Ա․ Բ․ թողել է բազմաժանր գրական ժառանգություն՝ տաղեր, գանձեր, պատմ․ պոեմներ, ողբեր, ներբողներ, վկայաբանություններ ևն՝ իր ստեղծագործության մեջ ամենից առաջ կարևորելով հայ ժողովրդի ազատագրության և անկախ պետականության վերականգնման գաղափարը։ Ողբ մայրաքաղաքին Ստամպոլու պատմաքաղ․ պոեմում, գրված 1453-ին Կոստանդնուպոլսի անկման առթիվ, քրիստոնյա Բյուզ․ կայսրության փլուզումը համարում է գույժ քրիստոնյա ժողովուրդների և, մանավանդ, հայերի համար, բայց և հավատում է հաղթական գալիքին, երբ վերականգնվելու է Հայոց խորտակված գահը՝ Արշակունյաց քաղաքամայր Վաղարշապատում, կաթողիկոս․ աթոռին վերստին բազմելու են Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի շառավիղները։ Պատմութիւն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին պոեմի համար ուղեցույց-աղբյուր է եղել Ագաթանգեղոսի Հայոց պատմությունը, իսկ Ներբողեան տաղաչափական ի վերայ վարուց Մեծին Ներսէսի պոեմի համար՝ Մեսրոպ Վայոցձորեցու (X դ․) Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի երկը։ Հեղինակն այս պոեմներում դրվատում է Հայ եկեղեցին ու դավանանքը, որոնց մեջ է տեսնում ազգ․ անաղարտ դիմագծի պահպանման և Հայոց ապագա ազատության գրավականը։
Ա․ Բ․ անդրադարձել է նաև պարականոն գրականության առանձին թեմաների․ ուշագրավ է Տաղ աւետեաց պոեմը, որտեղ դրամատիզմով է պատկերել Մարիամ Աստվածածնի ծնողների՝ Հովակիմի և Աննայի կյանքի որոշ դրվագներ, կույս Մարիամի հուզումները՝ Գաբրիել հրեշտակապետի բերած աստվածային՝ կուսական հղության պատգամն ընդունելիս։ 1434-ին գրված Տաղ Յովասափու պոեմի հիմքում ընկած է Բուդդայի ավանդ․ կենսագրության քրիստ․ տարբերակներից մեկը, որը, ինչպես ենթադրվում է, սկզբնապես գրված է եղել պահլավերեն, ապա՝ թարգմանվել այլ լեզուներով․ հայերեն տարբերակը թարգմանվել է հուն-ից՝ 1048-ին։ Ա․ Բ․ արձակ վեպը վերամշակել է չափածո։ Պոեմի գործողությունը ծավալվում է հեթանոս․ պաշտամունքի կողմնակիցների և քրիստ․ կրոնի լուսակիրների միջև։ Գլխ․ հերոսը՝ Աբեներ թագավորի որդի Յովասափը, հրաժարվում է գահից ու թագից, դառնում քրիստոնյա և գնում անապատ՝ ճգնելու։ Հայրը ևս հետևում է որդու օրինակին։
Ա․ Բ-ու տաղերը հիմնականում ունեն բարոյախրատ․ բովանդակություն։
Գրկ․ Ալիշան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901, մաս 1, էջ 126։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970, էջ 441–443։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ 1106–43։ Ղազինյան Ա․, Առաքել Բաղիշեցի, Ե․, 1971։
Արշալույս Ղազինյան
ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), պատմագիր, եկեղեցական գործիչ։ Սովորել է Ս․ Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, եղել Ս․ Էջմիածնի միաբանության անդամ, ապա՝ Հովհաննավանքի առաջնորդ (1636–37)։ Որպես Ս․ Էջմիածնի նվիրակ այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արմ․ Հայաստանի տարբեր գավառներում և հանուն Մայր աթոռի զբաղվել հանգանակությամբ (1645–46)։ 1651-ին Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է Պատմութիւն (Գիրք պատմութեանց, Պատմագիրք) աշխատությունը (ընդհատումներով՝ 1651–62)։ Գրքում հանդիպում են նաև ավելի ուշ շրջանի (մինչև 1668-ը) վերաբերյալ տեղեկություններ, որոնք հետսամույծ ընդմիջարկություններ են։ Ա․ Դ․ մանրամասն և ճշմարտապատում նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտ․ ու քաղ․ կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը (1604) և դրա դառնաղետ հետևանքները։ Պատմութիւնը արժեքավոր սկզբնաղբյուր է հայկ․ գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի տեղեկություններ է հաղորդում Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ։
Ա․ Դ․ մեծ ուշադրություն է դարձրել Հայ եկեղեցու պատմության հարցերին․ մանրամասն անդրադարձել XVII դ․ 1-ին տասնամյակներին Ս․ Էջմիածնի ողբալի կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին,