«Ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» ևն)։ Ա․ Ա․ իր ուրույն տեղն ունի նաև հայ մեկնաբան․ գրականության մեջ։
Հայ եկեղեցին ս․ Ա․ Ա-ու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարին և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ։
Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․1, 4-րդ պատկերը։
Երկ․ Ճառք, թուղթք և ընդդիմասացութիւնք, Վնտ․, 1899։ Սաղմոսների մեկնություն, թրգմ․ Մ․ Ղազարյան, Ե․, 2000։
Գրկ․ Զարբհանալյան Գ․, Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ․, 1889։ Գաթըրճյան Հ․, Սրբազան պատարագամատոյցք Հայոց, Վնն․, 1897, էջ 217–318։ Տեր-Մինասյան Ե․, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908։ Սագարդա Ն․, Յոյն-Արևելքի հին եկեղեցական աստվածաբանական գիտութիւնը իւր ծաղկման շրջանում (IV–V դդ․), Վաղ-պատ, 1910։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ 321–368։ Հատիտյան Ա․, Սուրբ Աթանաս հայրապետ Ալեքսանդրացի, «Էջմիածին», 1977, դ 2։ Քյոսեյան Հ․, Յունարէն բնագրով անյայտ ճառ ս․ Աթանաս Ալեքսանդրացու անուամբ, «Գանձասար», 5, 1994։ Նույնի, Ս․ Աթանաս Ալեքսանդրացու՝ հունարեն բնագրով անհայտ Անտիոքի եկեղեցուն հղած թղթի հայերեն թարգմանությունը, «Էջմիածին», 1995, դ 2–3։ Migne J․ P․, PG, t․ 25–28, P․, 1857–66; Quasten J․, Patrology, v․ 3, Utrecht, 1966; Geerard M․, Clavis patrum Graecorum, v․ 2, BrŽpols-Turhnout, 1974, p․ 12–60․
Հակոբ Քյոսեյան
ԱԹՈՌ, եկեղեցական իմաստով՝ 1․ առաքելական շնորհով հաստատված կամ փոխանցված եկեղեցու նվիրապետական իշխանության խորհրդանիշ։ Նվիրապետ․ Ա-ները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վարչ․ կառուցվածքի բաղկացուցիչ մասն են։ Հայ եկեղեցում գոյություն ունեն կաթողիկոսական, պատրիարքական և եպիսկոպոսական Ա-ներ։ Կաթողիկոս․ Ա-ները երկուսն են՝ Ամենայն հայոց ընդհանրական կաթողիկոսությունը՝ Ս․ Էջմիածնում (Մայր աթոռ, տես Կաթողիկոսություն ամենայն հայոց) և Կիլիկիո Ա․՝ Անթիլիասում (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո)։ Պատրիարքական Ա-ները Հայ եկեղեցում ևս երկուսն են (տես Երուսաղեմի հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն)։ Առաջնորդական Ա․ հասկացությունը ներկայումս գործածվում է հիմնականում եպիսկոպոսական Ա-ի համար, իսկ նախկինում գործածվել է նաև վանական առաջնորդությունների կամ վանական առաջնորդական Ա-ի պարագայում (տես Թեմ հոդվածում)։
2․ Եկեղեց․ կահավորանքի մաս, գահ, գահավորակ, որի վրա բազմում է եկեղեցու նվիրապետը, աթոռակալը (կաթողիկոս, պատրիարք, թեմական առաջնորդ)։ Գոյություն ունեն հաստատուն և շարժական Ա-ներ։ Հաստատուն Ա․ հատուկ է նվիրապետին կամ աթոռակալին, Մայր եկեղեցիներում (առաջնորդանիստ) այն անշարժ դրվում է եկեղեցու աջակողմյան դասի գլխավերևում և, աթոռակալի աստիճանի մեծության համեմատ, կարող է ունենալ մեկ, երկու կամ երեք աստիճան բարձր պատվանդան։ Հաստատուն Ա-ին բացի նվիրապետից ուրիշ բարձրաստիճան եկեղեցականներ չեն կարող նստել։ Շարժական Ա․ եկեղեցում գործածվում է ըստ անհրաժեշտության՝ բեմից քարոզելու, ատյանի (եկեղեցու բեմի և դասի մեջտեղը) համար, ձեռնադրությունների ժամանակ և այլ առիթներով։ Ա-ները զարդարվում են նվիրապետության խորհրդանշանով, նվիրական զարդերով, վերին մասում՝ սյուների վրա, կարող է լինել Մայր եկեղեցու կամ կաթողիկեի մանրակերտը։
Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․2, 1-ին պատկերը։
ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, քաղաք Եգիպտոսի (այժմ՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) հյուսիսում, Միջերկրական ծովի ափին, Նեղոս գետի դելտայի արևմտյան եզրին։Ընդհանրական եկեղեցու հինգ պատրիարքական աթոռներից, քրիստ․ մտքի, մշակույթի և գիտության նշանավոր կենտրոններից։ Հիմնադրել է հույն զորավար և պետ․ գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին (որի անունով էլ կոչվել է) Ք․ծ․ա․ 332–331-ին։ Մինչ քրիստոնեության մուտքը Ա․ եգիպտ․, հելլենիստ․ և հրեական մշակույթի, գիտության, կրթության կենտրոնն էր, Արևելքն ու Արևմուտքը միացնող Հին աշխարհի նշանավոր քաղաքներից։ Հայտնի էր իր մշակութ․, գիտ․, գրական և կրթ․ հաստատություններով (Ալեքսանդրիայի մուսեյոն, Ալեքսանդրիայի գրադարան, հեթանոս․ տաճարներ), փիլ․ դպրոցներով։ Ա-ում տիրող փիլ․ ուղղությունը նորպլատոնականությունն էր, որը քրիստ․ շրջանում մեծ ազդեցություն է ունեցել ալեքսանդրյան աստվածաբանության ձևավորման վրա։ Ա-ում է կատարվել Հին կտակարանի Յոթանասնից կոչված հուն․ թարգմանությունը Ք․ծ․ա․ III դ․։