ի տարբերություն Հակոբոս Ավագ առաքյալի։ Հակոբոս Ալփյանը սուրբ էր ծննդյան իսկ օրից, և այդ պատճառով միայն նրան է թույլատրվել մտնել Երուսաղեմի տաճարի սրբարանը՝ ժողովրդի համար Աստծուն աղոթելու։ Եղել է Երուսաղեմի Մայր եկեղեցու առաջին եպիսկոպոսը։ Քարոզել է Եգիպտոսում և Պաղեստինում, նահատակվել 63-ին՝ քարոզելիս (վայր են նետել Երուսաղեմի տաճարի տանիքից)։ Հակոբոսի անունով առկա է մեկ Ընդհանրական թուղթ։ Նրա անունով է ավանդված նաև ս․ Պատարագի տեքստը։ Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ Շմավոն (Սիմոն) առաքյալի հետ։
Մատթեոս առաքյալը եվ ավետարանիչը նախապես եղել է մաքսավոր հայրենի քաղաքում՝ Կափառնայումում։ Նրա հրեական անունն էր Ղևի կամ Լևի, որդին էր Ալփեոսի, որի համար էլ կոչվել է Ղևի Ալփյան։ Հիսուսը նրան կանչեց հետևելու իրեն, երբ նա մաքսատանը գործի վրա էր։ Նա անմիջապես թողեց գործը և հնազանդվեց Տիրոջը (Մատթ․ 9․9–13, Մարկ․ 2․13–17, Ղուկ․ 5․27–32)։ Ղևին վերանվանվել է Մատթեոս, որը նշանակում է պարգև։ Նա իր տանը մեծ ընդունելություն է ցույց տվել Հիսուսին ու նրա աշակերտներին, հրավիրելով նաև պաշտոնակիցների՝ մաքսավորների, հարկահավաքների։ Փարիսեցիներն ու դպիրները մեղադրել են Հիսուսին, թե ինչո՛ւ է նա մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստել։ Այստեղ է Հիսուսը տվել իր նշանավոր պատասխանը, թե՝ Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին, և թե՝ ․․․ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ․․․ (Մատթ․ 9․11–13)։ Մատթեոս առաքյալը Տիրոջ խոսքը քարոզել է պաղեստինյան հրեաներին, ապա մեկնել Աֆրիկա, քարոզել և, ըստ ավանդության, մեծ չարչարանքների ենթարկվելով, նահատակվել Եթովպիայում։ Մատթեոս առաքյալը հեղինակ է Նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոսի Ավետարանի։
Հայ եկեղեցին Մատթեոս առաքյալի ու ավետարանչի հիշատակը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ ս․ Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը։
Թովմաս առաքյալը, Երկվորյակը (հուն․ Դիդիմոս՝ երկվորյակ․ ավանդության համաձայն՝ այդպես է կոչվել Թադեոսի կամ մեկ այլ աշակերտի եղբայրը լինելու պատճառով) Գալիլիայից էր։ Նրա մասին ակնարկված է երեք Ավետարաններում (Մատթ․ 10․1–4, Մարկ․ 3․13–19, Ղուկ․ 6․12–16), իսկ Հովհաննեսի Ավետարանում հիշատակվում է Ղազարոսին հարություն տալու առնչությամբ, երբ Հիսուսն աշակերտներին առաջարկել է գնալ Բեթանիա՝ մեռած Ղազարոսին արթնացնելու։ Այս անձնուրաց և Հիսուսին մինչև մահ հետևելու պատրաստ Թովմասը, սակայն, թերհավատություն ցուցաբերեց հարուցյալ Հիսուսի նկատմամբ և մինչև իր աչքով չտեսավ Հիսուսին մարմնով հարություն առած, չհավատաց, բայց և տեսնելուց հետո ասաց․ ․․․ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ (Հովհ․ 20․24–29)։ Քարոզել է Սիրիայում, Պարսկաստանում և Հնդկաստանում, որտեղ և նահատակվել է՝ աղոթքի ժամանակ նետահարվելով (ավանդություն)։ Ցայսօր էլ Արլ․ Հնդկաստանում կան իրենց Թովմաս առաքյալի քրիստոնյաներ կոչող հավատացյալներ։ Գերեզմանը ցույց է տրվում Մադրաս քաղաքի մոտ։
Հայ եկեղեցին Թովմաս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը։
Սիմոն կամ Շմավոն առաքյալ՝ Նախանձահույզ կոչված (հավանաբար՝ Նախանձահույզների շարժմանը հարած լինելու պատճառով)։ Կանա քաղաքից էր։ Անվանվել է նաև Սիմոն Կանանացի։ Ըստ Հույն եկեղեցու ավանդության՝ նա էր Կանայի հարսանիքի փեսան։ Հարսանիքին Աստվածամոր հետ ներկա է եղել Հիսուսը և գործել առաջին հրաշքը՝ ջուրը վերածելով գինու (Հովհ․ 2․)։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ նա քարոզել է Աֆրիկայում, Մեծ Բրիտանիայում, Պարսկաստանում, որտեղ և նահատակվել է խաչի մահվամբ։
Հայ եկեղեցին Սիմոն կամ Շմավոն առաքյալի հիշատակը տոնում է Հակոբոս առաքյալի հետ՝ Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։
Հուդա Իսկարիովտացին իր սուրբ կոչումից ընկավ և առաքյալ չկոչվեց, այլ՝ մատնիչ և դավաճան։ Նա ընտրված էր և շրջում էր Հիսուսի աշակերտների հետ՝ պահելով նվիրատվությունների համար նախատեսված գանձարկղը։ Նրա մասին մատնության գիշերը Հիսուսն ասաց․ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է (Հովհ․ 13․21)։ Հուդան 30 արծաթով մատնել է Հիսուսին անհավատ հրեաների ձեռքը (Մատթ․ 26․47–56, Մարկ․ 14․43–50, Ղուկ․ 22․47–53,