Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/151

Այս էջը սրբագրված է

 ողորմութեան, Նոր Նախիջևան, 1792։ Օրինակ օրհնութիւն թղթոյն, Մադրաս, 1794։ Քարոզ, Նոր Նախիջևան, 1795։ Խօսք ասացեալ ի վերափոխման Աստուածածնայ յեկեղեցւոջն հայոց, Աստրախան, 1796։ Կոնդակ օրհնութեան, Աստրախան, 1796։

Գրկ․ Լեո, Հովսեփ կաթողիկոս Արղութեան, Թ․, 1902։ Աղանյան Գ․, Դիւան հայոց պատմութեան, գիրք 3, մաս 1, Թ․, 1911։ Բարխուդարյան Վ․, Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն, Ե․, 1967։

Պավել Չոբանյան


ԱՐՄԱՇԻ ՉԱՐԽԱՓԱՆ Ս․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում, Նիկոմեդիայի (Իզմիթ) գավառում, Իզմիթից 25 կմ հեռավորության վրա, Արմաշ գյուղում։ Վանքը հիմնադրվել է 1416-ին և գործել նույն թվականի դեկտ․ 11-ից։ Հիմնադիր առաջնորդն է եղել «իւր ծախիւք» 18 խուց կառուցած ծերունի Սրապիոն վարդապետը։ Մինչ Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ։ 1416-ին հույները հրդեհել և լքել են այն, և այդտեղ են հաստատվել 1410-ին Մարաշից գաղթած ու հարևանությամբ ապաստանած հայերը։ Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է։

Մինչև Կ․ Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461) Ա․ Չ․ Ս․ Ա․ վ․ եղել է Արմ․ Անատոլիայի վանական կենտրոնը։ Հիշատակվել են երկու տասնյակից ավելի առաջնորդներ։ 1780-ից առաջնորդ է եղել տաղերգու Պետրոս արք․ Ղափանցին։ Բարթուղիմեոս արք․ Կապուտիկյանի օրոք (1786–1809) վերակազմվել է միաբանությունը, հաստատվել ուսումնարան, 1786-ին կառուցվել մատենադարանի շենքը։ 1804-ին Չակր Հասանն իր թշնամուն ապաստան տալու համար իբրև վրիժառություն ավերել է վանքը։ Պողոս արք․ Ղարախոչյանը (1810–25) դժվարությամբ ձեռք է բերել վերաշինության իրավունքի հրովարտակ (1820), և նույն թվի սեպտ․ 26-ին՝ Վարագա Խաչի տոնին կատարվել է վանքի օծումը։ Նրա ջանքերով վանքը վերագտել է իրեն և՛ իբրև ուխտատեղի, և՛ իբրև ուսումնակրթ․ կենտրոն։ Ստեփանոս արք․ Աղավնունու պատրիարքության (1831–39, 1840–41) օրոք վերջնականապես ձևավորվել է վանական համալիրը, ականավոր ուսուցչապետների շնորհիվ ծաղկել դպրոցը։ Ստեփանոս արք․ Մաղաքյանի (1856–65) գործուն մասնակցությամբ է նախապատրաստվել և ընդունվել Ա․ Չ․ Ս․ Ա․ վ-ի սահմանադրությունը։ 1864-ին ստեղծվել է տպարան, և սկսվել «Հույս» հանդեսի հրատ-ը։
Առաջնորդ Խորեն արք․ Աշըգյանը (1872–1888) Արմաշի դպրոցը վերածել է Ղևոնդյանց թոշակավոր գիշերօթիկ բարձրագույն վարժարանի։ Սակայն 1888-ի սեպտ․ 27-ի հրդեհը ի չիք է դարձրել վանահոր գործունեության արդյունքը։ Դառնալով Կ․ Պոլսի հայոց պատրիարք (1888–94)՝ Խորեն Աշըգյանը չի հրաժարվել Արմաշի վանքը թրքահայոց Վենետիկը դարձնելու նվիրական ծրագրից։ Շուտով որոշվել է Կ․ Պոլսի պատրիարքության դպրեվանքը (հոգևոր բարձրագույն ուս․ հաստատություն) հիմնադրել Ա․ Չ․ Ս․ Ա․ վ-ում։ Պատրիարք Խորեն Աշըգյանի հովանավորությամբ և փոխվանահայր-վերատեսուչ Մաղաքիա արք․ Օրմանյանի նախաձեռնությամբ Արմաշի դպրեվանքը բացվել է 1889-ի սեպտ․ 18-ին։ Փոխտեսչության պաշտոնն է ստանձնել Մ․ արք․ Օրմանյանի նվիրյալ աջակից Եղիշե ծ․ վրդ․ Դուրյանը (1897-ից՝ փոխվանահայր ու վերատեսուչ)։ Կրոն․ առարկաներից բացի դասավանդվել են իմաստասիրություն, բնական գիտություններ, հայագիտություն, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Դասավանդվող առարկաների շարքում գլխ․ տեղերից մեկը գրավել է երաժշտությունը (եկեղեց․ երաժշտություն, երգեցողություն, հայկ․ նոր ձայնագրություն և եվրոպ․ երաժշտ․ մշակույթի ուսումնասիրություն)։ Երախտավոր երաժշտապետներ են եղել Համբարձում Չերչյանը, Հակոբոս Այվազյանը, Արտավազդ Գալենտերյանը։ Ընդունվել են 17–22 տարեկան պատանիներ։ Ուսման տևողությունը՝ 7 տարի։ Նպատակն էր պատրաստել ոչ միայն հոգևորականներ, այլև՝ ուսուցիչներ։ 1895–96-ին դպրեվանքում է տպագրվել Կ․ Պոլսի «Մասիս» կրոնական հանդեսը։ 1896-ից գործել է որբերի դասարան։ Աշակերտների թիվը 1889–1914-ին հասել է շուրջ 300-ի։ Շրջանավարտները գործուն դեր են կատարել հայոց կրոն․ ու հաս-մշակութ․ կյանքում։ 1915-ին վանքը թալանվել է, միաբանությունը տարագրվել։