Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/54

Այս էջը սրբագրված է

 Սահակ-Մեսրոպ կիրակնօրյա ազգ․ վարժարանը։

1986-ից բրիտանահայ գաղութի ներկայացուցչական մարմինը համայնքային եկեղեց․ խորհուրդն է։ Բաղկացած է 23 անդամից, ունի իր կանոնադրությունը՝ վավերացված 1989-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով։ Խորհուրդը վերահսկում և համադրում է գաղութի եկեղեց․, կրթ․ և այլ աշխատանքներ, համագործակցում բոլոր միությունների և կազմակերպությունների հետ։ Խորհրդի ժողովները նախագահում է թեմի առաջնորդը, որը միաժամանակ Մայր աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչն է Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Ա․ թ-ի առաջնորդն է Նաթան եպս․ Հովհաննիսյանը (2000-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․5, 5-րդ պատկերը։


ԱՆԴԱՍՏԱՆ, տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում։


ԱՆԻ, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 961–1045-ին, Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը 992–1046-ին (տես Անիի կաթողիկոսարան)։ Հեթանոսության շրջանում հայերի կրոն․ կենտրոններից էր։ Ներկայումս անբնակ է, ավերված։ Ավերակները գտնվում են Թուրքիայի Կարս նահանգում, հայ-թուրք․ սահմանի մոտ, Գյումրի քաղաքից 30 կմ հվ-արմ․, Ախուրյան գետի աջ ափին։ Ա․ իր անունն ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից։ Քաղաքն ունեցել է մինչև 100 հզ․ բնակիչ։ Ա․ առաջին անգամ հիշատակվում է V դարից (Եղիշե, Ղազար Փարպեցի)։ Պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին։ IX դ․ սկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները՝ Ա․ ամրոցի հետ, և միացրել իր հողերին։

Հայոց միջնադարում Ա․ նշանակալից դեր է կատարել որպես կաթողիկոս․ աթոռանիստ, եպիսկոպոսանիստ, հոգևոր-եկեղեց․ կյանքի կենտրոն, ազգ-եկեղեց․ ժողովների գումարման վայր (969, 971, 1038, 1207)։ Հայ իրականության մեջ Ա․ եղել է ամենից մեծաթիվ եկեղեցիներ ու առավել բազմամարդ հոգևորականություն ունեցող քաղաք։ Հայոց պետության մայրաքաղաք և հատկապես կաթողիկոս․ աթոռանիստ հռչակվելուց հետո դարձել է ոչ միայն քաղ․, այլև՝ հոգևոր մայրաքաղաք, որի այս նշանակությունն ընգծելու համար Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսը X դ․ վերջին Վաղարշապատից այստեղ է փոխադրել Հռիփսիմյան կույսերի նշխարների մի մասը՝ հատուկ այդ նպատակով եկեղեցի կառուցելով Ա-ում։ Բացի այդ, ավանդաբար, Ա-ի հնագույն քաղաքամասի՝ Ներքին բերդի եկեղեցու հիմնադիր է համարվել Գրիգոր Ա Լուսավորիչը։ Հավանաբար այս և այլ հանգամանքներ նկատի ուներ Ներսես Շնորհալին, երբ Ա․ անվան եռատառ լինելն առնչում էր Ս․ Երրորդության խորհրդի հետ։

Ա-ում են աթոռակալել կաթողիկոսներ Սարգիս Ա Սևանցին (992–1019), Պետրոս Ա Գետադարձը, որից հետո բյուզանդացիները բռնությամբ քաղաքից հեռացրել են կաթողիկոս․ աթոռը։ Կաթողիկոս․ աթոռի տեղափոխումից հետո եկեղեց․ կյանքում մեծ դեր է կատարել Ա-ի եպիսկոպոսությունը։ Ա-ի և Շիրակի եպիսկոպոսությունը, որպես Հայ եկեղեցու առանձին հոգևոր և վարչատարածքային միավոր, կազմավորվել է 1072-ին՝ Բարսեղ Անեցու ձեռնադրության ժամանակ։ 1072-ից մինչև Սարգսի աթոռակալությունը (վերջին անգամ հիշվում է 1220-ին) Ա-ի եպիսկոպոս․ աթոռը գտնվել է Պահլավունիների հետ խնամիացած Ապիրատյան զորեղ տոհմի ներկայացուցիչների ձեռքին, ապա անցել Պահլավունիներին (Գրիգոր, Հովհաննես)։ XII դ․ Ա-ի եպիսկոպոսները հորջորջվել են «արքեպիսկոպոս թագաւորանիստ քաղաքին Անւոյ», «եպիսկոպոս յարեւելս հիւսիսոյ», համարվել Հս․ Հայաստանի ողջ հայ հոգևորականության առաջնորդ, գլխ․ դեր կատարել Հռոմկլայում հաստատված կաթողիկոս․ աթոռի հետ հարաբերություններում։ XIII դ․ քաղաքն ունեցել է երկու եպիսկոպոս, որոնցից մեկը կոչվել է առաջնորդ, մյուսը՝ երեցապետ եպիսկոպոս։

Մեծաթիվ է եղել Ա-ի քահանայական դասը՝ երեցանին, որը XII դ․, Շեդդեդյան ամիրաների տիրապետության շրջանում, կարևոր դեր է կատարել՝ գլխավորելով քաղաքի հայ բնակչության ազատագր․ պայքարը։ Դա շեշտել են նաև արաբ պատմիչները։ Ա-ի քահանայական դասը XIII դ․ արձանագրություններում հիշվում է «երեցանի» («իրիցանի») ընդհանուր անվան տակ՝ որպես որոշակի արտոնություններ ու շահեր ունեցող սոց․ խավ։ Մոնղոլ․ տիրապետության