Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/59

Այս էջը սրբագրված է

 ճարտ-յան համար)։ Ա․ Ս․ Ա․ ե․ XII–XIV դդ․ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (դրամ, հողեր, կալեր, ջրաղացներ, կրպակներ)։ 1031-ին Իշխանաց իշխան Վահրամի որդի Աբուղամրը նվիրել է Կառնուտի այգին, 1038-ին ոմն Գրիգոր՝ Ավետարան։ Եկեղեցու և գավթի պատերին XIII դ․ փորագրվել են Անիի բնակչության կյանքը կանոնակարգող բազմաթիվ հրամաններ և օրենքներ (ապահարկության, երկրաշարժից հետո փողոցներում առևտրի արգելման, ամուսնության և ամուսնալուծման վերաբերյալ, կաշառակերությունը դատապարտող ևն)։ Ըստ գավթի ներսի արձանագրության, 1301-ին Զաքարե Բ Մեծի թոռ իշխան Աղբուղան այցելել է Անի, տեսել «զքաղաքս աղքատացեալ․․․ զի շատ հարկ էր ի վերա դրած, որ ի սկզբանե չէր եղել», և հրամայել է քաղաքացիներին զիջել հարկերից երեքը։ 1909-ին պեղվել է եկեղեցու տարածքը։ Այժմ կիսավեր վիճակում պահպանվել է գավիթը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․6, 5-րդ պատկերը։

Գրկ․ Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։ Ա լ ի շ ա ն Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 2, Ե․, 1948։ Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966 (կազմ․ Հ․ Ա․ Օրբելի)։ Mapp H․, Ани, E․, 1939; Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918; Cuneo P․, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988․

Մուրադ Հասրաթյան


ԱՆԿԱՆՈՆ ԳՐՔԵՐ, տես Պարականոն գրքեր։


ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ, խորհրդաբանական երևույթ՝ հավասարազոր օծմանը․ «Կոչումն կամ դրութիւն անուանն»։ 1․ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Տերունական անշարժ տոներից՝ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը («Տօն անուանակոչութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»)։ Նշվում է հունվ․ 13-ին։ Ըստ Ղուկաս ավետարանչի, մարդեղացյալ Աստվածորդուն, նրա ծննդյան 8-րդ օրը, Հովսեփն ու Մարիամ Աստվածածինը տանում են Տաճար՝ Աբրահամի և Աստծո միջև դրված ուխտի (Ծննդ․ 17․4–14) համաձայն թլփատելու։ Թլփատության ժամանակ մանկանն անվանում են Հիսուս (եբր․ բառ, որը նշանակում է փրկիչ)․«Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»(Ղուկ․ 2․21)։

2․ Նվիրական ավանդույթի համաձայն, Մկրտության ժամանակ խորհրդակատար քահանան մկրտվողին տալիս է նոր անուն, քանի որ մկրտության սուրբ ավազանից վերստին ծնվածն այլևս նոր մարդ է (հմմտ․ Հովհ․ 3․3, 5–6)։ Ինչպես ձեռնադրության և օծման ընթացքում՝ նվիրյալին, նույնպես և Մկրտության ժամանակ մկրտվողին որպես նոր անուն շնորհվում է որևէ սրբի (սրբուհու) կամ ականավոր եկեղեց-ազգ․ գործչի անունը։

3․ Հայ եկեղեցու հայրավանդ կանոնների համաձայն, քահանայանալ ցանկացող ընծայյալին Ձեռնադրության խորհրդի ժամանակ ձեռնադրող և սրբալույս Մյուռոնով օծող եպիսկոպոսը շնորհում է նոր անուն։ Նոր Ա․ օծյալ այդ սպասավորին խորհրդաբար դարձնում է նոր անձ, նոր՝ աստվածային առաքելության տեր․ «հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով․ նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»(Եփես․ 4․22–24)։

4․ Հայ եկեղեցու հնավանդ կանոնների համաձայն, նորակառույց եկեղեցու «նավակատիքին», հանդիսապետ եպիսկոպոսը, եկեղեցին օծելու ժամանակ Աստծո նորակառույց տաճարն անվանակոչում է ի պատիվ որևէ սրբի (սրբուհու) կամ Տերունական որևիցե տոնի (Ս․ Գայանե, Ս․ Սարգիս, Ս․ Հարություն ևն)։

Գրկ․ Գրիգոր Տաթեվացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, ԿՊ, 1740։ Կարգ Աստուածապաշտութեան Հայաստանեայց Ս․ եկեղեցւոյ, [ժող․], Թ․, 1907։

Արթուր Կարապետյան