Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/45

Այս էջը սրբագրված է



ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ, Շիրակունի, Շիրակավանցի [մոտ 605–610, գ․ Շիրակավան կամ Անեանք (Շիրակի գավառ) – մոտ 686–690], գիտնական, մատենագիր, տոմարագետ, մանկավարժ, երաժշտագետ, ճշգրիտ գիտությունների հիմնադիրը Հայաստանում։ Ծնվել է շինականի ընտանիքում։ Նախն․ կրթությունն ստացել է Շիրակավանի Դպրեվանքի դպրոցում, որտեղ դասավանդել են օտար լեզուներ, ճարտասանություն, գրչություն, մանրանկարչություն։ Սովորելով «զդպրութիւն մերոյ ազգիս Հայաստանեայց»՝ երազել է ուսումնասիրել «համրողական արվեստը», մտածելով, որ առանց թվի ոչինչ չի հիմնավորվում, և որ թիվն է «մայր ամենայն իմաստից»։ Ուսումը լրացնելու նպատակով եղել է Բյուզանդիայի մի շարք քաղաքներում, հաստատվել Տրապիզոնում և ութ տարի ուսանել հույն գիտնական Տյուքիկոսի մեծահամբավ դպրոցում։ Հմտանալով տիեզերագիտության, տոմարագիտության, աշխարհագրության, պատմության, փիլիսոփայության բնագավառներում՝ «համարողը» (այդպես են կոչել նրան), «մեծահանճար ուսուցչապետը» 661-ին վերադարձել է հայրենի Շիրակավան, բացել դպրոց, որի հռչակը շուտով տարածվել է ամբողջ երկրում։ Մանկավարժ․ գործունեությանը զուգընթաց զբաղվել է գիտ․ աշխատանքով, գրել իր բազմարժեք երկերը։

Ա․ Շ-ու աշխատություններից ամենաինքնատիպը թվաբանության դասագիրքն է։ Այն բաղկացած է երկու մասից՝ թվաբան․ աղյուսակներից և խնդրագրքից։ Մաթեմատիկայի պատմության համար ուշագրավ են նաև խոր անցյալում ժողովրդի ստեղծած խրախճանականները (զվարճալի խնդիրներ), որոնք նա է առաջինը գրի առել և, նկատի ունենալով դրանց բարդությունը, զետեղել իր դասագրքի վերջում։ Ա․ Շ-ու այս աշխատությունն այն բացառիկ դասագրքերից է, որի թվաբանական գործողությունների աղյուսակներն ամենահնագույնն են։

Տիեզերագիտության բնագավառում Ա․ Շ․ քննել է Արևի, Լուսնի, երկնային համաստեղությունների, աստղերի հետ կապված շատ հարցեր և շարադրել իր ուրույն տեսակետները տիեզեր․ կարևոր երևույթների մասին։

Ա․ Շ․ ոչ միայն Հայոց Մեծ թվականի, այլև «Արարչության» կոչվող թվականներից մեկի հիմնադիրն է։ Տոմարի պատմության համար բացառիկ արժեք ունի «Պատճէն տումարի» աշխատությունը, որտեղ նա զուգահեռ է անցկացրել հայկ․ տոմարի և հարևան ժողովուրդների տոմարական համակարգերի միջև, մեջբերել 14 ժողովուրդների (եբրայական, ասորական, հունական, հռոմեական, եգիպտական, վրացական, իրանական ևն) ամսանունները և նրանց տոմարական հաշվումները։ Ա․ Շ-ու շնորհիվ տեղեկություններ են պահպանվել նաև անհետացած որոշ ժողովուրդների (օր․, աղվանների) տոմարի մասին։ Տոմարական աշխատություններից ամենակարևորը «Քրոնիկոնն» է։ Այն պարունակում է 532 տարիների զուգացանկը [հայտնի է «ՇԼԲ» (532) աղյուսակներ անունով], որտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յուրաքանչյուր Ամանորի, յոթներյակի, վերադրի, քրիստ․ կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների վերաբերյալ։ Աշխատության մեջ մի շարք արժեքավոր տեղեկություններ կան նաև հին հայկ․ նախաքրիստ․ տոմարի մասին։ Ա․ Շ-ու զուգացանկը հիմք է ծառայել հետագա դարերում կազմված այլ զուգացանկերի։ Տոմարական բովանդակություն ունեն նաև Լուսնի պարբերաշրջանի նրա կազմած աղյուսակները։

Ա․ Շ․ «Տոմարի» մեկնության մեջ հանգամանորեն անդրադարձել է արարչության, հռոմեական, հրեական, ասոր․ և այլ ժողովուրդների թվականներին և ծանոթացրել դրանք հաշվելու սկզբունքներին, կազմել մեր ժողովրդի պատմության կարևոր իրադարձությունների թվականները՝ քրիստոնեության մուտքը, գրերի գյուտը, տիեզերական ժողովները ևն։ Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին հանձնարարել է Ա․ Շ-ուն կարգավորել Հայոց տոմարը՝ կազմել անշարժ տոմար, որը, սակայն, կաթողիկոսի վախճանվելուց հետո չի ընդունվել։ Ա․ Շ․ տոմարագիտ․ իր աշխատություններով հայ իրականության մեջ դրել է տոմարի՝ որպես գիտության հիմքը։ Այդ աշխատությունները ուղենիշ են հանդիսացել տոմարական բարդ հաշվումների համար և դասավանդվել հայ գրչության դպրոցներում։ Տոմարագիտ․ բնույթի աշխատություններ են նաև Ծննդին և Զատկի տոներին նվիրված Հայտնության և Զատկի ճառերը, որտեղ նա ջանացել է հիմնավորել հիշյալ տոների ամսաթվերը։ «Թիւք որչափութեանն» մատենագիտ․ ցանկում թվարկել է Հին և Նոր կտակարանների գրքերը, յուրաքանչյուրի դիմաց նշել տների քանակը (Մատենադարան, ձեռ․ դ 2188)։