Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/40

Այս էջը սրբագրված է

 Թեմի առաջնորդանիստ Մայր տաճարը՝ Ս․ Վարդանը, 1968-ին օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ Թեմին են պատկանում շուրջ 42 եկեղեցիներ՝ Յունյըն Սիթիում՝ Ս․ Խաչ (1907), Ուոթըրվլիթում՝ Ս․ Պետրոս (1916), Չելթենհեմում՝ Ս․ Երրորդություն (1917), Սաութ Միլուոքիում՝ Ս․ Հարություն (1924), Նյու Բրիթընում՝ Ս․ Հարություն (1925), Չիկագոյում՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչ (1926), Սաութֆիլդում՝ Ս․ Հովհաննես (1931), Վաշինգտոնում՝ Ս․ Մարիամ (1963) ևն։

Թեմի հովանու ներքո հիմնվել են մի շարք կրթ․ հաստատություններ։ Նյու Յորքում 1961-ից գործում է Տիրան արք․ Ներսոյանի նախաձեռնությամբ ստեղծված Ս․ Ներսես ընծայարանը (ճեմարանը), որը պատրաստում է հոգևոր սպասավորներ (դաստիարակ, ծխատեր քահանա ևն)։ Ընծայարանն ունի ԱՄՆ-ի Արլ․, Արմ․ և Կանադայի թեմերի կողմից ընտրված խնամակալ մարմին, որի նախագահն է Արլ․ թեմի առաջնորդը։

Կրոն․ դաստիարակության բաժանմունքը և Հայ դպրոցների կրթական կենտրոնը ստեղծում են դասագրքեր և պատրաստում ուսուցիչներ թեմի դպրոցների համար։ Կրտսերների և պատանիների համար կրոն․ դաստիարակության բաժանմունքն ունի ամառային ճամբար (Ս․ Վարդան ճամբար)։

Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնն ունի արխիվային նյութեր, մամուլի հավաքածուներ, գրքեր, քարտեզներ ևն։ Կազմակերպում է դասախոսություններ և գիտաժողովներ՝ նվիրված հայոց պատմության և մշակույթի խնդիրներին։

Միջեկեղեցական հարաբերության բաժանմունքի միջոցով սերտ կապեր են պահպանվում Առաջնորդարանի և ԱՄՆ-ի կրոն․ այլ հարանվանությունների միջև։

Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի ծխերում, կազմակերպում է տարեկան մարզ․ մրցախաղեր և համագումարներ։

Տիկնանց միության կենտրոնական խորհուրդը ևս մասնաճյուղեր ունի ծխերում, աշխատանք է կատարում հայ հավատքի պահպանման համար։

ԱՄՆ Ա․ թ-ի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 1988-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, գործակցելով բարեգործ․, հայրենակց․ և այլ կազմակերպությունների հետ, զգալի օգնություն է ցուցաբերել աղետյալ բնակչությանը։ Միջոցներ է տրամադրել Ստեփանավան քաղաքի վերականգնման համար, բազմաթիվ ծրագրեր իրականացրել մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, մարդասիր․ օգնություն կազմակերպել նաև Արցախի բնակչությանը։ Հայաստանում և Արցախում գործում են ՀՕՖ-ի մասնաճյուղերը։

Թեմը հրատարակում է «Հայաստանեայց եկեղեցի» կրոնաբարոյախոս․ և պատմագեղ․ պաշտոնաթերթը (1939–76-ին՝ ամսաթերթ, 1976-ից՝ եռամսյա)։ Նյութերի մի մասը տպագրվում է անգլ․։

ԱՄՆ Ա․ թ-ի առաջնորդն է Խաժակ․ արք․ Պարսամյանը (1990-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․5, 3-րդ պատկերը։

Գրկ․ Ավագյան Ք․, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ․), Ե․, 2000։ The Torch was Passed․ The Centennial History of the Armenian Church of America, N․ Y․, 1998․

Արտեն ավ․ քհն․ Աշճյան (ԱՄՆ)


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1927-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետ․ կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Լոս Անջելեսի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը (ձևավորվել է XIX դ․ վերջին) միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, իսկ 1927-ից՝ Նյու Յորքը։

ԱՄՆ Ա․ թ-ի գործունեությունը տարածվում է ԱՄՆ-ի արմ․ նահանգների վրա՝ իր մեջ ընդգրկելով 25 ծուխ։ Առաջնորդարանը սկզբում Ֆրեզնոյում էր, 1957-ից՝ Լոս Անջելեսում։

Թեմի առաջին առաջնորդն էր Գարեգին եպս․ Խաչատուրյանը (հետագայում՝ Կ․ Պոլսի հայոց պատրիարք)։ Տարբեր տարիներ ԱՄՆ Ա․ թ․ գլխավորել են Շնորհք եպս․ Գալուստյանը (1953–56, հետագայում՝ Կ․ Պոլսի հայոց պատրիարք), Թորգոմ եպս․ Մանուկյանը (1962–66, այժմ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք) և ուրիշներ։