Նորկտակարանային գրվածքներում ևս ջատագովվում է Ա․, որպես Սուրբ Հոգով վերածնված մարդու՝ կենդանի եկեղեցու՝ այսինքն՝ Հիսուս Քրիստոսի հարսի սուրբ հատկանիշներից (զարդերից) մեկը։ Պողոս առաքյալը փիլիպեցիներին հորդորում է խորհել միայն այն, ․․․ ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ․․․ (Փիլիպ․ 4․8)։ Իսկ Պետրոս առաքյալը պատգամում է․ ․․․որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը․․․, այս բանի համար իսկ ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր (Բ Պետր․ 1․4–7)։
Եկեղեցու հայրերը Ա․ բաժանել են խմբերի․ 1․ Աստվածային Ա-ներ՝ հավատ, հույս, սեր, որոնք կապվում են Հիսուս Քրիստոսի տնօրինական և փրկչական առաքելության հետ։ 2․ Ստացական Ա-ներ՝ աղոթք (իբրև հաղորդակցություն Աստծո հետ), պահք (իբրև սեփական անձի սրբացման պայմաններից մեկը), ողորմություն (իբրև մերձավորի հանդեպ սիրո դրսևորում) ևն։ 3․ Այլ Ա-ներ՝ հեզություն, աշխատասիրություն, պարկեշտություն ևն, որոնք չեզոքացնում են մեղքը։
Գրիգոր Նարեկացին (ըստ այլոց՝ Գրիգոր Սկևռացին) իր Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին (1992) երկում, օգտվելով չորս կարգի՝ աստվածաշնչական, դավան․, վարքագր․ և մարդաբան․ աղբյուրներից, Նիկիո Հավատո հանգանակով հաստատագրված Սուրբ Երրորդության պատկերը հայտածում է նաև մարդու վրա, նշելով, որ բանական հոգին եռամասնյա է՝ ունի խոսք (միտք), ցասում (սիրտ), ցանկություն (ստորին որովայն, երիկամներ), և սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ Ա․՝ Բանականի առաքինութիւնը խոհականութիւնն է, ցասմնականինը՝ արիութիւնը, իսկ ցանկականինը՝ ողջախոհութիւնը (նույն տեղում, էջ 22)։ Ա․ ծագում է անձի մեջ այն ժամանակ, երբ արարչական կարգավորության համաձայն, իբր վեհ և նախադաս, իրենից ցածր եղողների՝ ցասմնականի կամ ցանկականի վրա իշխում է բանականը՝ գլուխը, և ընդհակառակը՝ Ա․ կորչում է, երբ խառնակվում է այս կարգավորությունը։
Վերլուծելով Պողոս առաքյալի՝ Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու․․․ Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի․․․ (Ա Կորնթ․ 3․10–12) խոսքերը, Գրիգոր Նարեկացին դրանք համարում է այլաբանություններ․ ․․․ ոսկին խոհական իմաստութիւնն է, արծաթը՝ բանական առաքինութիւնը, թանկարժեք քարերը՝ պէս-պէս ու զանազան բարեգործութիւնները։ Իսկ փայտը, խոտն ու եղէգը չարագործութիւնն են ցույց տալիս (Խօսք ճշմարիտ հաւատքի․․․, էջ 21)։
Գրիգոր Տաթևացին, խոսելով Ա-ների մասին, ասում է․ ․․․ երեք լույսերով, այսինքն՝ բանականից, գրավոր օրենքներից և Ավետարանի շնորհներից հեղված լույսերով մեր մեջ հաստատվում են աստվածային երեք առաքինությունները՝ Հավատքը, Հույսը և Սերը (Ոսկեփորիկ, 1995, գլ․ ԽԹ, էջ 247)։ Ընդ որում, Գրիգոր Տաթևացին նույնպես, հետևելով մարդու (անձի) եռամասնյա կառուցվածքի (բանական-ցասմնական-ցանկական) երրորդաբանական տեսությանը, երեք Ա-ներից՝ հավատը վերագրում է բանականին, հույսը՝ ցասմնականին և սերը՝ ցանկականին։
Լևոն Սարգսյան
ԱՌԱՔՅԱԼՆԵՐ (հուն․ – առաքյալ՝ ուղարկված, պատգամավոր), Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկվածներ՝ քարոզելու բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա։
Ս․ Գրքում առկա են առաքելության բազում և տարբեր օրինակներ, ինչպես՝ մարգարեների առաքումը՝ որևէ հանձնարարությամբ, կամ Գաբրիել հրեշտակապետի առաքումը Մարիամ Աստվածածնի մոտ, Հովհաննես Մկրտչի առաքումը Հիսուսի առջևից՝ մարդկանց համար նախապես ապաշխարության ճանապարհը բացելու ևն։ Աստծո գերագույն առաքյալը, սակայն, Աստծո Որդին էր՝ Հիսուս Քրիստոսը, ․․․որին Աստված ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հավատի, որ խոստովանում ենք մենք (Եբր․ 3․1)։