Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/82

Այս էջը սրբագրված է

 միասնական մոտեցում։ Ասոր․ եկեղեցու հայրերից մի քանիսը (Հակոբ Մծբնացի, Եփրեմ Ասորի ևն), որոնք իրենց գործունեությամբ և մատենագր․ վաստակով առնչվել են հայ իրականության հետ, դասվել են Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը։ Եփրեմ Ասորին Հայ եկեղեցու «երկոտասան վարդապետներից» է, համաքրիստ․ սուրբ հայրերից (տես Եկեղեցու հայրեր)։ Հայ-ասոր․ եկեղեց․, մշակութ․ առնչությունների լավագույն հետազոտողը եղել է Ե․ Տեր-Մինասյանը։

Գրկ․ Տեր-Մինասյան Ե․, Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908։ Մելքոնյան Հ․, Հայ-ասորական հարաբերությունների պատմությունից (III–V դդ․), Ե․, 1970։ Roey A․, Les débuts de l’Eglise Jacobite, v․ 2, Würzburg, 1953; Roberson R․, The Eastern Christian Churches, Rome, 1995․

Իգոր Դորֆման


ԱՍՊԻՍԱԿԻ Ս․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառում, Արճեշ քաղաքից հյուսիս, Ասպիսակ և Հարություն գյուղերի միջև, Մեծոփավանքից ոչ հեռու, բարձրադիր վայրում։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։ Ըստ տաճարի արձանագրության՝ վանքը վերակառուցվել է 1256–65-ին, անեցի մեծահարուստ Ավետենց Սահմադինի նվիրատվությամբ։ Ա․ Ս․ Ա․ վ․ եղել է գրչության կենտրոն (գործել է XIII–XIV դդ․), հիմնադրել է Քաջբերունիքի տեսուչ տեր Աբրահամը։ Մեզ հասած առաջին ձեռագիրն ընդօրինակվել է 1281-ին, Հովսեփի ձեռքով (Բրիտանական թանգարան, ձեռ․ № 2670)։ Երևանի Մատենադարանում պահվում է նույն գրչի 1299-ին արտագրած Աստվածաշունչը (ձեռ․ № 193)։ Նշանավոր գրիչներից էր Ղազարը (եղել է նաև ծաղկող)։ Գրչության արվեստն այդտեղ առավել զարգացման է հասել XIV դ․ սկզբին, երբ վանքի առաջնորդ է կարգվել Գլաձորի համալսարանն ավարտած Ստեփանոսը։ Նրա օրոք էլ վանքի մատենադարանը հարստացել է հին գրքերի ընդօրինակություններով։

Գրկ․ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, մաս 2, Վնն․, 1942։


ԱՍՊՈՒՐԱԿԵՍ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ (ծ․ թ․ անհտ, Մանազկերտ – 386, Մանազկերտ), Ամենայն հայոց կաթողիկոս 381-ից։ Հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցուն։ Սերում է Աղբիանոսյանների տոհմից։ Պայքարել է Հռոմ․ կայսրության քաղ․ խարդավանքների դեմ, աջակցել Հայոց թագավոր Խոսրով Գ-ին, աշխատել քաղ․ ասպարեզից մեկուսացնել Հայաստանի արմ․ մասում թագավորող և Հռոմ․ կայսրությանը գործակցող Արշակ Գ-ին։ Ա․ Ա Մ-ու ջանքերի շնորհիվ Հայաստանի՝ բյուզ․ ազդեցության ներքո գտնվող արմ․ մասում նոր հոգևոր առաջնորդ չի նշանակվել, և Հայոց կաթողիկոս․ աթոռը պահպանել է իր համահայկ․ նշանակությունը։

Կաթողիկոս․ գահին Ա․ Ա Մ-ուն հաջորդել է Սահակ Ա Պարթևը։


ԱՍՏԱՊԱՏԻ Ս․ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ՎԱՆՔ, Խնդրակատար Ս․ Ստեփանոս, Քարատակի Կարմիր վանք, Նախիջևան քաղաքից հարավ, Արաքս գետի ձախ ափին, ապառաժոտ բլրի գագաթին։ Առաջին անգամ հիշատակվում է 976-ին՝ Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի կոնդակում, նույն թվականին խաչքար է ագուցվել եկեղեցու դռան աջակողմում։ Անընդմեջ գործել է մինչև ուշ միջնադար․ այդ են վկայում վանքի պատերին դրված XIII–XV դդ․ խաչքարերը։ Ավերվել է Պարսից շահ Աբբասի ասպատակությունից։ Հիմնովին վերակառուցվել է XVII դ․ սկզբին՝ Պողոս Մոկացի վարդապետի և նույն դարի երրորդ քառորդին՝ Աստապատի վանքի Հակոբ վարդապետի ջանքերով։ 1697–1706-ին վանքի առաջնորդ Հովսեփ վարդապետը նորոգել է պարիսպը և կառուցել արմ․ կողմի շինությունները։ XIX դ․ սկզբին Պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան քանդել է արլ․ պարիսպը լրիվ և հարավայինը՝ մինչև դարպասը՝ քարերն օգտագործելով իր կառուցած Աբասապատ ամրոցի խանդակը շինելու համար։ 1831-ին Նիկողայոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցու հիմնապատերը, սակայն 1840-ի երկրաշարժից քանդվել են գավթի զանգակատունը, ձիթհանն ու ջրաղացը, խարխլվել են պարիսպն ու բնակելի սենյակները։ Վերստին նորոգել է Հովակիմ եպիսկոպոսը 1870-ական թթ․։ Վանքի մոտավորապես ուղղանկյուն պարիսպներով շրջափակված բակում բարձրանում են մեկ զույգ մույթով գմբեթավոր Ս․ Ստեփանոս եկեղեցին և նրան արմ-ից կից գավիթը (աղյուսաշեն գմբեթը և եկեղեցու ծածկը քանդվել են 1970-ական թթ․)։

Եկեղեցին 1859–60-ին զարդարվել է բարձրարվեստ որմնանկարներով, որոնք համապատասխան մակագրություններով պատկերում են