Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/14

Այս էջը սրբագրված է

 դրույթները, լուծարել վերոհիշյալ մարմինները։ Նշված սկզբունքները խախտելու համար նա կարող էր ենթարկվել պատասխանատվության, իսկ ծայրահեղ դեպքում՝ պաշտոնանկ արվել։ Նոր պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը գտնվում էր ազգ․ կրոն․ և քաղ․ ժողովների հաստատած տեղապահի իրավասության ներքո։ Պատրիարք կարող էր ընտրվել 35 տարին լրացած, օսմ․ կայսրության տարածքում Հայ առաքելական եկեղեցու թեմերի «համազգային» հեղինակություն վայելած յուրաքանչյուր եպիսկոպոս։ Պատրիարքին կից գործելու էին ազգ․ կրոն․ (կազմված 14 հոգևորականներից) և քաղ․ (կազմված 20 աշխարհիկ անձանցից) ժողովներ։ Ազգ․ կրոն․ ժողովի իրավասությանն էին հանձնված եկեղեց․ տարաբնույթ հարցերի քննությունն ու լուծումը։ Քաղ․ ժողովը տնօրինելու էր աշխարհիկ բնույթի գործերը։ Նրա գերատեսչության ներքո ստեղծվելու էին ուս․, տնտ․, դատաստանական և վանորեից խորհուրդներ, ինչպես նաև՝ 3 հոգաբարձություններ (ելևմտից, կտակաց, հիվանդանոցների, բոլորն էլ ենթարկվելու էին տնտ․ խորհրդին)։ Ինչպես ազգ․ կրոն․, այնպես էլ քաղ․ ժողովների անդամները վերընտրվելու էին 2 տարին մեկ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Ա գլխի 3-րդ մասը վերաբերում էր Երուսաղեմի հայոց պատրիարքարանին։ Տեղի պատրիարքն ընտրվելու էր Ս․ Հակոբյանց վանքի միաբանության անդամ, 35 տարին լրացած եպիսկոպոսներից, ցմահ՝ ազգ․ կրոն․ և քաղ․ ժողովների համատեղ նիստում։

Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանին կից գործելու էին Ազգ․ ընդհանուր ժողովը (բարձրագույն օրենսդիր մարմին) և Ազգ․ կենտր․ վարչությունը (գործադիր մարմին)։ Արևմտահայության բոլոր խավերի շահերն արտահայտելու նպատակով Ազգ․ ընդհանուր ժողովը պետք է լիներ ներկայացուցչական։ Պատգամավորները (երեսփոխանները) ընտրվելու էին ըստ Կ․ Պոլսի թաղերի և առանձին գավառների՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, այլ ոչ թե նախկին կարգով՝ ըստ արհեստավորական միությունների (էսնաֆությունների)։ Ընտրելու իրավունք ունեին 25, իսկ ընտրվելու՝ 30 տարին լրացած, նախկինում չդատված անձինք։ Ազգ․ ընդհանուր ժողովի պատգամավորների թիվը սահմանված էր 140 (20-ը՝ հոգևորական, 120-ը՝ աշխարհիկ, որից 80-ը՝ պոլսահայ, 40-ը՝ գավառների ներկայացուցիչներ)։ Պատգամավորներն ընտրվում էին 10 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր 2 տարին Ազգ․ ընդհանուր ժողովի կազմի 1/5-ը նորացվելու պայմանով։ Ժողովը հսկելու էր Ա․ ս-յան «անխախտ» կատարումը, ինչպես նաև պատրիարքի (Ազգ․ ընդհանուր ժողովի նախագահը), ազգ․ կրոն․ և քաղ․ ժողովների գործունեությունը։ Ազգ․ ընդհանուր ժողովն էր ընտրելու Կ․ Պոլսի հայոց պատրիարքին, ազգ․ կրոն․ ու քաղ․ ժողովների անդամներին, երեսփոխանները մասնակցելու էին Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններին։ Ազգ․ ընդհանուր ժողովի նիստերը գումարվելու էին 2 տարին մեկ (նախն․ տարբերակում՝ ամեն տարի)։

Տեղական բնույթի այլևայլ հարցեր լուծելու և դրանց իրագործումը վերահսկելու համար Կ․ Պոլսում ստեղծվելու էին թաղային խորհուրդներ՝ վերը նշված սկզբունքներով։ Գավառների գործերը տնօրինելու էին ազգ․ գավառական վարչությունները՝ տվյալ եկեղեց․ թեմի առաջնորդի նախագահությամբ։ Վերջինս գործավարելու էր տեղական ազգ․ և քաղ․ ժողովների հետ համատեղ։ Գավառներում ևս ընտրվելու էին թաղային խորհուրդներ ևն։ Ա․ ս․ պարտադիր պայման էր համարում աշխատանք և համապատասխան շահույթ ունեցող յուրաքանչյուր հայ անհատի կողմից ամենամյա «ազգային տուրքի» մուծումը։

Ա․ ս-յան հիմն․ սկզբունքները հայտարարվում էին անփոփոխելի։ Սակայն անհրաժեշտության դեպքում և որոշակի պայմանով (Ա․ ս-յան հաստատումից 5 տարի անց) հատուկ հանձնաժողովին («վերաքննութեան յանձնաժողով») թույլատրվում էր վերանայել առանձին դրույթներ կամ ձևակերպումներ (փոփոխված հոդվածները կիրառվելու էին Բարձր դռան հաստատելուց հետո միայն)։

Չնայած զգալի թերություններին, Ա․ ս․ նոր և առաջադիմ․ երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավար․ հիմքերի վրա դնել Կ․ Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել օսմ․ պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ա․ ս-յան գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ․ էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգ․ ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկ․ բարեփոխումների