Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/20

Այս էջը սրբագրված է

 շրջանն էր։ Ա-ի, ինչպես և Անտիոքի աստվածաբան․ դպրոցները փակվել են VI դ․, բյուզ․ կայսր Հուստինիանոս I-ի օրոք (527–565)։

Հայ եկեղեցականի մասին ամենահին տեղեկությունը կապված է Ա-ի աթոռի հետ։ Եվսեբիոս Կեսարացին իր «Պատմութիւն եկեղեցւոյ» աշխատության մեջ վկայում է, որ Ա-ի Դիոնիսիոս եպիսկոպոսը (248–265) նամակ է գրել հայոց Մեհրուժան եպիսկոպոսին (ըստ Ն․ Ադոնցի՝ նրա նստավայրը գտնվել է Ծոփաց աշխարհի Անգեղ գավառում)։ Դիոնիսիոս Ալեքսանդրացին Մեհրուժան եպիսկոպոսի կարծիքն է հարցրել քրիստոնյաների դեմ Դեկոս կայսրի (250–253) հալածանքների ժամանակ քրիստոնեությունն ուրացածներին ապաշխարությամբ կրկին եկեղեցի ընդունելու վերաբերյալ։ V–VI դդ․ կրթություն ստանալու համար Հայաստանից Ա․ են մեկնել հայ երիտասարդներ, որոնց թվում՝ պատմահայր Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը։ V դ․ վերջին Ա-ի պատրիարք Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» հակաքաղկեդոն․ երկի հայերեն թարգմանությամբ, այնուհետև 506-ին Դվինի եկեղեց․ ժողովում Քաղկեդոնի մերժմամբ Հայ եկեղեցին կանգնել է ալեքսանդրյան աստվածաբանության դիրքերի վրա՝ մերժելով հանգանակի վրա ավելացված, ալեքսանդրյան ավանդությանը և երեք տիեզերաժողովների դավանությանը հակասող ամեն մի նորամուծություն։

Գրկ․ Տեր-Մինասյան Ե․, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908։ Սագարդա Ն․, Յոյն-Արևելքի հին եկեղեցական աստուածաբանական գիտութիւնը իւր ծաղկման շրջանում, Էջմիածին, 1910։ Օրմանյան Մ․, Հայ եկեղեցին, ԿՊ, 1911։ Հատիտյան Ա․, Ալեքսանդրիայի եկեղեցու մեծ հայրապետները Բ–Ե դարերում, «Էջմիածին», 1981, № 8։ Quasten J․, Patrology, v․ 2–3, Utrecht, 1966․

Արտաշես Ղազարյան


ԱԼԻՇԱՆ Ղևոնդ (Ալիշանյան Քերովբե Պետրոս-Մարգարի) [6(18)․7․1820, Կ․ Պոլիս – 9(22)․11․1901, Ս․ Ղազար, Վենետիկ], բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից։ Ծնվել է դրամագետ-հնագետի ընտանիքում։ Ուսանել է Կ․ Պոլսի Չալըխյան վարժարանում (1830–32), Վենետիկի Մխիթարյանների վարժարանում (1832–41)։ 1841–50-ին, ապա 1866–72-ին՝ ուսուցիչ (1848-ից՝ տեսուչ) Վենետիկի Ռափայելյան, 1859–61-ին՝ Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1849–51-ին՝ «Բազմավեպի» խմբագիր, 1870-ից վարել է միաբանության աթոռակալի պարտականությունը, 1872-ից ամբողջովին նվիրվել գրական գործունեության։

Ֆրանս․ ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Իտալիայի Ասիական ընկերության (1887), Մոսկվայի հնագիտ․ ընկերության (1894), Վենետիկի ակադեմիայի (1896), Սանկտ Պետերբուրգի հնագիտ․ ընկերության (1896), Ենայի փիլ․ ակադեմիայի (1897) պատվավոր անդամ և դոկտոր։

Ա-ի գիտագեղ․ գործունեությունն սկսվել է 1843-ից՝ «Բազմավեպում» տպագրված արձակ ու չափածո և գիտաճանաչող․ գործերով, որոնց թվում է նրա բանաստեղծ․ ժառանգության բարձրակետը՝ «Նահապետի երգերը»։ «Սոփերք Հայկականք» մատենաշարով Ա․ ընդլայնել է հայ հին գրականության հրատարակման շրջանակն առավել պարզ շարադրանք ունեցող մատենագր․ մանր երկերով, որոնք նպաստելու էին Հայ եկեղեցու և դպրության առաջին դարերի պատմության հարցերի լուսաբանմանը։ Օսմ․ կայսրությունում հայության դեմ ուժեղացող հալածանքների պայմաններում, «Սոփերք Հայկականքի» հերոսների օրինակով, Ա․ այլաբանության ու փոխաբերության լեզվով և պատմ․ զուգահեռների միջոցով հորդորել է հավատարիմ մնալ հայրենատուր ավանդներին և նահատակների արյամբ ոռոգված հողին։ Նույն նպատակին է ծառայել նաև Ա-ի գեղ․ արձակը՝ «Յուշիկք հայրենեաց հայոցը» (հ․ 1–2, 1869–1870)։ Այստեղ հեղինակը, ըստ Հայ եկեղեցու Տոնացույցի, ներկայացրել է Հայոց պատմության ու մշակույթի նշանակալից 33 դրվագներ, որոնցում դիմել է Հայկ Նահապետի նորօրյա շառավղին՝ պատանի Հայկակին՝ պատգամելով հավատարիմ մնալ աստվածադիր օրենքներին և հայրենատուր ավանդներին։

1850-ական թթ․ Ա․, շարունակելով Մխիթարյան աշխարհագրագիտության ավանդները, ձեռնամուխ է եղել պատմ․ Հայաստանի նահանգների գավառ առ գավառ տեղագրությանը։ Ա․ ծրագրել էր պատմ․ Հայաստանի նահանգներն