուրիշներ, որպես պահպանիչ զորություն հնուց ի վեր սովորություն է եղել Ա-ներից հատվածներ ընդօրինակելը և անձի վրա կրելը։ Այդ երևույթը եղել է նաև հայ իրականության մեջ․ ըստ Հովհաննես Երզնկացու, հայ կանայք իրենց զավակների պարանոցից փոքր «ավետարանակ կապեն» որպես պահպանություն։ Մեծոփավանքի առաջնորդ և վանքի դպրոցի ղեկավար Հովհաննես Մեծոփեցու (XIV–XV դդ․) մասին Թովմա Մեծոփեցին պատմում է, թե «հաւատացելոց եւ անհաւատից» համար «Աւետարանին ընթերցմամբ» ցավեր ու հիվանդություններ էր բժշկում։ Հայտնի է, որ բժշկության աղոթքների կողքին կան նաև «Աւետարանք բժշկութեան» (Մաշտոց ծիսամատյան), այսինքն՝ Քրիստոսի աստվածային-աստվածաշունչ խոսքերը կարդալը և ունկնդրելը արդեն իսկ երկնային օգնություն էր հիվանդներին, ուստի, հնուց ի վեր եկած ավանդության համաձայն, յուրաքանչյուր քրիստոնյա հիվանդության ժամանակ հրավիրում է եկեղեցականի, որն իր այցելությամբ՝ ձեռքը հիվանդի գլխին դնելով, կարդում է բժշկության աղոթք՝ Ա․՝ ի ապաքինումն օրհնելով հիվանդին։
Ա․ ընթերցվում է եկեղեց․ գրեթե բոլոր արարողությունների ընթացքում։ Եկեղեցականն օրհնում է «Սուրբ խաչիւս եւ Սուրբ Աւետարանաւս» (Մաշտոց), այսինքն՝ ս․ խաչով և ս․ Ա-ով։ Եկեղեց․ ծիսական կյանքում Ա․ այն եզակի գիրքն է, որը երկրպագելի և համբուրելի է, սակայն, ինչպես նշում է Վրթանես Քերթողն իր «Յաղագս պատկերամարտից» երկում, այդ հարգանքը մատուցվում է ոչ թե գրքի նյութին, այլ՝ Ա-ի միջոցով և նրանում ներկայացված Փրկչին։ Հայ մատենագրության մեջ Ա․ ամենաշատ ընդօրինակված գիրքն է։
Ավետարանի մեկնությունները։ Եկեղեցու բոլոր հայրերը գրել են Ա-ների մեկնություններ, որոնք ունեցել են դավանաբան․ և գործնական-ծիսական նշանակություն։ Հայ եկեղեցու հայրերը և վարդապետները չափազանց կարևորել են Ա-ների մեկնությունները և տարբեր ժամանակներում, չնայած հրապարակի վրա եղած համաբնույթ մեկնությունների, օրվա հոգևոր կարիքները հոգալու նպատակով, վերստին մեկնել և բացատրել են այս կամ այն Ա․։ Ա-ների մեկնության առաջին փորձերը հայ իրականության մեջ կատարվել են դեռևս V դ․ (Դավիթ Անհաղթի մեկնությունը՝ «Զանազանութիւն Սրբոյ Աւետարանին Քրիստոսի»)։ Հայ հեղինակներից Ա-ները մեկնել են Ստեփանոս Սյունեցին («Մեկնութիւն չորից Աւետարանչաց»), Մատթեոսի Ա․՝ Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Մարկոսի Ա․՝ Բարսեղ Մաշկևորցին (XIII դ․), Ղուկասի Ա․՝ Սարգիս Կունդը (XII դ․), Իգնատիոս Սևլեռնեցին (XIII դ․), Մատթեոս Ջուղայեցին, Հովհաննեսի Ա․՝ Սարգիս Կունդը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Մատթեոս Ջուղայեցին, Գրիգոր Խլաթեցին և ուրիշներ։
Ղուկաս աբեղա Զաքարյան
Հայկ․ նկարազարդ ձեռագրերի ճնշող մեծամասնությունը Ա-ներ են։ Երևանի մատենադարանում պահվում են շուրջ 1750 ձեռագիր Ա-ներ։ Հնագույններն են «Վեհամոր Ավետարանը», որն ընդօրինակվել է VII–VIII դդ․, «Մլքե թագուհու Ավետարանը» (862), «Լազարյան Ավետարանը» (887) և «Վեհափառի Ավետարանը» (XI դ․)։ X–XI դդ․ նկարազարդվել են «Էջմիածնի Ավետարանը» (989), «Տրապիզոնի