Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/60

Այս էջը սրբագրված է



ԱՆՏԻՈՔ, քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին։ Հելլենիստ․, այնուհետև՝ քրիստ․ մտքի և մշակույթի կենտրոններից, Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզեր․ աթոռներից։ Իր մեծությամբ և կարևորությամբ եղել է երրորդ քաղաքը Հռոմից և Ալեքսանդրիայից հետո։ Սելևկյանների աթոռանիստ Ա․ հիմնել է Սելևկիոս I Նիկատորը Ք․ծ․ա․ 301-ին և կոչել հոր՝ Անտիոքոսի անունով։ Սելևկյանների կառուցած մյուս Ա-ներից տարբերակելու համար հաճախ անվանվել է Ասորիքի Անտիոք (հայկ․ աղբյուրներում՝ Ավագն Անտիոք)։ Հայոց արքա Տիգրան Բ Մեծը, Ասորիքը նվաճելուց հետո, Ք․ծ․ա․ 83–69-ին Ա․ դարձրել է Հայոց տերության հվ․ թագավորանիստը, որտեղ նրա անունով ու պատկերով արծաթե դրամներ են հատվել։ Ք․ծ․ա․ 64-ին քաղաքը հռոմ․ զորավար Պոմպեոսի գրավելուց հետո՝ մինչև Կոստանդնուպոլսի կառուցումը (IV դ․) եղել է Հռոմ․ կայսրության արլ․ մասի մայրաքաղաքը։ 538-ին Պարսից թագավոր Խոսրով I Անուշիրվանը ավերել է Ա․, բնակչության զգալի մասին կոտորել կամ գերեվարել։ Բյուզ․ կայսր Հուստինիանոս I-ը (527–565) վերաշինել է այն և տվել Աստծո քաղաք անունը, որը պահպանվել է քաղաքի պատրիարքների տիտղոսաշարում։ Հետագա դարերում Ա․ մի քանի անգամ անցել է մե՛րթ արաբներին, մե՛րթ բյուզանդացիներին։ XI դ․ քաղաքի կառավարիչներ են եղել նաև հայեր (Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին՝ Վասակ Պահլավունին, զորավար Փիլարտոս Վարաժնունին)։ 1084-ին Ա․ գրավել են սելջուկ թուրքերը։ 1098-ի հունիսի 3-ին, 9-ամսյա պաշարումից հետո, խաչակիրները գրավել են Ա․ և հիմնել Ա-ի դքսությունը։ 1268-ին քաղաքը նվաճել և հիմնովին ավերել է Եգիպտոսի սուլթան Բեյբարսը։

Ա-ում քրիստոնեության տարածման և առաջին քրիստ․ համայնքների մասին վկայում է Գործք Առաքելոցը։ Այստեղ գործել են Բառնաբե, Պողոս և Պետրոս առաքյալները։ Ա-ի եկեղեցու հիմնադիրը համարվում է Պողոս առաքյալը։ Ա-ից քրիստոնեությունը տարածվել է Արևելք։ Ա-ում է գտնվել Արևելքում (Փոքր Ասիա) Հռոմ․ կայսրության չորս արքեպիսկոպոսություններից (էքզարխատ) մեկը՝ Կեսարիայի, Եփեսոսի, Հերակլեայի հետ։ Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381) երրորդ կանոնով Ա-ի աթոռը ճանաչվել է չորրորդ տիեզեր․ աթոռը Հռոմից, Կ․ Պոլսից և Ալեքսանդրիայից հետո։ IV դ․ վերջին Բյուզ․ կայսրության Արևելքի դքսության 15 մարզերի վրա ստեղծվել է Ա-ի պատրիարքությունը, որի իշխանության տակ էին Փյունիկիան, Արաբիան, Պաղեստինը։ Պատրիարքները կրել են Համայն Արևելքի պատրիարք տիտղոսը։ Ա-ի պատրիարքությունից հետագայում առանձնացվել են Կիպրոսը, Պարսից եկեղեցին և Երուսաղեմի պատրիարքությունը։ 451-ի Քաղկեդոնի ժողովը պառակտում է առաջ բերել Ա-ի եկեղեցում և քրիստ․ համայնքում։ V դ․ Ա-ի պատրիարքությունից բաժանվել է նեստորական եկեղեցին, իսկ VI–VII դդ․ Ա-ում ձևավորվել են քաղկեդոնական-մելկիտ, միակամ-մարոնիտ (մարունի) և հակաքաղկեդոն․ հակոբիկ հոսանքները։ Սրանք կազմել են առանձին եկեղեցիներ իրենց համայնքներով և պատրիարքներով։ Երեք եկեղեցիների հոգևոր պետերն էլ իրենց անվանում են Ա-ի պատրիարք, չնայած XI–XII դարերից հետո նրանցից ոչ մեկի նստավայրը Ա-ում չի գտնվել։ 1182-ին Մարոնիտ եկեղեցին ճանաչել է Վատիկանի գերագահությունը, իսկ ասոր․ Հակոբիկյան եկեղեցին մնացել է անկախ՝ մաս կազմելով Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի։ Արաբ․ նվաճումից հետո (VII դ․) երեք եկեղեց․ համայնքներում գործածության մեջ է մտել արաբերենը, որը դուրս է մղել հունարենը (XIII դարից), այնուհետև՝ ասորերենը (XVII դարից)։

X–XII դդ․ Բյուզ․ կայսրությունը Արաբ․ խալիֆայությունից կրկին նվաճել է Ա-ի պատրիարքության տարածքը, իսկ Խաչակրաց առաջին արշավանքից (1098) հետո այդտեղ հաստատվել է Կաթոլիկ եկեղեցին, որը մարոնիտների և մելկիտների եկեղեց․ կազմակերպության հիմքի վրա ժամանակի ընթացքում ստեղծել է սեփականը։ XII–XIII դդ․ Ա-ի պատրիարքության համար անզիջում պայքարը հիմնականում ընթացել է Կ․ Պոլսի աթոռի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև։ Ա-ի պատրիարքության տարածքների վրա ստեղծվել են խաչակրաց Արևելքի պետությունները (Եդեսիա, Անտիոք, Տրիպոլի ևն)։ Ա-ի պատրիարքության տարածքի վրա է ձևավորվել նաև Կիլիկիայի հայկ․ իշխանությունը (1198–1375-ին՝ թագավորություն), իսկ պատրիարքության թեմերի մի մասը մնացել է սելջուկներին, ապա անցել Եգիպտոսի մամլուքների տիրապետության