Հայսմավուրք և 1502-ի մեկ Ճառընտիր։ XIV դ․ Արծկեի եպիսկոպոս Հակոբ Նետրարենցը վանքին երկու տաղ է ձոնել։ 1442-ին կառուցվել է Ա․ Ս․ Ս․ Ն․ վ-ի եկեղեցին, որն ունի հայկ․ ճարտ․ մեջ եզակի՝ մույթերի փոխարեն երկու գլանաձև սյուներով գմբեթավոր հորինվածք՝ արմ-ից կից, եկեղեցու հետ միաժամանակ կառուցված թաղածածկ գավթով։ XVII դ․ վանքը նորոգվել է, XVIII–XIX դդ․ ունեցել է գյուղեր, ագարակներ, դաշտեր, արտեր։ 1895-ին շրջակայքի քրդերը կողոպտել են և հրկիզել վանքը, որի ավերված բնակելի ու տնտ․ շենքերը XX դ․ սկզբին վերակառուցել է վանահայր Եղիշե վարդապետը։
Գրկ․ Շերենց Գ․, Սրբավայրեր, Թ․, 1902։ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, հ․ 2, Վնն․, 1942։ Де Маффеи Ф., Древняя основа архитектуры церкви в монастыре Сканчелагорц, Е., 1978; Cuneo P․, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988; Thierry J․ M․, Monuments armŽniens du Vaspurakan, P․, 1989․
Մուրադ Հասրաթյան
ԱՐԾՎԱԲԵՐԻ Ս․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Խառաբաստավանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Աղիովիտ գավառում, Արճեշից հյուսիս-արևելք։ Վանքի Ս․ Աստվածածին եկեղեցին (VII դ․) հռիփսիմեատիպ է՝ եզակի առանձնահատկությամբ․ արմ․ ավանդատները սրահաձև են, ներսից մուտք չունեն և արմ․ պատի փոխարեն արված կամարակապ մեծ բացվածքով հաղորդակցվում են դրսի հետ։ Որպես հս-արլ․ ավանդատան բարավոր օգտագործված է ուրարտ․ կոթող՝ Արգիշտի Ա թագավորի (Ք․ ծ․ ա․ 786–764) արձանագրությամբ։
Ա․ Ս․ Ա․ վ․ ուսումնագիտ․ բուռն վերելք է ապրել, երբ վանահայր Զաքիոսի հրավերով 1388-ին Աստապատի դպրոցից այստեղ է տեղափոխվել Սարգիս Ապրակունեցու վարդապետարանը։ Վանքն ունեցել է 60 աշակերտ, գործել է հռչակված Խառաբաստավանքի գըրչության կենտրոնը․ ողջ Վասպուրականից ձեռագրեր են հավաքել, երկեր ընդօրինակել և նորերը գրել։ Ըստ XV դ․ պատմիչ Թովմա Մեծոփեցու, Ա․ Ս․ Ա․ վ․ վերածվել է գիտության փեթակի։ Դասավանդող վարպետներից՝ Հովհան Որոտնեցու աշակերտ Գրիգոր Խլաթեցին Զաքիոս եպիսկոպոսի մահից (1401) հետո դըպրոցը տեղափոխել է Ցպնավանք։ Ա․ Ս․ Ա․ վ-ում գիտ․ և գրչական կյանքը վերստին աշխուժացել է Գրիգոր Տաթևացու աշակերտ և Թովմա Մեծոփեցու դասընկեր Կարապետ վարդապետի առաջնորդության ժամանակ, որը նորոգել է վանքը, ձեռք բերել Անիշատ գյուղը, այգիներ, արտեր, ջրաղացներ։ Հայտնի են Ա․ Ս․ Ա․ վ-ում ընդօրինակված Ոսկեփորիկ (1391, գրիչ՝ Գրիգոր Խլաթեցի), Մեկնութիւն հնգեմատենին Վարդանայ Արևելցո (1393, գրիչ՝ Մխիթար), Գրիգոր Տաթևացու Գիրք հարցմանցը (1414, գրիչ՝ Սարգիս) և Քարոզգիրքը (1418, գրիչ՝ Հակոբ), ինչպես նաև Մաշտոց (1443), Հայսմավուրք (1457, երկուսն էլ՝ գրիչ Իգնատիոս), Շարակնոց (1462) և 10 այլ ձեռագրեր։ 1435-ին վանքը տուժել է Շահռուխի ասպատակությունից։ 1441-ին վանահայր Կարապետ վարդապետը մասնակցել է Կիրակոս Վիրապեցու (Կիրակոս Ա Վիրապեցի) ընտրություններին, որն իր կրթությունն ստացել էր Ա․ Ս․ Ա․ վ-ում և այստեղ քահանա ձեռնադրվել։
XVIII–XIX դդ․ վանքն անկում է ապրել, 1830-ին քանդվել է եկեղեցու գմբեթը, 1867-ին Կ․ Պոլսի պատրիարքությունը Ա․ Ս․ Ա․ վ․ հանձնել է Լիմ անապատի վանահայր Անանիա վարդապետի տնօրինությանը։ 1895-ին վանքը և նրա մատենադարանը կողոպտվել են։
Գրկ․ Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ-Թամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860։ Շերենց Գ․, Սրբավայրեր, Թ․, 1902։ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, հ․ 2, Վնն․, 1942։ Thierry J․M․, L’église arménienne de la Mére de Dieu d’Arcuaber, “Cahiers archéologiques”, XXV, P․, 1976; Cuneo P․, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988․
Մուրադ Հասրաթյան
Արտաշես Մաթևոսյան
ԱՐԾՎԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ, աստվածաբանական-քաղաքական-մշակութային պարբերական։ Հրատարակվել է 1855–56-ին, Կ․ Պոլսում, 1858–64-ին՝ Վանի Ս․ Վարագավանքում։ Խմբագիր՝ Մ․ Խրիմյան (Մկրտիչ Ա Վանեցի)։ Կ․ Պոլսում լույս է ընծայվել պարբ-ի 12 համար։ Հոդվածներն ունեն բնութագր․ անվանակարգումներ՝ բանախոսական, բարոյական, հայրենասիրական ևն։ Հրատարակության 2-րդ