Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/61

Այս էջը սրբագրված է

 տակ (Հալեպ, Համա, Հոմս, Բաալբեկ, Դամասկոս, Խառան ևն)։

Հայ եկեղեցին անմասն չի մնացել կաթոլիկ և Արևելքի մյուս քրիստոնյա համայնքների միջև միջեկեղեց․ պայքարից։ Հռոմկլայի կաթողիկոսարանի որոշ գործիչներ,Ներսես Լամբրոնացու ղեկավարությամբ, արդեն XII դ․ 70-ական թթ-ից իրենց առջև նպատակ էին դրել Կիլիկիայում վերականգնել ոչ միայն հայոց պետականությունը, այլև Հայոց կաթողիկոսի իշխանությունն ընդունելի դարձնել տարածաշրջանի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ առաջարկելով Ա-ի պատրիարքի իշխանությամբ օժտել Հռոմկլայի հայոց կաթողիկոսներին։ Այդ առաջարկը 1178-ի Հռոմկլայի ժողովում ներկայացվել է բյուզ․ եկեղեցուն, իսկ արդեն XIII դ․ մի շարք վավերագրերում Հայոց կաթողիկոսն անվանվում է նաև Ա-ի պատրիարք։

Ազատ Բոզոյան

Ա․ Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ հայտնի է նաև իր նշանավոր աստվածաբան․ դպրոցով, որը Աստվածաշնչի մեկնության մեթոդի (տես Մեկնողական գրականություն) և քրիստոսաբան․ հարցերում հակաճառությունների ու պայքարի մեջ է եղել Ալեքսանդրիայի աստվածաբան․ դպրոցի հետ։ Ի տարբերություն Ալեքսանդրյանի, Ա-ի աստվածաբան․ դպրոցը չի ունեցել հատուկ կամ պաշտոն․ ուս․ հաստատություններ․ դրա ջատագովները հաճախ շրջել են քաղաքներում և քարոզել իրենց ուսմունքը։ Չնայած Ա-ի հելլենիստ․ հարուստ անցյալին, այնուամենայնիվ անտիոքյան աստվածաբան․ ուղղության մեջ մեծ տեղ են գտել բուն սեմական պատկերացումներն ու աշխարհայացքը, հատկապես՝ ասոր․ հասարակության տեղական և պատմ․ առանձնահատկությունները։

Եթե Ալեքսանդրյան դպրոցին հատուկ էր նորպլատոնականությունը և միստիցիզմը, ապա անտիոքյան աստվածաբանությունն ուներ արիստոտելյան և պատմ․ ուղղվածություն։ Ս․ Գրքի մեկնության անտիոքյան պատմաքերական․ մեթոդը հակադրվել է ալեքսանդրյան այլաբան․ մեթոդին։ Ա-ի եկեղեցու հայրերը խուսափել են իրենց տեքստերը դժվարամատչելի հասկացություններով ու արտահայտություններով ծանրաբեռնելուց և դրանցում չեն քողարկել խորհրդավոր, առեղծվածային մտքեր։ Անտիոքացիները բառացիորեն են բացատրել Աստվածաշնչի դժվար ըմբռնելի տեղիները՝ ընթերցողին հասկանալի դարձնելու նպատակով։ Ա-ի դպրոցում գերիշխել է զգաստ, տրամաբան․ մտածողությունը։ Անտիոքյան աստվածաբանները կրոնագիտության միակ չափանիշ են համարել տրամաբանությունը, ձգտել իրենց դավան․ տեսություններն անցկացնել մաքուր տրամաբանության ճանապարհով՝ հաճախ ընկնելով չոր բանական փիլ․ (ռացիոնալիզմ) ծայրահեղությունների մեջ։ Ա-ի ուղղությունը թեև լիովին չի մերժել այլաբանությունը, սակայն գերադասել է պատմ․ մեթոդը և խստորեն քննադատել Հին և Նոր կտակարանների կամայական զուգորդումները։ Ըստ անտիոքացիների, իսկական այլաբան․ միտքը (որը կիրառել են ալեքսանդրացիները) խոսքերի մեջ չէ, այլ՝ խոսքերով արտահայտված իրականության, անձանց և դեպքերի մեջ։ Ա-ի դպրոցի մի շարք ներկայացուցիչներ (Հովհան Ոսկեբերան, Թեոդորիտ), հավատարիմ մնալով անտիոքյան մեկնաբանության սկզբունքներին, յուրացրել են նաև Ալեքսանդրյան դպրոցի լավագույն կողմերը և տվել գիտ․ մեկնությունների օրինակներ, որոնք ուղղափառ մեկնաբանության լավագույն նմուշներն են։ Այդ իմաստով նրանց աշխատություններն առ այսօր նշանակալից արժեք են ներկայացնում Սուրբ Գիրքն ուսումնասիրողների համար։ Հայ եկեղեցին, դավանության մեջ լինելով Ալեքսանդրյան դպրոցի հետևորդ, Աստվածաշնչի մեկնության մեթոդի հարցում հակվել է Ա-ի դպրոցին՝ հետևելով հատկապես Հովհան Ոսկեբերանին։

Ընդհանրական եկեղեցու պատմությունն ուղեկցվել է Ա-ի և Ալեքսանդրիայի աստվածաբան․ դպրոցների պայքարով։ Քրիստոսաբան․ տարբեր, անգամ հակադիր համակարգերը, Ա-ի և Ալեքսանդրիայի ուղղությունների բախումը հող են նախապատրաստել IV–V դդ․ դավանաբան․ մեծ վեճերի համար։ Ա-ի դպրոցի աստվածաբանները շեշտել են Քրիստոսի պատմական, մարդկային անձնավորությունը, Քրիստոսի մարդ լինելը։ Սամոսատի, այնուհետև Ա-ի եպիսկոպոս (260–270) Պողոս Սամոսատցին, որը համարվում է Ա-ի դպրոցի հիմնադիրը, քարոզում էր, որ Քրիստոսը ծնվել է իբրև մարդ և ապա լցվել Լոգոսով, այսինքն նրա մեջ աստվածության երկրորդ անձն է բնակվել և կամքի միությամբ ու սիրո մշտնջենականությամբ մեկ դարձել Աստծո հետ։ Նա ավելի բարձր է, քան մարդը, բայց աստվածացել է իր բարոյական զարգացման և