Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/72

Այս էջը սրբագրված չէ

անդրադարձել Երգ երգոցին։ Զբաղվել է նաև երաժշտության տեսության և գեղագիտության հարցերով, ինչը արտացոլում է ստացել իր Մեկնութիւն քերականին երկի մի շարք հատվածներում։ Ենթադրվում է, որ Ա․ Ս-ու Ադամգիրքը ունեցել է նաև երաժշտ․ ձևավորում․ առանձին հատվածներ երգվել են տաղերի ձևով։ Ա․ Ս․ հայտնի է եղել որպես երգահան, հիմնականում՝ տաղասաց։ Նրա երկերից շատերն իրենց հաստատուն տեղն ունեն միջնադարյան ժողովածուներում՝ Գանձարաններում, Տաղարաններում և Մաշտոցում։ Տաղերից մի քանիսը հասել են մեզ իրենց մեղեդիներով և ձայնագրվել XIX դ․ վերջին։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․8, 1-ին պատկերը։

Երկ․ Լուծմունք, յաղագս Սահմանացս Դաւթի Անյաղթ փիլիսոփայի․․․, Մադրաս, 1797 (Դավիթ Անհաղթի Գիրք Սահմանաց․․․-ի հետ)։ Առաքել Սիւնեցի և իր քերթուածները, ուսումնասիրութեամբ հրտ․ Մ․ Պոտուրյան, Վնտ․, 1914։ Դրախտագիրք, հրտ․ Ն․ Տեր-Ներսեսյան, Վնտ․, 1956։ Յաղագս քերականութեան համառօտ լուծմունք, աշխատասիր․ Լ․ Խաչերյանի, Լոս Անջելես, 1982։

Գրկ․ Գապասաքալյան Գ․, Գիրք երաժշտական, ԿՊ, 1803։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Ջահուկյան Գ․, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (V–XV դդ․), Ե․, 1954։ Թահմիզյան Ն․, Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը․ V–XV դդ․, Ե․, 1985։ Մադոյան Ա․, Առաքել Սյունեցի․ Բանաստեղծը, Ե․, 1987։ Արեվշատյան Ա․, Մաշտոց ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե․, 1991, էջ 68–70։ Tchobanian A․, La Roseraie d’ArmŽnie, t․ 1, P․, 1918․

Արշակ Մադոյան

Աննա Արևշատյան

ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, շնորհ, հատկանիշ, որն առաքելական որակ է հաղորդում Քրիստոսի եկեղեցուն, օժտում շնորհաբաշխությամբ և իշխանությամբ։ Առաքելական բառը եկեղեցու որակումներից մեկն է․ նշանակում է Հիսուս Քրիստոսի առաքյալների վկայության հիմքի վրա բարձրացած եկեղեցի և, առհասարակ, առաքելական գործի շարունակությունը եկեղեց․ կյանքում։ Առաքյալ-ը հուն․  բառի հայերեն թարգմանությունն է և նշանակում է Ավետարանը քարոզելու համար ուղարկված անձ, ամենայն իշխանությամբ օժտված դեսպան։

Չորս Ավետարաններում խոսվում է տասներկու առաքյալների մասին, որոնց Հիսուսը կոչեց աշակերտներ և ․․․ նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն (Մատթ․ 10․1)։ Նրանք իրենց հրահանգներն ստացան ուղղակի Քրիստոսից, վկաները եղան նրա կատարած հրաշքներին, նրա հարությանը և համբարձմանը (Մարկ․ 16․1–20)։

Հովհաննես ավետարանիչն ավելացնում է, թե Հիսուսն իր առաքյալներին տվեց Սուրբ Հոգին և իշխանություն՝ մեղքերը կապելու և արձակելու համար (Հովհ․ 20․22–23)։ Ղուկաս ավետարանիչը հիշատակում է Հիսուսի խոսքը առաքյալներին, երբ Վերջին ընթրիքի ժամանակ նա օրհնեց և բաժանեց հացը իբրև իր մարմինը և ավելացրեց․ ․․․ այս արե՛ք իմ հիշատակի համար (Ղուկ․ 22․19)։ Այսպիսով Քրիստոսը տվեց իր աշակերտներին նախ՝ քարոզելու առաքելությունը և ապա՝ բուժելու զորությունը։ Նա վստահեց նրանց քահանայագործելու պարտականությունը՝ տալով երկու հիմն․ իշխանություն․ ա․ մեղքերի արձակման, բ․ հացն ու գինին սրբացնելու, և դրանք, իբրև Տիրոջ մարմին ու արյուն, իրենց մեղքերի արձակումը ստացած Քրիստոսի արժանավոր հետևորդներին բաշխելու համար։

Գործք առաքելոց գրքում արձանագրված են Քրիստոսի խոսքերն իր համբարձումից առաջ․ ․․․ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը (Գործք 1․8)։ Ա-յան էությունը վկայությունն է։ Երբ Քրիստոսը խոսում է իր աշակերտների հետ իր համբարձումից հետո կատարվելիք բաների մասին, նա շեշտում է վկայության առաքելությունը․ Զգուշացե՛ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում․ ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք․ քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով (Մատթ․ 10․17–20)։

Առաքյալներին տրված հիմն․ իշխանությունն էր նաև իրենց գործակից կամ հաջորդ լինելու կոչվածների ձեռնադրությունը։