Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/128

Այս էջը սրբագրված չէ

Սիդնեյում հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Ս․ Հարությունը, օծվել է 1957-ին։ 1965-ին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնվել է եկեղեցի, որը 1976-ին և 1991-ին վերակառուցվել է հայկ․ ճարտ․ ոճով։ Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր։ 1955-ից հրատարակվում է Լույս կրոնաեկեղեց․ ամսաթերթը։

Մելբուռնի հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Ս․ Աստվածածինը, գործում է 1962-ից։ 1976-ին համայնքը քաղաքի հայաշատ արվարձանում ձեռք է բերել ավելի մեծ եկեղեցի՝ կից սրահներով և գրասենյակային հարմարություններով։ Այստեղ ևս գործում են եկեղեցու վարչություն, եկեղեցուն կից՝ շաբաթօրյա վարժարան (1985-ից), Տիկնանց, Երիտասարդաց և այլ միություններ։ 1966-ից լույս է տեսնում Հույս երկամսյա պարբերականը։

Ավստրալահայ համայնքի ազգ․, կրթ․ գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից)։ Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին։

Նոր Զելանդիայում բնակվող շուրջ 60 հայ ընտանիքները կենտրոնացած են գլխավորապես Օքլենդ քաղաքում։ Համայնքի հոգևոր կարիքները հոգում են այցելու հոգևորականները։

Ա․ և Ն․ Զ․ թ-ի առաջնորդն է Աղան արք․ Պալիոզյանը (1981-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․6, 2-րդ պատկերը։

Աղան արք․ Պալիոզյան

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ, տես Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակություն հոդվածում։

ԱՏՈՄ ԱՆՁԵՎԱՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ), IX–X դարերի քաղաքական գործիչ, մատենագիր։ Արծրունիների Գուրգեն իշխանի կրտսեր որդին։ Եպիսկոպոս է ձեռնադրվել կյանքի վերջին տարիներին՝ 938-ից հետո։ Մտահոգված կենտրոնաձիգ պետության անվտանգությամբ՝ Ա․ Ա․ գործունորեն մասնակցել է երկրի ռազմաքաղ․ կյանքին։ Մանազկերտի Կայսիկ ամիրայի ապստամբությունը ճնշելիս իր զորքով օգնության է հասել Հայոց Սմբատ արքային (902)։ Սատարել է Վասպուրականի Գագիկ Արծրունի արքային (914)՝ վանելով արաբ բռնակալ, Ատրպատականի Յուսուֆ ամիրայի հարձակումը։ Ա․ Ա․ աչքի է ընկել նաև մշակութ․ գործունեությամբ։ Ա․ Ա-ու և նրա հոր պատվերով են ընդօրինակվել Կյուրեղ Երուսաղեմացու Կոչումն ընծայութեան աշխատությունն ու Եղիշեի Պատմությունը։ Նրա հանձնարարությամբ են գրվել Արամի, Արտավազդ Մազազունու և Թովմա քահանայի աստվածաբան․ թղթերն ու լուծմունքները։ Ա․ Ա-ու գրչին է պատկանում Հովհաննես Մկրտչին ձոնված մի ներբող, որը շարադրվել է, հավանաբար, 940-ական թթ․։ Ներբողում արևելաքրիստ․ մեկնաբանական հարուստ փորձի հիման վրա տրվում է Հովհաննես Մկրտչի անձի և գործունեության տեսական-աստվածաբան․ համակողմանի վերլուծությունը։

Գրկ․ Հովսեփյան Գ․, Իններորդ դարի ձեռագրական մի հատակտոր և Ատոմ Անձևացյաց իշխան, Էջմիածին, 1946, դ 8–10։ Քոլանջյան Ս․, Նորահայտ պատառիկներ Կյուրեղ Երուսաղեմացու Թ դարի մի ձեռագրից, ԲՄ, դ 5, 1960։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976, էջ 704–705։ Քյոսեյան Հ․, Ատոմ Անձևացին և նրա ներբողը՝ նվիրված Հովհաննես Մկրտչին, ՀԱ, 1987, էջ 513–526 (ուսումնասիր․, բնագիր)։

Հակոբ Քյոսեյան

ԱՏՈՄԱԳԻՐ, Ատոմադիր, Տոնացույց, Տոնացուցակ, Հռոմադիր, Հոռոմադիր, վկայաբանությունների և վարքերի ժողովածու։ Հռոմադիր է կոչվել հռոմեական ամիսների օրերի համաձայն դասավորված լինելու պատճառով։ Ենթադրվում է, որ Ա․ անվանումն առաջացել է Ս․ Ատոմի վանքից՝ իբրև նույն վանքում կարգավորված ժողովածու։ Ա․ ժողովածուն կազմել է վանքի վանահայր Գագիկը՝ 897-ին։ Կարգավորել է Ատոմ Վարագեցին՝ 1001-ին։ Համարվում է Հայսմավուրքի նախօրինակը։

Գրկ․ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976, էջ 709–710։

Հակոբ Քյոսեյան

ԱՏՈՄՅԱՆՔ առաջինք (նահ․ 449), V դարի տոնելի նահատակ զորականների երկու գունդ՝ շուրջ 1000 հոգի (ըստ այլ աղբյուրների՝ ավելի քիչ)։ Մարտիրոսական պսակ են ընդունել Հիսուս Քրիստոսին չուրանալու համար։ Եղել են հայ նախարարական գնդեր, որոնք Վարդանանց շարժումից առաջ ծառայել են պարսկ․ բանակում, Պարսից Հազկերտ արքայի (439–457) օրոք, բնիկ տերերի՝ Ատոմ