Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/84

Այս էջը սրբագրված է



    1. սրբվի։ Նա խոստանում է ուղարկել Մեսիային, որը կփրկի ընտրյալ ժողովրդին իր մեղքերից և կարժանացնի հավիտենական կյանքի։

Նոր կտակարանը աստվածային փրկարար խոստումի իրականացման պատմությունն է, որը սկսվում է Բեթղեհեմում Հիսուսի հրաշափառ ծննդով։ Նա կոչվում է «Օծյալ Տեր»։ Հիսուսի մասին եղած մարգարեությունը կոչում է նրան «Որդի Բարձրյալի»։ Նրա մկրտության պահին Ա․ խոսում է և կոչում նրան «սիրելի Որդի», և Աստծո Հոգին աղավնակերպ իջնում է երկնքից։ Միակ Ա․ հայտնվում է իր երեք անձերով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։

Հին ուխտի մեջ Ա․ միայն իր ժողովրդի Հայրն է։ Նոր ուխտի մեջ նա Հայրն է բոլոր նրանց, ովքեր դավանում են Քրիստոսին՝ «Որդի կենդանի Աստծո»։ «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ․․․»(Հովհ․ 1․12)։ Ա․ շնորհում է իր Հոգին նրանց, ովքեր կատարում են իր կամքը։

Նոր ուխտի օրենքը սերն է․ «Սիրել Աստծուն ամբողջ սրտով և սիրել ընկերոջդ քո անձի պես», որովհետև «Նախ Աստուած սիրեց մեզ»։ Սիրով Աստծուն կապված հավատացյալի սիրտը «տաճար է Սուրբ Հոգու»։

Հունարեն գրված Ավետարանների մեջ Ա․ կոչված է «Տեր» կամ «Տեր Աստված», Քրիստոս կոչված է «Բանն Աստված», և Սուրբ Հոգին՝ «Տիրոջ Հոգի»։

Հայ եկեղեցու Լուսավորիչը՝ Ս․ Գրիգորը, ամփոփել է Սուրբ Երրորդության հավատն իր նշանավոր վկայությամբ․ «Իսկ մենք պիտի փառավորենք նրան, որ հավիտյանից առաջ է, երկրպագելով Ս․ Երրորդությանը և մեկ Աստվածությանը, Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն»։

Տես նաև Հիսուս Քրիստոս։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․2, 1-ին պատկերը։

Շահե արք․ Աճեմյան


##

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ-ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, եկեղեցական գրականության տեսակ․ ամփոփում է եկեղեցու տեսական, վարդապետական սկզբունքները պարունակող երկերը, որոնց նպատակն է ուժեղացնել եկեղեցու գաղափարական դիրքերը, արթուն պահել հոգևոր, ազգային ինքնագիտակցությունը։ Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակվելուց (301) հետո հեթանոսության դեմ մղվող պայքարի գաղափար․ զենք է դարձել ջատագովական գրականությունը (տես Ջատագովություն), որն ընդգրկել է նաև քրիստոնեության առաջին դարերում ծագած աղանդավոր․ գաղափարների քննադատությունը։ Այդպիսի երկերից են «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթևի, դարձեալ հարցումն եւ պատասխանիք նորա», «Երանելւոյն Մեսրոպայ հայոց վարդապետի [Խաւսք ընդդէմ հմայից]», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը, իսկ ավելի ուշ (XIII դ․)՝ նաև «Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց» աշխատությունը։ Հայ Ա-դ․ գ-յան վաղ նմուշներից են Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք»-ը և Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ի երկրորդ՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» գիրքը։ Հեթանոսության դեմ պայքարին նպաստել են նաև թարգման․ երկերը։ Այդպիսիներից են Արիստիդես Աթենացու «Ջատագովութիւնը» (հրտ․ 1878), հույն և ասորի եկեղեց․ հայրերի երկերի հայերեն թարգմանությունները։

Վաղ շրջանի Ա-դ․ գ-յան մեջ առկա քննադատ․ տարրի զարգացմամբ հանդես է եկել դավանաբան-հակաճառ․ ժանրը։ Քաղկեդոնի ժողովին հաջորդած շրջանում, հատկապես Դվինի 506-ի ժողովից հետո (տես Դվինի եկեղեցական ժողովներ) ստեղծված եկեղեցաքաղ․ իրավիճակում, երբ Բյուզանդիան և Հռոմն ամեն կերպ փորձում էին իրենց ենթարկել անկախությունը կորցրած Հայաստանի պետ․ լծակներն իր ձեռքում պահող Հայ եկեղեցին, սկիզբ են առել դավան․ բուռն վեճեր քաղկեդոնականների կամ երկաբնակների հետ՝ ի պաշտպանություն հակաքաղկեդոն․ վարդապետության։ Հայ եկեղեցին իր հստակ դիրքորոշումն է ունեցել Քաղկեդոնի ժողովին հաջորդած քրիստոսաբան․ վեճերի, Քրիստոսի բնության, կամքի, ներգործության, Տիրոջ մարմնի ապականացու թե անապական (տես Անապականություն) լինելու վերաբերյալ հակոտնյա տեսությունների, պատկերապաշտության թե պատկերամարտության, միութենական թե հակամիութենական գաղափարների հանդեպ։ Այդ ընթացքում որոշվել և ճշտվել են հայադավան ուղղափառության սահմանները։ Դավան․ ասպարեզում Հույն և Հռոմի եկեղեցիների դեմ Հայ եկեղեցու դարեր շարունակ մղած պայքարի արգասիքն են բազմաքանակ ինքնուրույն և թարգման․ աստվա-