Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/24

Այս էջը սրբագրված է

 մարդկանցից կազմված հաստատություն։ 1307-ի Սսի եկեղեց․ ժողովին մասնակցել են նաև Ակների պատգամավորները՝ հանձին Վարդան վարդապետի և Սարգիս վանահոր։ Գահից հրաժարվելուց հետո Ա․ ա-ում է առանձնացել Հեթում Ա թագավորը (1226–70)։ Այնտեղ է թաղված Լևոն Բ թագավորի սիրտը, ինչպես և Պաղտին մարաջախտը, իշխաններ, հոգևորականներ։ XIV դարից հետո Ա․ ա-ի անունն այլևս չի հիշատակվում (հավանաբար ավերել են եգիպտ․ զորքերը՝ 1375-ին Սիսը պաշարելու ժամանակ)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․3, 1–2-րդ պատկերները։

Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։ Ակինյան Ն․, «Ականց կամ Ակների վանքը», տես նրա Մատենագրական հետազոտություններ, հ․ 5, Վնն․, 1953։ Ազարյան Լ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ․, Ե․, 1964, էջ 76–88։ Մելիք-Բախշյան Ս․, Ակների գրչության դպրոցը, ԲԵՀ, 1968, № 3։


ԱԿԻՆՅԱՆ Ներսես Հակոբի (ավազանի անունը՝ Գաբրիել, 10․9․1883, Արդվին – 28․10․1963, Վիեննա), բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1901), Վիեննայի համալսարանի փիլ․ պատվավոր դ-ր (1954)։ Նախն․ կրթությունն ստացել է Արդվինում, ապա 1895-ին ընդունվել Վիեննայի Մխիթարյանների վարժարանը։ Առաջին ուսուցիչն է եղել Հ․ Տաշյանը։ Հետևել է Վիեննայի համալսարանի հունա-հռոմ․, բյուզ․ մշակույթի պատմության, հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին, հմտացել աստվածաբանության, փիլիսոփայության մեջ, աշակերտել ավստրիացի արվեստաբան, հայ ճարտ-յան և արվեստի նշանավոր հետազոտող Յ․ Ստրժիգովսկուն, հետագայում դարձել նրա խորհրդատուն, ապա և աշխատակիցը։ Համալսարանի դասընթացներն ավարտելուց հետո 1907-ին ձեռնադրվել է քահանա և պաշտոնավարել Վիեննայի Մխիթարյանների Մայրավանքում․ 1907-ին՝ ուսուցիչ դպրեվանքում, 1908–11-ին՝ փոխտնօրեն, 1916–20-ին՝ տնօրեն, 1909–63-ին՝ միաբանության մատենադարանապետ, միաժամանակ (ընդհատումներով)՝ «Հանդես ամսօրյայի» խմբագիր։ 1931-ին ընտրվել է Մխիթարյան միաբանության ընդհանուր վարչության անդամ, 1931–37-ին՝ Մայրավանքի մեծավոր, հյուրընկալ։ Հայ մշակույթն ուսումնասիրելու համար շրջել է «երկրէ երկիր», «բախել ամեն դուռ», հավաքել բազմահազար հայերեն ձեռագիր ու տպագիր գրքեր։ 1912-ին Ս․ Էջմիածնում մասնակցել է Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսական օծմանը, այցելել Գառնի, Այրիվանք, Անի, ապա և ուրիշ հնավայրեր։ Առաջին համաշխ․ պատերազմի ժամանակ դրամ է հանգանակել, օգնել հայ տարագիրներին ու գերիներին։ 1923–29-ին աշխատել է Ս․ Էջմիածնի ձեռագրատանը։ 1929-ին կալանավորվել է, 40 օր անց ազատվելով՝ ստիպված հեռացել է Հայաստանից։ Այնուհետև շարունակել է իր ուսումնասիրությունները Բեռլինում, Մյունխենում, Տյուբինգենում, Փարիզում, Լեհաստանում, Հռոմում, Լիվոռնոյում, Երուսաղեմում։ Երկրորդ համաշխ․ պատերազմի պատճառով յոթ տարի մնացել է Բեյրութում, 1946-ի աշնանը վերադարձել Վիեննա։

Ա․ թողել է ավելի քան 40 ուսումնասիրություն, որոնք վերաբերում են միջնադարյան մատենագրության ու հայագիտության տարբեր հարցերի վերլուծմանն ու բնագրագիտ․ խնդիրներին։ Հայագիտությունը Ա-ին է պարտական աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերեն բազմաթիվ ձեռագրերի բովանդակությանը ծանոթանալու համար։ Նրա ջանքերով են հրատարակվել Կիպրոսի, Լեհաստանի, Ուկրաինայի հավաքածուների ձեռագրացուցակները, ստեղծվել Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման պատմության քիչ թե շատ ամբողջ․ պատկերը («Հայ-վրացական յարաբերութիւնք Դ-Է դարուն մէջ», 1907)։ Ա-ին մշտապես հետաքըրքըրել է Հայ եկեղեցու հազարամյա (ըստ նրա, Հայ եկեղեցին սկզբնավորվել է III դ․ 20-ական թթ․) և մատենագրության ողջ պատմությունը, որոնց համար հաճախ առաջարկել է ինքնատիպ ժամանակագրություն։ «Դասական հայերէնը և Վիեննական Մխիթարեան դպրոցը» (1932) մենագրությունում թվագրել է հայ մատենագրության վաղ շրջանի երկերը, հունաբան դպրոցի թարգմանություններից առանձնացրել դասական