Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/25

Այս էջը սրբագրված է

 հայերենով գրված գործերը։ Անդրադարձել է Ընդհանրական եկեղեցու հայրերի և մատենագիրների՝ Տիմոթեոս Կուզի, Իրենիոսի, Դիոնիսիոս Արիոպագացու, Հովհան Ոսկեբերանի, Հովհաննես Աստվածաբանի, Եփրեմ Ասորու, Պրոկղ Դիադոխոսի, Հովհան Կլիմաքոսի, Հովհան Դամասկացու և այլոց երկերին, հայ մատենագրության մեջ հայտնաբերել, ուսումնասիրել ու հրապարակել է դրանք։

Ա-ի ուսումնասիրությունների հիմն․ առարկաներն են հայ ինքնուրույն և թարգմ․ գրականությունը, մատենագր․ երկերի բնագրագիտ․ քննությունը։ Նա փորձել է սպառիչ տեղեկություններ հաղորդել իրեն հետաքըրքրող այս կամ այն երկի վերաբերյալ, սակայն միջնադարյան բնագրերը երբեմն վերաձևել է, հարմարեցրել իր տեսություններին, ինչին «զոհ» են դարձել Ագաթանգեղոսը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, Ղևոնդը, Սեբեոսը, Կորյունը և այլք։

Ա․ աշխատակցել է հայ․, գերմ․, անգլ․ բազմաթիվ հանդեսների, իր շուրջը համախմբել նշանավոր գիտնականների, Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում դասախոսություններ կարդացել հայ ձեռագիր մշակույթի մասին, նպաստել հայագիտության զարգացմանը։ Ա-ի անտիպ աշխատությունները պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում։

Երկ․ Մատենագրական հետազոտություններ, հ․ 1–6, Վնն․, 1922–64։ Քրիստոնեութեան մուտքը Հայաստան և Վրաստան, Վնն․, 1949։ Ներսես Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարսոնի․ կյանքը և գրական վաստակը․․․, Վնն․, 1956։ Եվսեբիա եպիսկոպոսի Եմեսացւոյ ճառք, ՀԱ, 1956–59։ Դավիթ Հարքացի Անհաղթ փիլիսոփա․ կյանքը և գործերը, Վնն․, 1959։

Գրկ․ Հրանտ Արմեն, Խորենացի, Եղիշե և Հ․ Ներսես Ակինյան, Երուսաղեմ, 1951։ Ինգլիզյան Վ․, Հ․ Ներսես վրդ․ Ակինյան – հայ բանասերը, Վնն․, 1954։

Ազատ Բոզոյան


ԱԿՈՌԻԻ Ս․ ՀԱԿՈԲ ՎԱՆՔ, Մեծ Մասիս լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, Ակոռի գյուղից վերև։ Հիմնվել է IV դ․, այն տեղում, որտեղ, ըստ ավանդության, ս․ Հակոբ Մծբնացին հրեշտակից ստացել է Նոյյան տապանի մի կտոր։ Ա․ Ս․ Հ․ վ-ի եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, կառուցվել է սև որձաքարով։ Պատերին ունեցել է XIII–XIV դդ․ նվիրատվական արձանագրություններ։ Վանքի ուղղանկյուն պարիսպներին ներսից կից են եղել միաբանների կացարաններն ու օժանդակ շինությունները։ Ա․ Ս․ Հ․ վ-ում պահվել են ս․ Հակոբ հայրապետի կարծեցյալ մատը և Նոյյան տապանի փայտի կտորը՝ միմյանց շղթայով ամրացված (այժմ գտնվում է Ս․ Էջմիածնում)։ Վանքի մոտ բխել է սրբազան աղբյուր, որի ջրով հայ շինականները ցողել են արտերը՝ մորեխներից պաշտպանելու համար։ Ա․ Ս․ Հ․ վ․ կործանվել է 1840-ի հուլիսի 2-ի երկրաշարժից՝ գյուղի և Ակոռիի Ս․ Առաքելոց վանքի հետ միասին ընկղմվելով լեռան խորխորատը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․3, 3-րդ պատկերը։

Գրկ․ Էփրիկյան Ս․, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ․ 1, Վնտ․, 1903։ Parrot F․, Reis zum Ararat, Lpz․, 1985․

Մուրադ Հասրաթյան

ԱՂ, անարյուն զոհաբերության նյութ կամ ընծա, որ կիրառվում է եկեղեցիներում։ Հոգևոր առումով ունի մաքրագործիչ, պահպանիչ և զորացուցիչ նշանակություն։ Ավանդված է դեռևս Հին կտակարանից, մովսիսական օրենքով․ «Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի․ ձեր զոհաբերություններից չպակասեցնեք Աստծու ուխտի աղը․ բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեցեք» (Ղևտ․ 2․13)։ Ա․ մատուցվում էր մյուս անարյուն զոհաբերությունների՝ ալյուրի, ձեթի, խունկի, ցորենի և այլ ընծայաբերումների շարքում, որպես երախայրիք Աստծո սեղանին կամ եկեղեցուն։ Նոր կտակարանում Ա-ի խորհրդաբանությունը կապվում է առաքյալների և առհասարակ հավատացյալ մարդու հետ, ինչպես հավաստում է տերունական խոսքը․ «Դո՛ւք եք երկրի աղը․․․» (Մատթ․ 5․13, Մարկ․ 9․49, Ղուկ․ 14․34–35)։ Ա․ օգտագործվում է մատաղի ժամանակ։

Աղօրհնեք, Հայ եկեղեցում ընդունված խորհրդապաշտական արարողություն։ Ըստ Սահակ Ա Պարթևի եկեղեց․ կանոնների և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականի», Ա-ի օրհնությունը հաստատել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Օրհնված Ա․ զոհաբերվող (մատաղացու) կենդանուն տալով՝ վերացվում է նախնական մեղքը, քանզի Ադամի և Եվայի պատվիրանազանցության պատճառով անիծվել են իրենց հետ դրախտում եղած կենդանիները ևս, ինչպես նաև ողջ երկիրը։ Քահանայի օրհնած աղը, մաքրելով տվյալ կենդանուն, արժանի է դարձնում նվիրաբերելու Աստծուն։