թելով գործված վարագույրներով, ոսկե ու արծաթե անոթներով ու ջահերով, Ա․ կ-ին կից բացել բարձրագույն դպրոց ու մատենադարան, բազմաթիվ ձեռագրեր հավաքել այդտեղ և ընդօրինակել տվել նորերը։ Հայաստանի անկախության կորստից (1045) հետո Արգինայի Կաթողիկեն վերածվել է բերդ-եկեղեցու, նրա ծածկի վրա բարձրացվել են պատեր, և այդ լրացուցիչ ծանրությունը հետագայում նույնպես դարձել է եկեղեցու ավերման պատճառ։ XX դ․ սկզբին դեռ պահպանվել էին Կաթողիկեի հս․ պատը և արմ․ պատի մի մասը, արմ․ մուտքը՝ 1012-ի արձանագրությամբ (այժմ Կաթողիկեի, ինչպես և կաթողիկոսարանի շենքերի ու Արգինայի մյուս երեք եկեղեցիների հետքերն անհետացել են)։ Խաչիկ Ա Արշարունին ամփոփվել է Արգինայի Կաթողիկեի հս․ կողմում շինված դամբարանում։ Ա․ կ-ին կից X դ․ գործել է մեծ համբավ վայելող վարդապետարան։ Այնտեղ աստվածաբանության հետ ուսանել են իմաստասիրություն, հռետորություն, մեկնողական արվեստ։ Դասավանդել են Հնձուց վանքի նախկին առաջնորդ Հովսեփ վարդապետը, Թեղենյաց մենաստանից՝ Կիրակոսը, Աղվանքից՝ Սարգիսը ևն։ Արգինայի բարձրագույն դպրոցում սովորել են նաև աշխարհականները։ Կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին կաթողիկոսարանի հետ միասին Արգինայից Անի է տեղափոխել նաև մատենադարանը և վարդապետարանը (տես Անիի կաթողիկոսարան)։
Գրկ․ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե․, 2000։ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե․, 1991։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [Հ․] 1, Ե․, 1942։ Օրմանյան Մ․, Ազգապատում, Հ․ 1, ԿՊ, 1912։ Հասրաթյան Մ․, Արգինայի Կաթողիկեն, ՀԱ, 1977։
Մուրադ Հասրաթյան
ԱՐԴՎԻԻ Ս․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆՔ, Սրբանես վանք, ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիս-արևմտյան եզրին։ Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Հս․ եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է։ XIII դ․ եկեղեցու արմ․ ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել։ XVII դ․, եկեղեցիներից հվ․ կառուցել են առանձին կանգնած, խորանարդաձև ստորին ծավալով և վեցասյուն ռոտոնդայով զանգակատուն։ Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտ․ շենքերի ավերակները, համալիրից արմ․ միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով։ Վանքը XIX դ․ նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902-ին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։
Գրկ․ Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Թ․, 1842։ Շախկյան Գ․, Լոռի․ պատմության քարակերտ էջերը, Ե․, 1986։
Մուրադ Հասրաթյան
ԱՐԵՆԻԻ Ս․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, բարձունքի վրա։ Ըստ արմ․ մուտքի արձանագրության, կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մոմիկը։ Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցին մեկ զույգ արմ․ մույթերով, խորանի երկու կողմերում ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք ունի։ Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները։ Արմ․ մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա Աստվածածինն է՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում, գմբեթակիր քառա-