Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/22

Այս էջը սրբագրված է

 XVII դ․) տեղում։ Կառուցումը սկսվել է 1862-ի մարտին, Ախալցխայի առաջնորդական փոխանորդ Գրիգոր վրդ․ Սագինյանի նախաձեռնությամբ և մեծահարուստ մահտեսի Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ։ Օծումը և անվանակոչությունը տեղի են ունեցել 1863-ին, իսկ շին․ աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1868-ին։ Ա․ Ս․ Վ․ ե․ 3 մուտքերով, կենտրոնագմբեթ, ութանիստ մույթերով, արմ-ից կից՝ եռահարկ, իսկ ճակտոնների գագաթներին՝ քառասյուն փոքր զանգակատներով կառույց է։ Ներսում կան երկու մույթեր, իսկ խորանի 2 կողմերում՝ մեկական ավանդատուն։ 1887-ին եկեղեցու բակում ամփոփվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացի, մեկենաս Վարդան Վարդանյանցի, ավելի ուշ՝ նաև նրա կնոջ աճյունը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․2, 2-րդ պատկերը։

Սամվել Կարապետյան


ԱԽԹԱԼԱՅԻ Ս․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա։ Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ․՝ Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում։ Ա․ Ս․ Ա․ վ․ եղել է Հս․ Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ․ կատարել է հոգևոր, կրթ․ ու մշակութ․ զգալի դեր։ Վանքի տարածքը շրջապատված է X դ․ Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հս-ից հվ․, հրվանդանի ամբողջ պարագծով։ Գլխ․ մուտքը հս-ից է։ Այն թաղակապ ձգված սրահ է, որից արլ․ բարձրանում է շրջանաձև հատակագծով եռահարկ բրգաձև աշտարակը։

XIII դ․ Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի։ Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոն․ կենտրոն, հայ-վրաց․ կրթարան։ Ա․ Ս․ Ա․ վ-ում XIII դ․ գործել է Սիմեոն Պղնձահանեցին։ Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկ․ և վրաց․ մատենագրություն։ Պատմիչ Ստեփանոս արք․ Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած՝ Օրբելյանների Աստվածընկալ Սուրբ Խաչը, որն էլ Իվանե Ա 1216-ին նվիրել է Նորավանքին։ Պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին Ա․ Ս․ Ա․ վ-ում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն։ 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը։

Ա․ Ս․ Ա․ վ-ի գլխավոր՝ Ս․ Աստվածածին եկեղեցին (XIII դ․) գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի մեկ զույգ ութանիստ մույթերով գմբեթավոր հորինվածք։ Եկեղեցու աղոթասրահն արլ-ում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են։ Գմբեթը (չի պահպանվել) բարձրացել է երկու մույթի և խորանի եզրապատի հետ համատեղված որմնամույթերի միջև գցված կամարների վրա։ Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը։ Արլ․ ճակատը մշակված է եռանկյունաձև խորշերով։ Ս․ Աստվածածին եկեղեցուն արլ-ից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով թաղածածկ, ուղղանկյուն խորանով եկեղեցի (XIII դ․)։ Վանքի բակի հս-արմ․ կողմում կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցին (XIII դ․)՝ արլ․ ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով։ Վանքն ունեցել է բնակելի և տնտ․ շինություններ, որոնցից պահպանվել են արլ․ պարսպապատին հարող կրկնահարկ կառույցի պատերը։ 1976–78-ին Ա․ Ս․ Ա․ վ․ մասնակի վերանորոգվել է։

Ս․ Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հս-արմ․ մասից) նկարազարդված է։ Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնանկարներով (XIII դ․)։ Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած, նրանից ցած՝ «Հաղորդություն» տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը, Եվսեբիոս Կեսարացին ևն)։ Հս․ պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հվ-արմ․ կողմը նվիրված է ս․ Հովհաննես Մկրտչին։ Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սըրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները։ Արտակարգ բազմազան են զարդանկարները։ Տարբեր