Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/57

Այս էջը սրբագրված է

 վախճանվել է, իսկ Խաչիկ Բ Անեցու ժամանակ կողոպտել են Ա․ կ-ի գանձերը, ճնշում գործադրել կաթողիկոսի վրա և վերջապես բնակության տեղ հատկացրել Փոքր Հայքում՝ Թավբլուրում։ Խաչիկ Բ Անեցու մահից հետո բյուզանդացիները փորձել են ընդհանրապես խափանել նոր կաթողիկոսի ընտրությունը, ինչը, սակայն, չի հաջողվել։ Ա․ կ․ դադարել է գործել բյուզանդացիների անհանդուրժող․ քաղաքականության հետևանքով։

Անիի կաթողիկոս․ աթոռը կարճ ժամանակով վերականգնվել է 1081-ին, Հաղպատում կաթողիկոսի աթոռակից ընտրված Բարսեղ Ա Անեցու շնորհիվ։ Սակայն 1105-ին նա տեղափոխվել է Քեսունի Կարմիր վանք (Կիլիկիա) և ազգ-քաղ․ նկատառումներով այլևս չի վերադարձել։ Անեցիները մի երրորդ անգամ փորձել են կաթողիկոս․ աթոռը վերականգնել XII դ․ վերջին, երբ, ի հակակշիռ Հռոմկլայի կաթողիկոս․ աթոռի (Կիլիկիա), 1195-ին կաթողիկոս են ձեռնադրել Անիի և Շիրակի արքեպիսկոպոս Բարսեղ Բ-ին, բայց նրա իշխանությունը սահմանափակվել է միայն Հս․ Հայաստանի մի քանի շրջաններով, իսկ մահից հետո Անիում այլևս նոր կաթողիկոս չի ձեռնադրվել։

Չնայած համեմատաբար կարճատև գոյությանը, Ա․ կ․ նկատելի հետք է թողել Հայ եկեղեցու պատմության մեջ։ Բագրատունիների շրջանում լայն հնարավորություններ է ունեցել և համայն երկրում առաջնային հեղինակություն վայելել։ Պատահական չէ, որ հայկ․ տարբեր թագավորությունների միջև ծագած վեճերն ու բախումները սովորաբար հարթվել են կաթողիկոսների միջնորդությամբ։ Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, Անիի կաթողիկոս․ աթոռը ոչնչով չի զիջել Հայոց թագավոր․ գահին։ Կաթողիկոսարանում մշտապես գտնվել են տասներկու եպիսկոպոս, չորս վարդապետ, վաթսուն կուսակրոն և հինգ հարյուր աշխարհական (ամուսնացած) քահանաներ, մեծաթիվ պաշտոնեություն։ Ճամփորդությունների ժամանակ կաթողիկոսին սովորաբար ուղեկցել է 300 հեծյալից բաղկացած զինված պահակազոր։

Մեծ էր նաև Ա․ կ-ի հոգևոր-մշակութ․ դերը։ Այն ուներ վարդապետարան, գրատուն (որը ոչ միայն մատենադարան, այլև գրչության կենտրոն էր)։ Մատենադարանապետներից նշանավոր էր հատկապես Սարգիս վրդ․ Անեցին՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ուսումնակիցն ու բարեկամը, որը 1041-ի մի հիշատակարանում ակնարկում է այդ «գրանոցի» նկատմամբ ցուցաբերած իր խնամքի մասին։ Իսկ Բարսեղ Ա Անեցու ժամանակ կաթողիկոսարանի վարդապետարանի ուսուցչապետությունն ստանձնել էր ժամանակի հռչակավոր վարդապետներից Հովհաննես Սարկավագը։ Նրա անեցի սաներից Գրիգորը հետագայում դարձել է 1124-ին վերստին օծված Մայր տաճարի առաջին ավագերեցը, նրան հաջորդել է Հովհաննես Սարկավագի մյուս շնորհալի սանը՝ Սամուել Անեցի պատմագիրը։

Կաթողիկոս․ աթոռի հեռացումից հետո Անին դարձյալ կարևոր դեր է խաղացել Հայաստանի եկեղեց․ կյանքում՝ շնորհիվ իր մեծատոհմիկ ու գործուն եպիսկոպոսների և բազմանդամ հոգևոր դասի։

Գրկ․ Ստեփանոս Ասողիկ Տարոնեցի, Տիեզերական պատմություն, Ե․, 2000։ Արիստակես Լաստիվերցի, Պատմութիւն, Ե․, 1971։ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե․, 1991։ Օրմանյան Մ․, Ազգապատում, ԿՊ, հ․ 1, 1912։ Մաթեվոսյան Կ․, Անի, Ե․, 1997։

Կարեն Մաթևոսյան


ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ, Անիի Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցի, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ Կառուցել է Տրդատ ճարտարապետը։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7x34,3 մ) Ա․ Մ․ տ․ իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկ․ պետության հզորությունը։«Հայկ․ խորշերով» ակոսված արտաքին ճակատները հարդարված են նրբագեղ կամարաշարով։ Ավագ խորանը զարդարվել է «Քրիստոսը գահի վրա» պատկերագրությամբ որմնանկարով (հետագայում ծածկվել է սվաղով)։ Տրդատը կարևոր ավանդ է մուծել եկեղեց․ ճարտ․ ձևերի զարգացման