որոնք պահվում են Վիեննայի ազգ․ և Միլանի Ամբրոսյան գրադարաններում։ Ջենովայում 1307-ին հայերը կառուցել են Ս․ Բարդուղիմեոս վանքը և եկեղեցին (գոյատևել է մինչև 1650-ը)։ Վենետիկում 1348-ին հիշատակվում են հայկ․ Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը, 1434-ին՝ Ս․ Խաչ եկեղեցին (որը 1717-ից պատկանում է Մխիթարյան միաբանությանը)։
XIV դ․ վերջին, ինկվիզիցիայի հալածանքների և հայերի բռնի կաթոլիկացման հետևանքով, հայկ․ եկեղեց․ կառույցներն անցել են տեղի կաթոլիկ եկեղեց․ իշխանություններին։
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իտալիայի համայնքն իր այժմյան վիճակով ստեղծվել է 1900-ական թթ․ սկզբին, Թուրքիայից և Մերձ․ Արևելքի այլ երկրներից գաղթած հայերից, որոնք հաստատվել են Հս․ Իտալիայի Միլան և շրջակայքի մեծ ու փոքր քաղաքներում։ Համայնքի անդրանիկ հոգևոր հովիվ է կարգվել Եղիշե քհն․ Պարսամյանը (1924–37)։ Նրա մահից հետո համայնքը մեկ ու կես տասնամյակ ունեցել է Փարիզից, Մարսելից, Վիեննայից հրավիրված այցելու հովիվ։ Երկրորդ համաշխ․ պատերազմի նախօրեին ստեղծվել է Իտալիայի հայոց միությունը, որի կանոնադրությունը պաշտոնապես վավերացրել է Իտալիայի կառավարությունը։ 1950-ական թթ․ սկզբին հայերը կրոն․ արարողությունների համար օգտագործել են Միլանի անգլիկան Ամենայն Սրբոց եկեղեցին։ 1955-ին Իտալիայի պետ․ իշխանությունները Հռոմում նախագահական հրովարտակով ճանաչել են երկրում Հայ առաքելական եկեղեցու դավանանքին պատկանող հավատացյալների համայնքը և պաշտոնապես թույլատրել եկեղեցի կառուցել։ Ներկայումս Միլանում գործող Իտալիայի միակ հայկ․՝ Ս․ Քառասուն Մանկունք եկեղեցին կառուցվել է 1957-ին (ճարտ-ներ՝ Ռ․ Իսրայելյան, Պ․ Սուրյան), օծվել՝ 1958-ին։ Հովվական պաշտոնի է հրավիրվել Երուսաղեմի Ս․ Հակոբյանց միաբանության անդամ Զգոն եպս․ Տեր-Հակոբյանը (1955–75)։ Սրան հաջորդել է Ժիրայր վրդ․ Թաշճյանը (1975–77)։
Եկեղեցու բակում 1986-ին կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ 1915-ի եղեռնի զոհերի։
Եկեղեցին, ըստ հոգևոր կանոնագրի, ունի համայնքի կողմից ընտրված հինգ հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ։ Միլանում է գտնվում Հայ տունը։
Իտալիայի հայոց հոգևոր հովիվն է Սարգիս քհն․ Սարգիսյանը (1977-ից)։
Ալբանիայում հայկ․ եկեղեցի չկա։ Հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը կատարում են այցելու հովիվները։
Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․7, 4-րդ և 2․8, 1–3-րդ պատկերները։
ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐ, Արեվորդիք, Հայաստանում և բյուզանդական Միջագետք (Մեսոպոտամիա) բանակաթեմում հիմնականում XI–XII դարերում տարածված քրիստոնեական աղանդ։ Ըստ հայկ․ աղբյուրների, Ա-ի գաղափարական նախահայր է համարվում մազդակյանների գաղափարախոս Խարգանի որդի մոգ Զրադաշտը (III դ․)։ Առաջին անգամ հիշատակվում են Գրիգոր Մագիստրոսի՝ հակոբիկ ասորիների կաթողիկոսին գրած նամակում։ Արաբ․ աղբյուրներում Ա․ կոչվում են շամսիյյա՝ արևային։ Նրանք ազգությամբ հայեր էին և ծառայում էին արաբ ամիրաների բանակներում։ Ա-ի մասին ավելի մանրամասն հիշատակում է Ներսես Շնորհալին Յաղագս Արևորդեացն դարձի թղթում։ Հայոց կաթողիկոսը հայտնում է, որ իր ժամանակ (1170-ական թթ․) Սամոսատ քաղաքում բնակվող արևորդիք կոչված աղանդավորները որոշել են հրաժարվել հերձվածի գաղափարներից ու հավատալիքներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը, զի որպէս ազգաւ և լեզուաւ ի տոհմէ հայոց են, յօժարին զի և հաւատով և հոգւով ի նոյն միաբանութիւն հաւասարեսցին ընդ նոսա։ Ըստ Ներսես Շնորհալու, Ա-ի աղանդը շատ հին է, գալիս է Գրիգոր Ա Լուսավորչի ժամանակներից, նրանց հավատալիքները կապվում են հեթանոս․ պաշտամունքի հետ։ Ա-ի պաշտած արեգակի տակ Քրիստոսն է ենթադրվել, և Քրիստոսին արեգակ են անվանել։ Պաշտել են նաև շուշան ծաղիկը, բարդի ծառը, քանզի, ըստ Ա-ի, Քրիստոսի խաչի փայտը բարդուց էր։ Մանիքեցիների (տես Մանիքեություն) և պավլիկյանների դեմ բյուզ․ եկեղեցու ընդունած Նզովման բանաձևերում գրված է․ Նզովում են Քրիստոսին արեգակ անվանողներին և արեգակին աղոթողներին։ Աղբյուրներում Ա-ի մասին վերջին անգամ հիշատակվում է XIV դ․։ Մխիթար Ապարանցին վկայում է, որ Մանազկերտի շրջանում դեռևս կային ազգությամբ հայ արևապաշտներ, որոնք ոչ գիր, ոչ դպրություն ունեին, այլ իրենց գաղափարներն ուսուցանում էին նախնիներից պահպանված ավանդազրույցների միջոցով։