Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/66

Այս էջը սրբագրված չէ

XVII դ․ Ս․ Աստվածածին եկեղեցուն արմ-ից կից կառուցել են (քարից և աղյուսից) քառամույթ գմբեթավոր գավիթ։ 1638-ին նորոգել են Ս․ Աստվածածին եկեղեցու մուտքը։ 1651-ին վանահայր Սիմեոն վրդ․ Ապարանցին կառուցել է վանքի պանդոկը (չի պահպանվել), գրել 24 տնից բաղկացած տաղ՝ նվիրված Ա․ Ս․ Խ․ վ-ին, 1664-ին կառուցել Ապարանք գյուղի ծխական եկեղեցին։ 1762-ին վանքի եկեղեցիների գմբեթներին լույս է ճառագել, որը տևել է մի քանի օր և մեծ ուխտագնացության առիթ հանդիսացել։ XIX դ․ վանքն ունեցել է 27 արտ, ջրաղաց, ձիթհանք։ 1895-ին շրջակայքի քրդերը կողոպտել են վանքի սպասքը, ձեռագրերը, սրբությունները, քանդել Ս․ Հովհաննես Կարապետ եկեղեցու գմբեթը և վանական շինությունները։

Գրկ․ Գրիգոր Նարեկացի, Մատենագրութիւնք, Վնտ․, 1827։ Շերենց Գ․, Սրբավայրեր, Թ․, 1902։ Էփրիկյան Ս․, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ․ 1, Վնտ․, 1903։ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, հ․ 1, Վնն․, 1940։ Thierry J․ M․, Monuments armŽniens du Vaspurakan, P․, 1989․

Մուրադ Հասրաթյան

ԱՊՈՂԻՆԱՐԻԶՄ, հերետիկոսական ուսմունք, ըստ որի՝ Քրիստոսի մեջ մարդկությունը չունի բանական հոգի, և Բանն Աստված ընդամենը միավորվել է շնչավոր մարմնի հետ։ Աստվածաբան․ մտքի պատմության մեջ քրիստոսաբան․ հարցն իր ողջ սրությամբ առաջ է քաշվել այս ուսմունքով։ Հիմնադիրն է Ապողինար Լաոդիկեացին (մահ․ մոտ 392-ին), որը նախապես եղել է Նիկիական հավատի պաշտպաններից մեկը և բարձր գնահատվել մասնավորապես Աթանաս Ալեքսանդրացու և Բարսեղ Կեսարացու կողմից։

Ապողինարը փորձում էր պարզել այն հանգամանքները, որոնց դեպքում Բանի մարմնացումն իսկապես կլիներ Աստվածության և մարդկության կատարյալ միություն՝ Քրիստոսի անձի կատարյալ միակության դեպքում։ Նա ընդունում էր մեկ դեմք, մեկ անձ և մեկ բնություն հետևյալ կերպ․ Աստված և մարդ կազմեցին մեկ բնություն՝ բարդ և բաղադրյալ, և երկու կատարյալներից չի կարող կազմվել կատարյալ միություն։ Եթե Աստված կատարելապես միանար մարդու հետ՝ միտք, հոգի և մարմին ունեցող, ապա կմնար չլուծված երկվություն։ Ավելի ստույգ, եթե Բանը վերցներ մարդկային միտքը՝ ազատության և ինքնիշխանության սկիզբը, ապա Ապողինարին թվում էր, որ իսկական միացում չէր լինի, այլ կստացվեր երկու կենտրոն և երկու սկիզբ։ Ուստի մարմնավորման հիմն․ նպատակը տեղի չէր ունենա․ Աստված չէր մեռնի ինչպես մարդ, այլ ոմն մարդ կմեռներ։ Բացի այդ, մարդկային միտքը, պահպանելով իր ազատությունը և ինքնաշարժությունը, չէր կարող հոգու մեջ հաղթահարել մեղքի թթխմորը։ Դա հնարավոր էր միայն աստվածային մտքի համար։ Ըստ այդմ՝ Ապողինարը բացառում էր մարդկային էության ամբողջականությունը մարմնացյալ Բանի մեջ և պնդում, որ միտքը միացման ժամանակ չէր վերցվել, և նրա տեղը զբաղեցրել էր Բանը՝ միանալով շնչավորված մարմնի հետ։ Կատարվել է մարմնավորում և ոչ թե մարդացում։ Ապողինարը համարում էր, որ Քրիստոսի շնչավորված մարմինն անբաժանելիորեն էակցվեց և սերտաճեց Բանի հետ, որը նրա մեջ դարձավ գործունեության սկիզբ և վերափոխվեց գոյության մի նոր կերպարի՝ բաղադրյալ, մարմնավորված և աստվածային բնության միավորությամբ։

Ա․ դատապարտվել է Ալեքսանդրիայի 362-ի և մի շարք եկեղեց․ ժողովների, ինչպես նաև 381-ի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի կողմից։ Ա․ սուր քննադատության են ենթարկել եկեղեցու հայրերը։ IV դ․ 70-ական թթ․ է վերաբերում անանուն հեղինակի Ընդդէմ Ապողինարի երկհատոր գրվածքը, որը զետեղվել է Աթանաս Ալեքսանդրացու երկերում։ Նշանավոր է Բարսեղ Կեսարացու Ընդդէմ Ապողինարի հակաճառությունը։

Բան Աստծո մարդացումը, ըստ Բարսեղ Կեսարացու, երկու կատարյալ գոյացությունների միավորում է, որը նա բնորոշել է տնօրէնութեան միաւորութիւն կարևոր եզրով։ Աստված քաղցեց, ծարավեց, հոգնեց, արտասվեց, խաչվեց, չարչարվեց տնօրենության միավորությամբ և ոչ թե՝ աստվածային բնությամբ։ Նույնպես և մարդկային մարմինը, հոգին, միտքը բնությամբ մարդկային են, սակայն տնօրենության միավորությամբ՝ աստվածային, ուստի անապական են և անմեղ։ Մարդկության կատարելությունը Քրիստոսի մեջ կարևոր է փրկաբանական տեսանկյունից։ Աստված կատարելապես մարդացավ, այսինքն՝ վերցրեց մարդկային բնության ամբողջականությունը, որպեսզի մեր փրկությունը լինի կատարյալ և ամբողջական։ Եթե Քրիստոսի մարդեղությունը թերի է կամ