Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/51

Այս էջը սրբագրված է

 և այս բոլորի համար կանոններ է սահմանել։

Աղբյուրների վկայությամբ, միջնադարյան Հայաստանում առավել մեծ հռչակ է վայելել Վաղարշապատի Սուրենա անապատը (V դ․)։ Ունեցել է բազում կրոնավորներ, որոնց վերակացու է կարգվել V դ․ հայ պատմիչ Ղազար Փարպեցին։ V դ․ հայտնի է եղել նաև Վիշապաձորի անապատը (Կաղզվանից ոչ հեռու)։ Այստեղ Վարդանանց պատերազմից (451) հետո ճգնել են Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներ Թաթուլը և Վարոսը՝ իրենց հետևորդներով։ IX դարից անապատ․ կյանքի կենտրոններ են դարձել Սևանը, Մաքենիսը և Թանահատը։ Վերջին երկուսն այնպիսի բարձր մակարդակի են հասել, որ XI–XIII դդ․ Կիլիկիայից եկել են այստեղ կրոնավոր․ և աստվածապաշտ․ կարգեր ուսանելու։ Սևանի անապատը, որի հիմնադրումն ավանդությունը կապում է ս․ Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ, ծաղկել է Մաշտոց Եղիվարդեցու վանահայրության (863–897) օրոք (897–898-ին՝ Հայոց կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի)։ Գոյատևել է մինչև XIX դ․ վերջը։ X դ․ հայտնի են եղել Տանձափարախ մենաստանը (Սյունիք), Տաթևի Մեծ անապատը, Լիմ անապատը (XIV–XVII դդ․) ևն։ Տես նաև Վանականություն։

Գրկ․ Վարք սրբոց հարանց եւ քաղաքաւարութիւնք նոցին․․․, հ․ 1,2, Վնտ․, 1855։ Հակոբ Մծբնացի, Գիրք, որ կոչի Զգօն, ԿՊ, 1824։ Եղիշե, Խրատ յաղագս միանձանց (Մատենագրութիւնք, Վնտ․, 1859, էջ 159–165)։ Հուսիկ Եպիսկոպոս, Անապատականներ եւ վանականութիւն, Վաղ-պատ, 1906։ Գյուտ Եպիսկոպոս, Արեւելեան անապատականը եւ «Նարեկը» (ուսումնասիրության փորձ), Երուսաղեմ, 1937։ Խաչիկյան Լ․, Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմությունից, Ե․, 1951։ Սուրբերու կեանքը (ժող․), Բեյրութ, 1994։ Գալուստյան Շ․, Հայազգի սուրբեր, Ե․, 1997։

Հակոբ Քյոսեյան


ԱՆԱՍՅԱՆ Հակոբ Սեդրակի [15․5․1904, ք․ Էսկիշեհիր (Թուրքիա) – 28․1․1988, Լոս Անջելես], պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ։ Պատմ․ գիտ․ թեկնածու (1962), Լա Վեռնի ամերիկահայկ․ միջազգ․ քոլեջի պատվավոր դ-ր (1984)։ Ավարտել է Վենետիկի Ս․ Ղազարի Մխիթարյան վարժարանը (1925), Փարիզում հետևել Կ․ Բասմաջյանի հայագիտ․ դասընթացներին (1931–34)։ 1936-ին ներգաղթել է Հայաստան։ 1936–47-ին՝ գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947–1976-ին՝ ԳԱ պատմության ինստ-ում, 1979–1988-ին՝ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավորարևելյան լեզուների ուս․ կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվ․ հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։ Աշխատակցել է հայ պարբ․ մամուլին («Երկունք», «Էջմիածին», «»Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Սիոն», «Շողակաթ» ևն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։

Ա․ հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղ․ կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագր․ շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար)․ Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ․ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի» (1981) և այլ աղբյուրագիտ․ ու պատմագիտ․ մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագր․ շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկ․ տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանս․ և հաբեշ․ արքունիքների հետ հայ քաղ․ շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։ Աղբյուրագիտ․, բնագրագիտ․ կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի․ Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964), «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ։ Ա․ կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ» (Մատենադարան,