Հոգևոր կատարելության հասնելու կանոններն ուսանելուց հետո, որպես ճգնավորների խմբի առաջնորդ՝ բնակություն է հաստատել լեռներում։ Իրեն ենթարկել է խստակենցաղ կյանքի և այնքան նվիրվել մենակեցությանը, որ երբ Հայոց արքա Տրդատ Գ Մեծի պատվիրակները եկել են նրան Հայաստան տանելու, հրաժարվել է։ Սակայն տեղի տալով քրիստոնյա հավատացյալների հորդորներին՝ Լաւ է, ասեն, քեզ գործ մշակութեանն Աստուծոյ՝ քան զայդ մենաւորութիւն բնակութեան յանապատի այդր, համաձայնել է։ Քանի որ Գրիգոր Ա Լուսավորիչը բացակայել է Հայրապետանոցից, որդուն ձեռնադրել է փոխեպիսկոպոսապետ և ընթացիկ գործերի կատարումը նրան հանձնել։ Ա․ Ա Պ․ մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325) և Հայաստան բերել Նիկիայի Հավատո հանգանակը։ Նրա վերադարձից հետո Գրիգոր Ա Լուսավորիչը ապրել է ճգնակյաց կյանքով։ Ա․ Ա Պ․ առանց նոր ընտրության և հայրապետ․ ձեռնադրության նստաւ յաթոռ կաթողիկոսութեան Հայոց Մեծաց։ Հայրապետության տարիներին հիմնականում զբաղվել է քարոզչ․ աշխատանքով, պայքարել է հեթանոսության դեմ։ Սպանվել է Ծոփքում՝ Արքեղայոս նախարարի ձեռքով, հակահեթանոս․ պայքար ծավալելու համար։ Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվել է Երզնկայի Ջուխտակ-Հայրապետ վանքը։
Ա․ Ա Պ․ Հայ եկեղեցու տոնելի սրբերից է, հիշատակը նշվում է Գրիգոր Ա Լուսավորչի Որդւոց եւ թոռանց տոնի հետ՝ Ս․ Ծննդյան երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, երբեմն փոխադրվում է Վարդավառի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։
Կաթողիկոս․ գահին Ա․ Ա Պ-ին հաջորդել է Վրթանես Ա Պարթևը։
Գրկ․ Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե․, 1986։ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1997։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։
Արթուր Կարապետյան
ԱՐԻՍՏԱԿԵՍ Բ ԱԹՈՌԱԿԱԼ (ծ․ թ․ անհտ – 1469, Ս․ Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1465-ից։ Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին, որը 1448-ից Ա․ Բ Ա-ին նշանակել է աթոռակից։ 1460-ին Աղթամարի Զաքարիա կաթողիկոսն ու Սարգիս եպիսկոպոսը կարակոյունլուների իշխան Ջհանշահի օգնությամբ աթոռազրկում են Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին ու Ա․ Բ Ա-ին և զավթում Ամենայն հայոց կաթողիկոս․ գահը։ 1461-ին Գրիգոր Ժ Ջալալբեկյանցն ու Ա․ Բ Ա․ վերականգնել են իրենց իրավունքները և վտարել Զաքարիային։ 1467-ին Ա․ Բ Ա․ Լեհաստանի հայ համայնքի համար եպիսկոպոս է ձեռնադրել, որը պետք է համագործակցեր համայնքի Տանուտերաց ժողովի հետ։ Այդ կապակցությամբ նույն թվին մի կոնդակ է հղել լեհահայ համայնքին։
Կաթողիկոս․ գահին Ա․ Բ Ա-ին հաջորդել է Սարգիս Բ Աջատարը։
Գրկ․ Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե․, 1990։ Սիմեոն Երեվանցի, Ջամբռ, Վաղ-պատ, 1873։ Չամչյանց Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑԻ, Արիստակես Լաստիվերտցի [մոտ 1002, գ․ Լաստիվեր (Բարձր Հայք նահանգի Կարնո գավառ) –1080], պատմագիր։ Վկա է եղել սելջուկ թուրքերի վայրագություններին, Արծնի և Սմբատալեռան (Սմբատաբերդի) սոսկալի կոտորածներին, տեղահանվել է և հալածվել։
Ա․ Լ․ խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հուն-ին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը։ Գլխ․ աշխատությունն է 1072–79-ին գրած Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ վարդապետի․․․ երկը։ Բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլխից և հեղինակի հիշատակարանից։ Ա․ Լ․ իր նկարագրած դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը։ Ողբալով սելջուկ թուրքերի պատճառած աղետները և նվաճված Հայաստանի վիճակը՝ պատմ․ դեպքերին վկայաբան․ բնույթ չի տվել, ներխուժումները չի դիտել իբրև կրոն․ տարբերության հետևանք, այլ համարել զավթող․ պատերազմ, որի դեմ պետք է պայքարել։ Բուն շարադրանքն ընդգրկում է 1000–45-ի հայ-բյուզ․ հարաբերությունները, սելջուկյան արշավանքները 1047–1048-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071)։ Մանրամասն նկարագրել է Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000–22), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը (1045) ևն։ Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզ․ պատմիչների, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների