Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/73

Այս էջը սրբագրված չէ

Պենտեկոստեից հետո, երբ առաքյալներն ընդունեցին Սուրբ Հոգին, նրանք զորացան Աստծո շնորհներով և իրենց առաքելությունը սկսեցին Երուսաղեմից, կազմակերպեցին նորաստեղծ քրիստոնյա համայնքները՝ նախն․ եկեղեցիները․ Հավատացյալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր (Գործք 2․44)։ Սուրբ Հոգու տվչությամբ ու ձեռնադրությամբ գերբնական զորությունն առաքյալից փոխանցվել է նրանց, ովքեր շարունակել են առաքելությունը, այսինքն՝ քրիստոնյա համայնքի՝ եկեղեցու ղեկավարությունը։

Առաքյալների՝ Ավետարանը քարոզելու հիմն․ պարտականությունը, ձեռնադրության շնորհների հետ փոխանցվել է նրանց հաջորդներին, որոնք կոչվում են սարկավագ, երեց և եպիսկոպոս։ Բանտից գրած իր նամակում Պողոս առաքյալն ամփոփում է Տիմոթեոսին հղված պատգամը․ Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա․․․ (Բ Տիմոթ․ 1․6)։ Այս է Ա․, որ շարունակվում է Քրիստոսի հիմնած եկեղեցում, Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից սկսած՝ մինչև այսօր։

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստան աշխարհում Ավետարանի քարոզիչներն են։ Թադեոսի հետևորդներից Զաքարիան ընդունել է առաքելական շնորհները և Թադեոսի նահատակությունից հետո շարունակել Ավետարանի քարոզչությունը։ Նույն առաքելությունը, Ա-յամբ տրված շնորհներով, հետագա ժամանակներում շարունակել են Հայոց հայրապետները։

Հայ եկեղեցին կոչվում է առաքելական, որովհետև․ ա․ Հայաստանի առաջին եկեղեցիները հիմնող առաքյալները ձեռնադրել են առաջին եպիսկոպոսներին։ Նրանցով ապահովվել է Ա-յան հաջորդականությունը Հայ եկեղեցում, բ․ առաքյալները քարոզել են Ավետարանը, և նրանց ուսուցումը մնացել է անաղարտ, այնպես, ինչպես ընդունվել է քրիստոնյա բոլոր եկեղեցիների և երեք տիեզերական ժողովների կողմից, գ․ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին տրված շնորհները, զորությունը և իշխանությունը Աստծո տված շնորհներն են տասներկուսին՝ Քրիստոսի ձեռքով։ Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվիր, ես նրանց տվեցի․ և նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա․ և նրանք հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ (Հովհ․ 17․7–8)։

Հայ եկեղեցին կառուցված է, ինչպես գրված է եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի թղթում՝

․․․ առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է։ Նրա վրա ներդաշնակությամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ Տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով (Եփես․ 2․20–22)։

Առաքելական է կամ Ա-յամբ օժտված է այն եկեղեցին․ 1․ որ հիմնված է մի որևէ առաքյալի ձեռքով, 2․ որի իշխանությունը առաքելական ձեռնադրության շարունակությունն է, 3․ որ պահել է առաքելական աստվածաշունչ ուսուցումը և դավանությունը՝ համաձայն Նիկիո հանգանակի, 4․ որ շարունակում է վկայել, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Որդին կենդանի Աստծո, 5․ որ շարունակում է քարոզել և մկրտել հանուն Սուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու։

Շահե արք․ Աճեմյան

ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ, աստվածային շնորհ, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան։ Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցին Ա․ մեկնաբանել է որպես ճշմարիտ և ուղղափառ հավատի արգասիք, այն հավատի, որը խոստովանում է Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Աստված։

Հին կտակարանում կան Ա-յան բազմաթիվ վկայակոչումներ, որոնք բացահայտում են նրա տարբեր դրսևորումները, ինչպես, օր․, Ա․ որպես պատվի և ճանաչման արժանի հատկանիշ (․․․ իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու առաքինի կին ես, Հռութ 3․11)։ Որոշ թարգմանություններում նշված տեղում առաքինի բառի փոխարեն գործածվել է զորավոր։ Հետևաբար, ըստ սուրբգրային մտածողության՝ առաքինին նաև զորավոր է, քանի որ զորություն ունի իշխելու առհասարակ մեղքի վրա։ Նաև՝ Ա․ որպես աստվածահաճո զարդ (Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է, Առակ․ 12․4։ Երբեմն առաքինին թարգմանվում է ժրաջան), որպես հազվագյուտ արժեք (Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից, Առակ․ 31․10) ևն։