Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/79

Այս էջը սրբագրված է

 Կենտրոնից) մերձ կամ հեռու լինելով, կարծես խորհրդանշում են երկնային ու տիեզերական իրողություններ։

Յոթանասնից առաջ սրբերի առանձին խումբ են նկատվում Բեթղեհեմի մանուկները։ Գործքում և առաքելական թղթերում հիշատակվում են առաքելություն ունեցող այլ անձինք ևս (Բառնաբաս, Շիղա և ուր․)։ Ավետարաններում առկա են և ակնարկվում են նաև այլ խմբեր ու առանձին անձեր, որոնց անունները և գործունեությունը գաղտնի են (լրիվ կամ մասամբ)։ Դրանցից մեկն է մեծահարուստ Հովսեփ Արիմաթացին՝ Հիսուսի ծածուկ աշակերտներից մեկը, որը երևում է միայն Հիսուսին խաչից իջեցնելու ու թաղելու ժամանակ (Մատթ․ 27․57–58, Մարկ․ 15․42–43, Ղուկ․ 23․50–53, Հովհ․ 19․38)։ Ավետարաններում առկա են նաև այլ խորհրդավոր դրվագներ ու անձեր (ինչպես, օրինակ, զատկական ընթրիքի համար իր վերնատունը տրամադրող անձը), որոնք ունեցել են աստվածային որոշակի պատվեր և որոշակի առաքելություն։

Հայ եկեղեցին Յոթանասնից հիշատակը նշում է ս․ Խաչվերացի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը։

Տես նաև Առաքելականություն հոդվածը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․8, 2–4-րդ և ներդիր II-ում, 2․1, 1-ին պատկերները։

Լևոն Սարգսյան


ԱՍՈՂԻԿ, տես Ստեփանոս Տարոնեցի։


ԱՍՈՐԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ, Սիրիական ուղղափառ եկեղեցի, Հակոբիկյան եկեղեցի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից։ Ա․ու․ե-ու գլուխն է պատրիարքը (կոչվում է Անտիոքի պատրիարք), նստավայրը՝ 1959-ից Դամասկոսում (Սիրիա)։

Քրիստոնեությունն ասորախոս (արամեախոս) աշխարհում տարածվել է առաքելական ժամանակներից, իսկ ասոր․ եկեղեցին սկիզբ է առել Անտիոքի վաղ քրիստ․ համայնքից, ինչը հիշատակված է Գործք առաքելոցում։ Այստեղ գործել են Բառնաբաս, Պողոս և Պետրոս առաքյալները։ Անտիոքի եկեղեցու հիմնադիր է համարվում Պողոս առաքյալը։ Անտիոքից քրիստոնեությունը տարածվել է դեպի Արևելք։ Ասորի քրիստոնյաները քարոզել են Եդեսիայում (Օսրոյենե), Ադիաբենեում, Միջագետքում, արաբներին՝ Պարսկական ծոցում, հասել մինչև Ցեյլոն (Շրի Լանկա), Հնդկաստան և Չինաստան։ Ասորախոս քրիստոնյա բնակչությունը բաժանված է եղել Հռոմ․ կայսրության և Պարսկաստանի միջև։ Պարսից արքա Շապուհ I-ի (243–273) տեղահանումների հետևանքով քրիստոնյա ասորիները Անտիոքի շրջանից հաստատվել են նաև Պարսկաստանում։ Այդ ժամանակվանից սկսած Պարսկաստանում գոյություն են ունեցել երկու քրիստ․ ասոր․ համայնքներ՝ արամեախոս և հունախոս։ IV դ․ սկզբին ձևավորվել է պարսկ․ եկեղեցու նվիրապետությունը՝ Տիզբոնի կաթողիկոսի գլխավորությամբ։ Խուսափելով Պարսից Շապուհ II թագավորի (310–380) հալածանքներից՝ քրիստոնյաներից շատերը հաստատվել են Հռոմ․ կայսրության սահմաններում։ 363-ին, երբ պարսիկները գրավել են Մծբինը, քրիստոնյա ասորիները Եփրեմ Ասորու գլխավորությամբ տեղափոխվել են Եդեսիա։ Մծբինը և Եդեսիան իրենց նշանավոր դպրոցներով եղել են ասոր․ քրիստոնեության հոգևոր կենտրոններ։

410-ին Սելևկիայի ժողովն ընդունել է Նիկիայի Հավատո հանգանակը և եպիսկոպոս․ ձեռնադրման կանոնները։ Պարսկաստանի ասորիները, ձգտելով ձերբազատվել բյուզանդամետության մեղադրանքներից և խուսափել հալածանքներից, 424-ի Մարկաբդայի ժողովում հայտարարել են Պարսից ասոր․ եկեղեցու անկախությունը բյուզ․ եկեղեցուց։ Այս ձևով Պարսկաստանի ասորիները սկսել են հեռանալ Հռոմ․ կայսրության ասորիներից, իսկ Տիզբոնի կաթողիկոսը համարվել է Պարսից Արևելյան ասոր․ եկեղեցու գլուխ։ Հաղորդակցությունը Անտիոքի և այլ ավանդ․ կենտրոնների հետ թուլացել է։ 431-ի Եփեսոսի Գ տիեզերական ժողովում Նեստորի դատապարտությունից հետո նրա հետևորդները, հալածվելով Բյուզ․ կայսրությունից, ապաստան են գտել Պարսկաստանում և որպես Բյուզանդիայի հակակշիռ հովանավորվելով Պարսից արքունիքի կողմից՝ ամրապնդել իրենց դիրքերը երկրում։ 484-ին Բեթ Լափաթի ժողովը դատապարտել է Եփեսոսի տիեզերաժողովի որոշումները, իսկ 499-ին Սելևկիայի ժողովում նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոն․ դավանանք։

Քաղկեդոնի ժողովը նոր պառակտումներ է առաջ բերել քրիստոնյա, հատկապես՝ կայսրության տարածքում բնակվող ասորիների միջև։ VI դ․ Պարսից նեստոր․ եկեղեցուն զուգահեռ